Լրահոս
Օրվա լրահոսը

Անասնագոմի ջուրը՝ մարդկանց

Օգոստոս 22,2006 00:00

Լեջան գյուղում ոչ ջուր կա, ոչ գազ, ոչ էլ անասնակեր

Գարնանային անձրեւներին հաջորդած երաշտը զգալի վնաս է հասցրել Լոռու մարզի Լեջան գյուղին: Գյուղացիների հաշվարկներով՝ 1 հեկտար ցորենի արտից պիտի ստանային առնվազն 2-3 տոննա բերք, բայց հավաքել են ընդամենը 300 կգ: Լեջանցիներից շատերը պետությունից վարկ էին վերցրել՝ աշնանը այն փակելու ու դեռ մի բան էլ եկամուտ ստանալու հույսով, բայց նրանց պատմելով՝ «սերմացուի ծախսերն էլ չենք հանել»:

Գյուղացիների միակ հույսը անասնապահությունն է, բայց Լեջանը շրջակա գյուղերից միակն է, որ խոտհարք չունի, ուստի վարելահողերի մեծամասնությունն օգտագործվում է խոտհարքի նպատակով: Անասնակեր ճարելու համար գյուղացիները մեկնում են Տաշիրի շրջան՝ խոտհնձի: Մեկ տուկ խոտն արժե 1000 դրամ, իսկ յուրաքանչյուր կովի համար 2500 կիլոգրամ խոտ է պետք: Այստեղ ձմեռը տեւում է 6-6,5 ամիս: Երբ խոտի գինը շատ է բարձրանում, գյուղացիները ստիպված վաճառում են անասունը՝ կիլոգրամը 500-600 դրամով, մեծ դժվարությամբ պահված անասուններին հարկադրված ուղարկելով սպանդանոց:

Այսօր լեջանցիներն օրվա հացի փող են վաստակում՝ կովի կաթը վաճառելով: Լիտրը 90 դրամով այն հանձնում են գործարաններին: Իսկ նրանք, ովքեր անասուն չունեն՝ կորած են:

Լեջանում ոռոգման ջուր չկա, որ գոնե հողի եկամտով մարդիկ կարողանան ապրել: Մայիսի վերջին եւ հունիսի սկզբին ցանած կարտոֆիլը այդպես էլ ջրի երես չի տեսել, իսկ հետո ցանքին անմիջապես հաջորդած երաշտը ոչնչացրել է ողջ բերքը: Կարտոֆիլի բախտին են արժանացել նաեւ լոբու եւ կաղամբի ցանքատարածությունները: Մի ժամանակ հանդից եկած անասունների ծարավը հագեցնում էր գյուղամիջով անցնող Չայա գետը: Սակայն գյուղացիների ներկայացմամբ՝ «անասունների բախտից Չայան էլ չորացավ»:

Գյուղում նաեւ խմելու ջրի խնդիր կա: Նախկինում անասնագոմեր գնացող ու անասունների համար նախատեսված ջուրն այսօր վաճառվում է բնակիչներին: Երբեմն գյուղը շաբաթներով ջուր չի ունենում:

Լեջանն արդեն երկրորդ տարին է, ինչ գազիֆիկացվել է, բայց գյուղացին այդպես էլ գազամատակարարում չի ստանում, թեեւ տնից տուն անցնող բնական գազի խողովակները պատրաստ են շահագործման: Իսկ վառելափայտի գինն օրեցօր թանկանում է: Այս օրերին 1 խմ վառելափայտն արժե 10 հազար դրամ, իսկ հոկտեմբերին՝ 12-13 հազար դրամ: Գյուղացին երկընտրանքի մեջ է՝ անասնակե՞ր, փա՞յտ առնել, թե՞ դարձյալ մնալ անտառի կամ գոմաղբի հույսին: Եվ դեռ այսքանից հետո կառավարությունն ակնկալում է բնակչության աճ: Ինչպե՞ս, երբ այս տարի շուրջ 900 բնակիչ ունեցող գյուղում 5-6 երեխա է ծնվել:

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել