Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներում հասնում է

Օգոստոս 22,2006 00:00

Անզգույշ սպանություն կատարածին «համաներելու» փոխարեն տարան ԿԳԲ-ի մեկուսարան

2003թ. մարտի 16-ին Արարատի մարզի Վերին Արտաշատ տանող ճանապարհին մահվան ելքով Վարազդատ Գրիգորյանին վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ըստ գործի տվյալների, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ Գեւորգ Հեքիմյանը իր ՎԱԶ 2102 մակնիշի ավտոմեքենայով ձախ անկյունային եւ կողային մասով հպանցիկ հարվածել է Վ. Գրիգորյանին, որը գտնվելով հարբած վիճակում, ճոճվելով հատել է երթեւեկելի մասը, մուտք է գործել դեպի Վերին Արտաշատ տանող ուղեմաս ու վրաերթի ենթարկվել այդ ուղղությամբ ընթացող ԳԱԶ-24 մակնիշի 25 SL150 պետհամարանիշի ավտոմեքենայի կողմից (վարորդ՝ Ռ. Վարդանյան):

Վ. Գրիգորյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Ըստ գործի տվյալների, Ռ. Վարդանյանը խախտել էր ՀՀ ՃԵԿ կանոնները, եւ հնարավորություն է ունեցել կանխել վրաերթը: Ռ. Վարդանյանը ազատության մեջ է եւ, փաստորեն, ողջ պատասխանատվությունն ընկել է Գ. Հեքիմյանի վրա: Վերջինս ՌԴ- ում կամովին հանձնվել է իրավապահներին եւ այս տարվա հունիսի 23-ին նրան տեղափոխել են Երեւան, «Նուբարաշեն» ՔԿՀ:

Երեկ Հեքիմյանի պաշտպան Աղասի Աթաբեկյանն «Առավոտին» հայտնեց, որ օգոստոսի 11-ին իր պաշտպանյալին իրավական օգնություն ցույց տալու ժամանակ տեսակցության սենյակ են ներխուժել մի քանի անձինք եւ ասել, որ Հեքիմյանին անհապաղ պետք է տեղափոխեն «ԿԳԲ-ի մեկուսարան»՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, չնայած ակնհայտ է, որ գործը կապ չուներ ազգային անվտանգության հետ: «ԿԳԲ-ում տեխնիկապես ավելի հեշտ է մեղադրյալներին հոգեմետ միջոցներ ներարկելը, մեղադրյալների եւ նրանց պաշտպանների տեսակցությունները տեսաձայնագրելը, արդյունքների մասին նախաքննությունն իրականացնող մարմնին հայտնելը»,- ասում է Աթաբեկյանը, վկայակոչելով «Առավոտում» տպագրված այն փաստաթուղթը (4.03.06թ.), որով լսվել էին փաստաբանների խոսակցությունները:

Տեղեկացնենք, որ սույն քրեական գործը գտնվում է գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Ա. Նադոյանի վարույթում: Փաստաբանը տեղեկացրեց, որ ԱԺ կողմից հուլիսի 7-ին ընդունված համաներման ակտով, իր պաշտպանյալի նկատմամբ պետք է կարճվեր քրեական գործի վարույթը: Ու թեեւ ԱԺ-ն որոշել է օրենքով սահմանված կարգով կարճել այն անձանց գործերը, որոնք հանցագործությունը կատարել են մինչեւ 2006թ. հունիսի 1-ը, որով անձինք մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություններ կատարելու մեջ եւ որոնց համար նախատեսված է մինչեւ 5 տարի ազատազրկում, սակայն Հեքիմյանը դեռ պահվում է անազատության մեջ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել