Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ «ՄՈՆՈՒՄԵՆՏԻՆ»

Օգոստոս 23,2006 00:00

Շուտով «Մայր Հայաստան» արձանը կշրջապատվի բարձրահարկ շենքերով

Օրերս Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը էլիտար բնակարանաշինությամբ զբաղվել ցանկացող բիզնեսմեններին հիասթափեցրեց, հայտնելով, որ մայրաքաղաքի կենտրոնում շինարարություն անելու համար ազատ տարածքներ չկան եւ կենտրոնն այլեւս չի կարող քաղաքաշինական ֆունկցիաներ իր վրա վերցնել: Թերեւս սա է պատճառը, որ քաղաքային իշխանությունները արդեն «էլիտար» շենքեր, օբյեկտներ կառուցելու համար բլուրների վրա են հողհատկացումներ անում՝ առանց հաշվի առնելու, թե դա բնապահպանական առումով ինչ հետեւանքներ կարող է ունենալ:

Բանն այն է, որ այժմ էլ վաճառքի են հանվել «Հաղթանակ» զբոսայգու հողակտորները, ընդ որում, որպես առավելություն՝ վաճառողները տարածքի համար տված հայտարարության մեջ նշում են, որ հողակտորը գտնվում է «Մայր Հայաստան» արձանի անմիջապես հարեւանությամբ: Ներկայանալով որպես գնորդ, փորձեցինք բրոքերից պարզել այդ հասցեում հողամաս ձեռք բերելու պայմանները: Պարզվեց, ընդհանուր առմամբ, Մոնումենտի մեծ եւ փոքր այգիներում վաճառքի է հանվել 14 հազար 300 քմ, որից 4300 քմ-ն նախատեսված է ճանապարհների եւ բարեկարգման աշխատանքների համար: Բացի այն, որ այդ հողակտորներն արդեն հասցրել են ձեռքից ձեռք անցնել եւ ունեցել են մի քանի սեփականատեր, դրանք այժմ վաճառվում են բնակհամալիրներ, «էլիտար» շենքեր կառուցելու շինթույլտվությամբ: Մեր հարցին, թե պարտադի՞ր է, որ գնված տարածքում բնակելի շենք կառուցենք, բրոքերը պատասխանեց. «Պետությունը շահագրգռված է, որ գնորդներն այնտեղ շենքեր կառուցեն»:

Թե ինչու է պետությունը շահագրգռված Մոնումենտում բնակարանաշինության համար՝ հասկանալի է, որովհետեւ շահ ունի: Սակայն ոչ մասնագետ լինելով էլ ակնհայտ է, որ «Մայր Հայաստան» արձանի հարեւանությամբ՝ զառիվայրում, շենք կառուցելն ընդհանրապես «աբսուրդ» է եւ աննպատակահարմար:

Նկատենք, որ Մոնումենտի այդ տարածքում մի քանի տարի առաջ փարթամ այգիներ են եղել: Ծառերը հատվել են մութ ու ցուրտ տարիներին, ինչի հետեւանքով էլ այգու այդ հատվածում բնապահպանական հաշվեկշիռը խախտվել է, եւ հողատարածքը տարիների ընթացքում ինքնըստինքյան կվերածվի սողանքային գոտու: «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նույնպես հաստատեց, որ նշյալ հողատարածքներում բնակելի շենքեր կառուցելն աղետաբեր է. «Այսօր իրավիճակն անկառավարելի է: Մոնումենտում աճուրդի հանված հողակտորների համար մենք բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին՝ դատախազությանը, սակայն ՀՀ իշխանությունները, ոտնահարելով մեր երկրում գործող բոլոր օրենքները, այդ տարածքները դրեցին կառուցապատման գոտու տակ»:

Ըստ բնապահպանի, ծառահատումների հետեւանքով բնության մեջ նյութափոխանակության շղթան խախտվել է. «Այդ բնապահպանական գոտիների կարեւորությունն այն է, որ կասեցնում են սողանքների առաջացումը, ջրերի հոսքը բնակավայրեր, էլ չենք խոսում թթվածնի ու էկոլոգիայի մաքրության մասին: Փաստորեն, այդ տարածքները դառնում են բնակավայրեր, որոնք կարող են աղետաբեր սողանքների ու ջրհեղեղների առիթ հանդիսանալ եւ վնասել բնապահպանությանն ու մարդկանց կենսագործունեությանը»:

Այս առնչությամբ, քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Մաքսապետյանը հրաժարվեց որեւէ պարզաբանում տալ, պատճառաբանելով՝ «Եթե հարցին տեղյակ լինեի, սիրով կպատասխանեի: Երբ կունենանք նոր վարչության պետ, մասնագիտական գնահատականները նրանից կստանաք»:

Ի դեպ, մայրաքաղաքի այդ հատվածում հողի 1 քմ-ն վաճառվում է $150:

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել