Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ԶՈՐԱՀԱՎԱՔԻ»

Օգոստոս 23,2006 00:00

Իսկ
առաջիկա ընտրությունները, ՍԻՄ նախագահի ասելով, անցնելու են «պատերազմական իրավիճակում»
Քանի որ ամառվա տապն այս աշնանը ճտեր հաշվելու իմաստով ավելի գործնական է
իշխանական ճամբարում ներկայացված կուսակցությունների համար, ընդդիմությանը մնում
է միայն հետեւել այդ գործընթացին ու արձագանքելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցադրումներին
դրանց առնչությամբ՝ սահմանափակվել մեկնաբանություններ անելով: Այս օրերին որեւէ ընդդիմադիր
գործիչ խոսելով իր գլխավորած կամ ներկայացրած կուսակցության գործունեության մասին՝
անպայմանորեն շեշտում է հերթական դարձած արտահայտությունը՝ կուսակցությունը զբաղված
է ներկազմակերպչական հարցերով ու իր անդամների «ինվենտարիզացիայով»: Երեկ ընդդիմության
գործունեության վերաբերյալ մի համանման պատասխան էլ տվեց «Արդարություն» խմբակցության
պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը: Նրա փոխանցմամբ, ընդդիմադիր բոլոր կուսակցություններն
այսօր ակտիվորեն պատրաստվում են «զորահավաքի»՝ ընտրությունների, ընդ որում՝ աչքի
տակ ունենալով երկու տարբեր զարգացումների սցենար: Դրանցից մեկը, որի մասին պարոն
Խաչատրյանն ավելի վաղ էր ասել «Առավոտին» տված հարցազրույցում, հետեւյալն է. փորձել
երկրում ստեղծված իրավիճակը փոխել մինչեւ հերթական խորհրդարանական ընտրությունները:
Բայց եթե դա ընդդիմությանն, այնուամենայնիվ, չհաջողվի՝ փորձել դա անել 2007թ. ընտրությունների
ընթացքում: Բոլոր դեպքերում, թերեւս, համարելով, որ առաջին տարբերակն ավելի
քիչ հավանական է, ՍԻՄ նախագահը երեկ ասաց, թե հերթական ընտրություններն անցկացվելու
են «պատերազմական իրավիճակում», ինչից ելնելով էլ ընդդիմությունն իր մարդկային ռեսուրսները
«մարտունակ» վիճակի է բերում: «Մարտունակ բառը ես օգտագործեցի մեր կուսակցությունների
այն անդամների վերաբերյալ, ովքեր ընդգրկվելու են ընտրական հանձնաժողովներում: Իսկ
նախորդ փորձից ելնելով՝ նրանք պետք է տիրապետեն նաեւ գլադիատորական որոշ հատկանիշների,
որ կարողանան դիմադրել: Մենք նախահարձակ լինելու մտադրություն չունենք, ես էլ զինված
պայքարի կոչ չեմ անում, բայց մարդիկ պետք է մարտունակ լինեն, որ զինված կրիմինալին
դիմադրեն դատարկ ձեռքերով»,- կարծիք է հայտնել Հ. Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ
գործում չի խանգարի, թերեւս, «մաքուր ձեռքեր» ունենալը, ինչը կարող է պետք գալ կրիմինալին
դիմակայելու համար: Հ. Խաչատրյանը, որի գլխավորած կուսակցության կարգախոսն է՝ «ուժն
է ծնում իրավունք», երեկ միաժամանակ խոստովանեց, որ «մարտունակ լինել» ասելով նկատի
ունի նաեւ հանձնաժողովականների ֆիզիկական պատրաստվածությունը, «որովհետեւ «արդար
բազուկը» նույնպես կարեւոր բաղադրիչ է»: Նրա համոզմամբ, ընդդիմությունը միասնական
պետք է լինի ընտրությունները վերահսկելու հարցում, մինչդեռ միասնական դաշինքով ու
միասնական ցուցակով ընտրությունների գնալը, նրա կարծիքով, մարտավարական սխալ կլինի:
ՍԻՄ նախագահը համոզմունք հայտնեց, որ ճիշտ կլինի, եթե ընդդիմությունն առաջիկա ընտրություններին
մասնակցի մի քանի դաշինքներով, բայց ո՛չ տրոհված: Ինչ վերաբերում է իշխանական
ճամբարում տեղի ունեցող զարգացումներին, ապա Հ. Խաչատրյանի փոխանցմամբ, այսօր այդ
ճամբարը փորձում է ներկայանալ երկու դեմքով՝ ի դեմս «ուժայինի» եւ «բարեգործի»: Անշուշտ,
առանց անուններ մատնանշելու էլ հասկանալի է, որ «ուժային» ասելով պետք է նկատի ունենալ
ՀՀԿ-ին ու այդ կուսակցության խորհրդի նախագահ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին,
իսկ «բարեգործի» տակ՝ «Բարգավաճ Հայաստանի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանին: ՍԻՄ նախագահի
ասելով, առաջին դեպքում «ուժայինը» անմիջական կապ ունի քրեականացված հարաբերությունների
հետ, մյուսը, կարծես թե, ցանկություն ունի շտկել Հայաստանում ստեղծված քաղաքական
եւ տնտեսական իրավիճակը, բայց այդ «բարի» դեմքի մեջ ՍԻՄ նախագահը տեսավ «ստորջրյա
խութեր, որոնք կարող են մոլորեցնել հասարակությանը»: Պարզվեց նաեւ, որ ՍԻՄ
նախագահը, ով, իր ասելով, կանգնած է եղել առաջիններից մեկը անկախության դրոշ բարձրացրած
ՀՀԿ-ի ստեղծման ակունքներում, այսօր ցավում է նրա գործունեության ու աստիճանական
քրեականացման համար: Համարելով, որ ներկայումս մրցակցություն կա այդ «ուժային» ու
«բարի» կուսակցությունների՝ ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ, Հ. Խաչատրյանը
կարծիք հայտնեց, թե իդեալական կլիներ, եթե այդ կուսակցությունները կարողանային մեկը
մյուսին վերահսկել, ինչը ինքը՝ ՍԻՄ նախագահը, այնքան էլ հավանական չհամարեց: Թերեւս,
անհնարին կլիներ, եթե լրագրողները Հ. Խաչատրյանին չսադրեին անդրադառնալ իր զինակից՝
«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի՝ խմբակցությունից դուրս
գալու փաստին եւ «Բարգավաճ Հայաստանին» անդամագրվելու մասին շրջանառվող լուրերին:
Հ. Խաչատրյանն իր գործընկերոջ գործունեությունը դաշինքի ու խմբակցության շրջանակներում
դրական գնահատելուց ու նրա անձը խմբակցության կողմից վստահելի համարելուց զատ նկատեց,
որ Վ. Դալլաքյանի հրաժարականը կարող է գնահատել միայն 15 տարի հետո, այն էլ այն դեպքում,
եթե Հայաստանը դուրս եկած լինի ճահճային վիճակից: Իսկ մինչ այդ նա ձեռնպահ մնաց «Արդարության»
նախկին քարտուղարին որակումներ տալուց: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել