Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ օրենսդրությանը չի համապատասխանում»

Օգոստոս 23,2006 00:00

Այս եզրակացությունն է տվել ԱԺ իրավաբանական ծառայությունը պետական ծառայողներին զբաղեցրած պաշտոնից ազատելու նպատակով ԱԺ աշխատակազմում շրջանառության մեջ դրված ծանուցմանը:

Ըստ այս եզրակացության՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հ. Քոթանյանի կողմից ստորագրված 31.07. 2006թ. ծանուցման մեջ նշված է,որ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողը, «Աշխատանքային օրենսգրքի» 115 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2 ամիս առաջ ծանուցվում է ԱԺ աշխատակազմում կատարված կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված հաստիքների կրճատման կապակցությամբ իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին: Սակայն պետք է նշել, որ «Աշխատանքային օրենսգրքի» 115 հոդվածի վերոհիշյալ 1-ին մասը գործատուի կողմից աշխատողին 2 ամիս առաջ ծանուցելու պարտականություն է նախատեսում նույն օրենսգրքի 113 հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով սահմանված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերի առկայության պայմաններում միայն: Իսկ «Աշխատանքային օրենսգրքի» 113 հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերը ԱԺ աշխատակազմի հաստիքների կրճատումը չեն նախատեսում որպես գործատուի եւ աշխատողի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման հիմք:

Պահպանված չէ «Աշխատանքային օրենսգրքի» 115 հոդվածի 3-րդ կետի պահանջը, որի համաձայն՝ ծանուցման մեջ պետք է նշվեն աշխատանքից ազատելու հիմքը եւ պատճառը: Եթե համարենք, որ այդ հիմքը եւ պատճառը Ազգային ժողովում կատարված կառուցվածքային փոփոխություններն են, ինչի մասին անդրադարձ կա ծանուցման մեջ, ապա դա «ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածի 1-ին մասով սահմանված պետական ծառայողի հիմնական իրավունքների կոպիտ ոտնահարում է:

Ավելին, ժողովրդավարության ներկա փուլում՝ սահմանադրական փոփոխություններից բխող ԱԺ լիազորությունների ընդլայնման գործընթացը իրականացնելու, խորհրդարանի դերի բարձրացման եւ ժողովուրդ-խորհրդարան կապերի զարգացման աշխատանքներին ավելի գործուն աջակցություն ցուցաբերելու պայմաններում ԱԺ աշխատակազմում կատարվող հաստիքների կրճատումը առնվազն անհասկանալի է:

«ԱԺ աշխատակազմում կատարված կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված» բառակապակցությունը չի կարող դիտվել որպես պետծառայողներին աշխատանքից ազատելու հիմք եւ պատճառ, քանի որ պետք է հիմնավորվի, թե կառուցվածքային փոփոխություններն ինչ անհրաժեշտությամբ են պայմանավորված:

Աշխատակազմում այլ աշխատանք եւ առկա թափուր տեղեր չլինելու մասին ձեւակերպումը նույնպես հիմնավորված չէ:

Անտեսվել են նաեւ «ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված՝ հաստիքների կրճատման դեպքում իրականացվող ընթացակարգի ներքոհիշյալ պահանջները. «հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է պետական ծառայության առավել բարձր դասային աստիճան ունեցող աշխատակազմում պետական ծառայողին, այս պայմանի հավասարության դեպքում՝ աշխատակազմում պետական ծառայության առավել երկար ստաժ ունեցող աշխատակազմում պետական ծառայողին, իսկ վերջին պայմանի հավասարության դեպքում՝ առավել երկար ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող աշխատակազմում պետական ծառայողին»:

Դրանից բացի, աշխատակազմում կրճատման գործընթացը կրում է զանգվածային բնույթ, ուստի այն պետք է կարգավորվի «Աշխատանքային օրենսգրքի» 116 հոդվածի 1-ին կետով, ըստ որի՝ «Կազմակերպության լուծարման կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան 3 ամիս առաջ՝ մինչեւ աշխատանքային պայմանագրերը լուծելը, ազատվող աշխատողների թվաքանակի մասին տվյալներ ներկայացնել ՀՀ զբաղվածության պետական ծառայություն եւ աշխատողների ներկայացուցչին, եթե նախատեսվում է 2 ամսվա ընթացքում աշխատանքից ազատել աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը, սակայն 10 աշխատողից ոչ պակաս (զանգվածային ազատումներ)»: Այդ պահանջների կատարումը գործատուի կողմից նույնպես չի իրականացվել:

Ելնելով վերոգրյալից՝ հարկ է նշել, որ ԱԺ աշխատակազմում շրջանառության մեջ դրված ծանուցումն իրավական տեսանկյունից հանդիսանում է ոչ պատշաճ եւ թերի կազմված փաստաթուղթ, որտեղ առկա են ՀՀ օրենսդրության խախտումներ: Ուստի առաջարկվում է դադարեցնել աշխատակազմում սկսված ոչ իրավաչափ գործընթացը, եւ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակից ելնելով՝ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից նախապատրաստվող փոփոխություններ կատարելու կառուցողական առաջարկները եւ նախագծերը քննարկել ավելի հանգամանորեն:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել