Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ, ՈՉՆՉԱՑՆԵԼ

Օգոստոս 23,2006 00:00

Ասում է ԱԺ նախկին
փոխնախագահ Արա Սահակյանը – Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դարձյալ
խոսվում է աջ ուժերի հնարավոր համախմբման մասին: Նման դաշինքներ ստեղծելու ծրագիր
կա ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարներում: – Կարծում եմ, որ հիմքեր
չկան այդ աստիճանի տարբերակելու երեւույթները: Ընդամենը տեղի է ունենում ժողովրդավարական
ուժերի համախմբում: Ըստ էության, այն, ինչ կատարվում է Բաբկեն Արարքցյանի, Վազգեն
Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի շուրջը եւ այլն՝ այդ բոլորի նպատակը Հայաստանում իրավական,
ժողովրդավարական պետություն ստեղծելու ծրագրերն են: Թե հետագայում այդ պետությունն
իր ներքին քաղաքականության շեշտադրումները կդնի առավել սոցիալական հարցերի՞, թե՞
հույսը կդնի հասարակության ինքնակարգավորման վրա, այսինքն՝ սոցիալիստակա՞ն ծրագրով
կընթանա, թե՞ ազատական՝ իմաստ չունի այսօր խոսել այդ մասին: Քանի որ Հայաստանի առջեւ
ծառացած խնդիրն այն չէ, որ մեզ մոտ քաղաքականության մեջ պակասում են ազատական սկզբունքները
կամ ուշադրություն չի դարձվում սոցիալապես անպաշտպան շերտերի խնդիրներին: Հայաստանը
կանգնած է իրավական ժողովրդավարական կարգերի վերականգնման մարտահրավերի առջեւ, քանի
որ մեր երկրում իշխանությունը բռնազավթված է փոքրամասնության կողմից: Եվ սա է խնդիրը:
– Մինչ գնահատելը, թե որքանով կարող են այդ խնդրի լուծմանը նպաստել ստեղծվելիք
միավորումները՝ առանձին-առանձին անդրադառնանք ստեղծվելիք դաշինքներին: – Ինձնից
որեւէ իրազեկ պատասխան չեք կարող ստանալ այդ մասին: Բայց զուտ դիտարկման, հայեցողական
մակարդակում կարող եմ ասել, որ այդ համախմբման մի քանի կենտրոններում հավաքվում են
ոչ թե գաղափարապես մերձ ուժեր, այլ ավելի շուտ՝ մարդկային, հոգեբանական առումով իրար
հետ համատեղելի անձնավորություններ: Սա եւս մեկ ապացույց է, որ ձեւավորվող այս ժողովրդավարական
օջախները, «օազիսները» ոչ այնքան քաղաքական են, որքան ուղղակի ընդդեմ վարչակարգի:
Դրանց բոլորի նպատակը Հայաստանում իրավիճակը փոխելն է: Եվ իրենք դա շատ լավ են հասկանում,
քանի որ գիտեն, որ հասարակությունը նույնպես պատրաստ է փոփոխությունների եւ կգնա
ցանկացա՛ծ փոփոխության հետեւից, կաջակցի բոլո՛ր այն ուժերին, որոնք կփոխեն այս իրավիճակը:
Իսկ իրավիճակը հարկավոր է փոխել, քանի որ հայկական երիտասարդ պետությունը այլասերվել
է եւ արտահայտում է ոչ թե հասարակության ընդհանրական շահերը, այլ սպասարկում է հանցավոր
եւ հարուստ փոքրամասնությանը: Առանց այն էլ մեր ժողովուրդը առանձնակի հարգանք չունի
իշխանության նկատմամբ (մեր ժողովուրդը դարերով չի ունեցել իշխանություն, եւ այն նրա
համար միշտ եղել է օտարի լուծ): Իսկ հիմա էլ դրան գումարվել է այն, որ հայրենի իշխանությունն
արտահայտում է փոքրամասնության շահերը: – Ձեր բնութագրմամբ՝ այս «օազիսներից»
որեւէ մեկը հնարավորություն ունի՞ անցնելու օրենսդիր իշխանություն: – Եթե
նրանք առանձին-առանձին իրենց առջեւ խնդիր դնեն անցնել Ազգային ժողով, ապա բոլորը
տապալված են: Նրանք պետք է ոչ թե ինչ-որ ձեւով (ասենք, նույնիսկ վարչակարգի հետ հաշտվելու
կամ նրա թույլտվությամբ) իշխանության գալու խնդիրներ դնեն՝ այդ դեպքում կձախողվի
ժողովրդավարական հեղափոխության ծրագիրը, այլ բոլորը միասին պետք է պայքարեն հանուն
նրա, որ ժողովրդին վերադարձվի իշխանություն ձեւավորելու անքակտելի իրավունքը: Այսինքն՝
եթե նրանք բոլորը միասին պայքարեն ընտրական ինստիտուտը վերականգնելու համար՝ կարող
են առաջանալ ոչ թե «օազիսներ», այլ մի ամբողջ «կղզիախումբ», որը կտապալի իշխանությունը:
Ես տեսնում եմ, որ նրանք բոլորն ամենավճռական պահին՝ ընտրություններից առաջ կմիավորվեն՝
գոնե հանուն արդար ու ժողովրդավարական ընտրությունների, այդ սկզբունքի շուրջ՝ չնայած
այդ առաջնորդների անհամատեղելիությանը: – Տպավորություն չունե՞ք, որ 2007-ի
ընտրությունների արդյունքներն արդեն պարզ են, եւ իրար մեջ պայմանավորվել են՝ ով է
ԱԺ անցնելու, ով՝ ոչ: – Իշխանության համար է պարզ: Սա ակնհայտ է: Բայց սա
իշխանության ծրագիրն է: Եկեք չխոսենք իշխանության ծրագրերի մասին, քանի որ մենք չենք
կարող ներգործել իշխանության ծրագրերի վրա: Մենք չենք կարող դիմել նրանց խղճին, գթասրտությանը,
վեհ զգացումներին: Մեր իշխանությունն այնքան է այլասերված, որ նրա ֆիզիկական գոյության
միակ գրավականը ինքնավերարտադրումն է՝ ցանկացած ձեւով: Դնենք իշխանությանը
մի կողմ եւ խոսենք ժողովրդավարական ճամբարի մասին, որ բզկտված է, տրոհված, անձնական
հավակնությունների մեջ տապակվող: Մեր ժողովուրդը մեղք է: Ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները,
մեր ժողովուրդն էլ իրավունք ունի ինքը որոշելու, թե ովքեր պետք է ղեկավարեն իրեն:
Այդ իրավունքը բռնաբարված է, խլված նրանից: Պետք է վերադարձնել նրան իր բնական վիճակին:
– Ինչպե՞ս: Եթե անգամ ամենաարմատական ընդդիմադիրներն են խոստովանում, թե չեն
կարող ներազդել իշխանության ծրագրերի վրա՝ իշխանավորներին ներկայացնելով իբրեւ մի
տեսակ ամենակարողներ: – Եթե հանկարծ ընկնենք ծայրահեղության մեջ ու այս վիճակը
ճակատագրորեն անխուսափելի համարենք՝ կնշանակի արդարացնել այս իշխանություններին:
Իրավիճակն անհրաժեշտ է եւ հնարավոր է փոփոխել, եւ դա հնարավոր չէ անել ստերիլ իրավական
ճանապարհով: Հայաստանին հարկավոր է մի նոր շարժում, ապստամբություն: Այսպիսի վարչակարգերից
սպիտակ ձեռնոցներով չեն ազատվում: Հայաստանին հարկավոր է ժողովրդավարական հեղափոխություն:
– Դուք հիմա կոչ եք անում մի բանի, որից անձնապես եք տուժել 1996-ին: –
Գիտեք, քաղաքական գործիչների խնդիրը ոչ թե երեւույթներն անձնական դրամաների տեսանկյունով
դիտարկելն ու քննելն է, այլ պատշաճի եւ անհրաժեշտի մասին խոսելը: Ես խոսում եմ անհրաժեշտության
մասին, այլ ոչ նրա, թե ինչ է տեղի ունեցել 10 տարի առաջ: Իսկ 10 տարի առաջ ժողովուրդն
ընդվզեց մեր իշխանության ներսում նկատվող բացասական միտումների դեմ, որոնք, ի դեպ,
այժմ դարձել են օրինաչափություն: – Որոշակիացրեք՝ ի՞նչ կարգի ապստամբություն
նկատի ունեք: Նաեւ զինվա՞ծ: – Ցանկացա՛ծ ձեւով: Այսպիսի իշխանությունը պետք
է վերացնել, ոչնչացնել: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ.
Գ. Կանխատեսելով իշխանամետ մամուլի արձագանքն իր կոչերին՝ պրն Սահակյանը հարկ համարեց
հայտնել, թե այս օրերին թերթ չի կարդում, քանի որ զբաղված է որդու տան վերանորոգման
աշխատանքներով. «Այնպես որ՝ շատ չջանաք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել