Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՄԻՐԱՆԴԱՆ ՈՒԺԵՂ
ԿՈՂՄԵՐ ՉՈՒՆԻ»

Օգոստոս 22,2006 00:00

Շաբաթ օրը, օսոստոսի
26-ին, մնացել պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի
չեմպիոն Արթուր Աբրահամը պաշտոնական հավակնորդ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ
մենամարտում, պաշտպանելու է իր գոտին: Օրերս Արթուրը լրատվամիջոցների ներկայացուցիչներին
պատմել է, թե ինչպես է ընթանում նախապատրաստությունը, ասել, թե ինչ է մտածում հերթական
այս մրցակցի մասին: – Արթուր: Տիտղոսի պարտադիր պահպանումը կայանալու է Գերմանիայի
Օլդենբուրգ քաղաքում: Դա պատահականությո՞ւն է: – Ոչ: Ես շատ էի ցանկանում
մենամարտել այնտեղ: Օլդենբուրգի մարզապալատը մի տեսակ հարազատ է դարձել, իսկ հիասքանչ
մարզասերներն ինձ միշտ հաջողություն են բերել: Այստեղ եմ նվաճել միջմայրցամաքային
չեմպիոնի կոչումը, Շենան Թեյլորի հետ մենամարտում հաջող պաշտպանել չեմպիոնական գոտիս:
Ես կանեմ ամեն բան` իմ երկրպագուներին չհիասթափեցնելու համար: – Նախապատրաստության
երկար ժամանակ ես ունեցել: Ինչպե՞ս է այն անցել: – Լավ: Այս մենամարտին նախապատրաստվել
եմ սովորականից մի փոքր ավելի՝ մոտ երեք ամիս: Վերջին շաբաթներին օրական ութ ռաունդանոց
փորձամրցումներ եմ անցկացրել՝ երկու անգամ փոխելով մրցակիցներիս: Դա ինձ շատ է օգնել:
Հիմա ես լավագույն մարզավիճակում եմ: – Միրանդան անգութ նոկաուտյոր է համարվում:
Դու նրան հարգանքո՞վ ես վերաբերվում: – Սովորական հարգանքով, ինչպես վերաբերվում
եմ յուրաքանչյուր մրցակցիս, եւ ոչ ավելի: Նա առայժմ ավելի հայտնի է իր մեծաբերանությամբ:
Բայց իմ հարվածն էլ պակաս ճանաչում չունի: – Ինչպե՞ս ես արձագանքում Միրանդայի
թիմի բոլոր հայտարարություններին: – Բացարձակապես՝ ոչ մի բանով: Նրանք պարզապես
ծիծաղելի են: Միրանդան ցանկանում է ավելի մեծ պատառ պոկել, քան ի վիճակի է կուլ տալու:
Նա առաջին անգամ է մենամարտելու չեմպիոնի տիտղոսի համար եւ ընդամենը շնորհակալ պիտի
լինի, որ նման հնարավորություն է ստանում: Մենամարտից առաջ ինձ համար միեւնույն է,
թե ի՞նչ են ասում: Ես ավելին կասեմ մարտից հետո կայանալիք ասուլիսում, երբ Միրանդան
կողքս նստած կլինի՝ պարտվածի կարգավիճակում: – Գերմանիայում տպագրվել է Միրանդայի
աշխատանքային գործունեության պատմությունը, թե ինչպես է նա երեխա ժամանակ գոյատեւելու
կռիվ տվել Կոլումբիայի փողոցներում: Դա քեզ հետաքրքրո՞ւմ է: – Ոչ: Նա իր պատմությունն
ունի, ես՝ իմը: Երբ ռինգ ես մտնում, այդ ամենը ոչ մի նշանակություն չի ունենում:
– Բայց նման ճանապարհ անցած բռնցքամարտիկները, սովորաբար, հաջողության հասնելու
ավելի մեծ ախորժակ են ունենում: – Հետո՞ ինչ: Նա կարող է անգամ անոթի ռինգ
մտնել: Շատերն են ռինգ մտել ու այն կրկին անոթի լքել: Աշխարհի չեմպիոն դառնալու համար,
բացի ախորժակից, այլ որակներ էլ պետք է ունենալ: Ես տիտղոսս տալու համար չեմ երեք
ամիս չարչարվել: Ես չեմպիոն եմ եւ բազմաթիվ երկրպագուներ ունեմ ինչպես Գերմանիայում,
այնպես էլ Հայաստանում: Եվ չեմ ցանկանում նրանց հիասթափեցնել: Եթե չեմպիոն ես, ուրեմն՝
արքա ես: Բայց ամեն բան կարող է շատ արագ ավարտվել, եթե պարտվես: Ես այս մասին գիտեմ
եւ ինքս էլ անոթի եմ այնքան, որքան հավակնորդը: – Միրանդայի մարտերի տեսաժապավենները
դիտե՞լ ես: Որո՞նք են նրա ուժեղ կողմերը: – Ուժեղ կողմե՞րը: Նա ուժեղ կողմեր
չունի: Ժերմեն Թեյլորը, Վինկի Ռայթը միջին քաշում ուժեղ բռնցքամարտիկներ են: Բայց
Միրանդան՝ ոչ: Պատրաստեց՝ ՔՆԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել