Ըստ
Ֆրանսիայում բնակվող, ԼՂՀ ՊՆ Սամվել Բաբայանի պաշտպան, ճանաչված փաստաբան Ժուդեքս
Շաքարյանի, «Փաստաբանության մասին» ՀՀ նոր օրենքը սահմանափակում է փաստաբանների իրավունքները:
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թ. դեկտեմբերի 14-ին ընդունվեց «Փաստաբանության
մասին» ՀՀ օրենքը, որը ՀՀ նախագահը ստորագրեց 2005 թ. հունվարի 13-ին։ Ըստ այդ օրենքի,
ՀՀ-ում գործող փաստաբանական երկու միությունները միավորվում են «Փաստաբանների պալատ»
կոչվող կազմակերպության մեջ, որը, ըստ 47 հոդվածի, հանդիսանում է փաստաբանական միությունների
իրավահաջորդը։ Թե ինչ անհրաժեշտությամբ էր պայմանավորված փաստաբանների մեծամասնությունը
կազմող ՀՀ փաստաբանների միությունը վերանվանել պալատի՝ գուցե ճաշակի հարց է, սակայն
այդ ճաշակը բավական թանկ արժեր՝ կապված նոր վկայականներ, արտոնագրեր ձեռք բերելու,
տպագրելու հետ։ Գուցե անհրաժեշտ էր դատաիրավական բարեփոխումների համար նախատեսված
գումարները ծախսելու «կատարողակա՞ն» ունենալ։ Անցյալ դարի 90-ական թվականների
վերջերին «Վահան Հովհաննիսյան+31», «Սեպտեմբերի 25» քրեական գործերով փաստաբանական
գործունեության վարկը, հեղինակությունը խիստ բարձրացել էր, որը չէր կարող դուր գալ
այն ժամանակվա իշխանություններին, ուժային կառույցներին եւ նրանց հնազանդ դատաիրավական
բարեփոխիչներին։ «Փաստաբանության մասին» նախկին օրենքի նախագծի քննարկման
ժամանակ տողերիս հեղինակը իր հրապարակումներից մեկում ստիպված եղավ դիմել ԱԺ պատգամավորներին`
հորդորելով չսահմանափակել մեր իրավունքները, քանի որ «մենք իրենց էլ պետք ենք գալու»
(«Առավոտ», 1.05.98 թ.): Ըստ «Փաստաբանության մասին» նոր օրենքի 20-րդ հոդվածի,
փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած անձի հանձնարարությունն
ընդունել, եթե այն ակնհայտ անօրինական բնույթ է կրում, վստահորդի հետ կնքված պայմանագրի
առարկայի շուրջ ունի ինքնուրույն շահ, որը տարբերվում է տվյալ անձի հետապնդած շահից,
երբ առկա է հակասություն նույն հարցով իր կամ իր վստահորդի շահերի միջեւ, տվյալ գործին
մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ,
տուժող կամ վկա։ Փաստաբանը իրավունք չունի օգնել վստահորդին, եթե ազգակցական, անձնական
կամ կախյալ հարաբերությունների մեջ է գտնվում այն պաշտոնական անձի հետ, որը մասնակցել
կամ մասնակցում է տվյալ անձի գործի քննությանը։ Նշված 20-րդ հոդվածը վերնագրված է
փաստաբանի «հիմնական իրավունքների եւ պարտականությունների առանձնահատկությունները»։
Թվում էր, պետք է նշվեր իրավունքների մասին, սակայն 8 մասից բաղկացած այդ հոդվածի
յուրաքանչյուր մաս սկսվում է «իրավունք չունի» բառերով, բացառությամբ 5-րդ մասի,
որտեղ նշվում է, որ փաստաբանն իրավունք ունի հրաժարվել վստահորդի նկատմամբ իր ստանձնած
պարտավորություններից միայն սույն օրենքով, ինչպես նաեւ վստահորդի հետ կնքված պայմանագրով
նախատեսված դեպքերով։ Դրա ցայտուն օրինակը պաշտպանին եւ ներկայացուցչին գործով վարույթից
հեռացնելու մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի առկայությունն
է, ըստ որի «Փաստաբանության մասին» օրենքի 20-րդ հոդվածում վերը նշված հիմքերի առկայության
դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը իրավունք ունի իր որոշմամբ պաշտպանին
եւ ներկայացուցչին վարույթից հեռացնելու։ Եթե օրենսդրի նպատակը փաստաբանի
իրավունքները պաշտպանելն էր, ապա կարծում եմ, որ ճիշտ կլիներ նշված հոդվածը շարադրել
այսպես. «Առանց փաստաբանի եւ պաշտպանյալի համաձայնության չեն կարող որպես վկա կանչվել
եւ հարցաքննվել փաստաբանները»: Ընդհանուր առմամբ, փաստաբանի բացարկի հարցը վարույթն
իրականացնող մարմնի կողմից, մեր կարծիքով, կարող է լուծվել միայն փաստաբանների պալատի
կամ պալատի նախագահի կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո։ Այսինքն` փաստաբանի
գործունեության դադարեցման հարցը կարող է լուծվել միայն փաստաբանների եւ ոչ թե մի
այլ մարմնի կողմից։ Տեղին է հիշեցնել, որ Խորհրդային Հայաստանի սահմանադրության
159-րդ հոդվածով երաշխավորվում էր ՀՀ-ում փաստաբանական գործունեությունը: Այսինքն,
եթե որեւէ մեկի մտքով անցներ վերացնել փաստաբանական ծառայությունը, չէր կարող, քանի
որ Սահմանադրությունը երաշխավոր էր: Նման մտավախությունը պատահական չէ: Պատմությանը
հայտնի է նման նախադեպ: Պրուսիայի Ֆրիդրիխ 2-րդ թագավորը 1780 թ. վերացրել էր փաստաբանական
ծառայությունը, այդ ֆունկցիաների կատարումը դնելով դատարանի հատուկ անդամների՝ ասիստենտների
վրա: Ինչ իմանաս՝ դատական նախադեպի սիրահար գիտնական իրավաբանները իշխանություններին
իրենց նվիրվածությունը ապացուցելու համար մի օր էլ կարող են կիրառել վերը նշված պատմական
նախադեպը: Հուսանք, որ կասկածելի հանրաքվեով անցած գործող Սահմանադրության
հաջորդ վերածնունդով կլուծվի նաեւ փաստաբանական ծառայության մասին նորմով այն լրացնելու
հարցը: Ի վերջո, ցանկանում եմ ընդգծել, որ մեր նպատակը ոչ թե ինչ-որ «հիմնարկային»
շահ պաշտպանելն է, այլ մարդու՝ կասկածյալի, ամբաստանյալի իրավունքների պաշտպանությունը,
քանի որ սահմանափակելով փաստաբանի իրավունքները, կամա թե ակամա՝ սահմանափակվում են
վերը նշված անձանց իրավունքները: ԺՈՒԴԵՔՍ ՇԱՔԱՐՅԱՆ