Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետի ծրագրերը չիրականացան

Օգոստոս 23,2006 00:00

Օրեցօր Արթիկը դատարկվում է

Արթիկ քաղաքի հատակագիծը կազմելիս ճարտարապետ Ա. Միրիջանյանը հաշվարկել էր, որ 2010թ. Արթիկի բնակչությունն այնքան է ավելանալու, որ անհրաժեշտություն է առաջանալու քաղաքի սահմաններն ընդլայնել: Այդ ժամկետին մնացել է ընդամենը 4 տարի, սակայն Արթիկը մարդաշատ դառնալու փոխարեն մարդազրկվել է: Եթե ցանկանաս փողոցում որեւէ մեկից հարց ճշտել՝ ստիպված ես սպասել կամ մոտ 5 րոպե քայլել, որ մի անցորդ հանդիպի:

Քաղաքում ամենամարդաշատը խանութ-կրպակներին հարող տարածքն է: Արթիկում էլ այն մարդիկ են քիչ թե շատ կարողանում առօրյա հոգսերը հոգալ, ընտանիքի գոյությունը պահել, ովքեր առեւտրով են զբաղվում: Պտուղ-բանջարեղեն վաճառող Հովհաննես Վարդանյանին ծանոթ, բարեկամ հաճախորդները «նիսյայով» վերցրած ապրանքի դիմաց պարտք են մոտ 200 հազար դրամ. «Կնոջս հետ գիշեր-ցերեկ աշխատում ենք, որ ընտանիքի հոգսերը հոգանք, ուրիշ ճար չկա: Աշխատում ենք ոչինչ չթափել: Ինչը չի վաճառվում՝ պահածոյացնում ենք կամ ստիպված «նիսյայով» տալիս»: Վաճառողների խոսքերով, պատահում է, որ մեկ պարկ կարտոֆիլ վաճառելիս 10-15 հազար դրամ եկամուտ են ստանում, բայց «պատահում էլ է, որ սնունդը չի վաճառվում եւ մեր վրա է մնում: Այդպիսի մի չհաջողված գործի արդյունքում մի քանի օրվա օգուտը կորցնում ենք»: Մեկ ուրիշ կրպակատիրոջ պարտքացուցակն ավելի մեծ էր՝ մոտ 480 հազար դրամ:

Արթիկցիները հիմնականում դժգոհում էին քաղաքի անբարեկարգ փողոցներից. «Մի մեքենա որ կանցնե, աշխարհի փոշին կբարձրանա, եւ այդ փոշին կուլ կուտանք: Արածները մի բան չէ, գոնե ճամփեքը ասֆալտեն»: Փողոցների մի մասն էլ ջրագծերի անցկացման պատճառով խրամատների է վերածվել: Մարդիկ իրենց ուզած վայրը հասնելու համար ճանապարհը մի քանի անգամ փոխում են, որպեսզի չհայտնվեն փոսերում:

Քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում, որտեղ գտնվում է քարուքանդ կինոթատրոնը, շենքը վերանորոգելու փոխարեն դիմացի աստիճաններն էին կարգի բերում: Դրանք, հավանաբար, առաջիկա ընտրություններին ծառայելու են կուսակցություններին՝ նախընտրական քարոզչությունը կազմակերպելու համար: Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա, դատելով ցուցանակների սակավությունից, կարելի է ասել, որ դրանք չեն շտապում այստեղ ակտիվանալ: Միայն «Դաշինք» կուսակցության ցուցանակն էր հպարտորեն բազմել շենքերից մեկի ճակատին:

Փորձեցինք պարզել նաեւ, թե արթիկցիներն ինչպես են նախապատրաստվում առաջիկա խորհրդարանական ընտրություններին. «Ո՞ւմ են պետք էդ ընտրությունները, եթե ամեն ընտրությունից հետո վիճակն ավելի ա վատանում: Մարդիկ փախնում են էս երկրից: Չնայած դրսում էլ յուղ ու մեղր չեն բաժանում, բայց գոնե օրենքը նագլի-նագլի չեն խախտում»,- ասում է գործազուրկ Արիստակեսը: 60-ամյա տիկին Անուշն էլ հույս հայտնեց, որ «ընտրությունների պատվին գուցե փողոցները ասֆալտապատեն»:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել