Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ

Օգոստոս 22,2006 00:00

Ո՞ՒՄ
ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ «Հանրապետություն» կուսակցությունը
չի բացառում Աջափնյակի համայնքապետի ընտրությունների ընթացքում սեփական թեկնածուով
հանդես գալու տարբերակը: Այս մասին «Առավոտին» հայտնեց «Հանրապետության» քաղխորհրդի
անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա հրաժարվեց բացահայտել, թե ով է իրենց թեկնածուն: Հիշեցնենք,
որ այս կուսակցության քաղխորհրդի կազմում է այս համայնքը ժամանակին գլխավորած Ռաֆիկ
Մկրտչյանը, որը Էդվարդ Եգորյանի զինակիցներից էր: Սուրենյանցն այս տեղեկությունը
հայտնեց, երբ նրանից մեկնաբանություն խնդրեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ
Սահակյանի այն պնդման կապակցությամբ, թե իր որդուն՝ Արման Սահակյանին, որը հայտարարել
է Աջափնյակում դարձյալ ուժերը փորձելու մասին, պաշտպանելու են նաեւ ընդդիմադիր կուսակցությունները:
«Ոչ միայն քաղաքական դաշտը, ՀՀԿ-ն, այլեւ ամբողջ հանրապետությունը հասու է 2003-ից,
որ Արման Սահակյանն իր քարոզչությունը չի դադարեցրել, եւ այն ծրագրերը, նպատակները,
որոնք ինքը ունի, ըստ իր ասածի, նա դրանցից ձեռք չի քաշելու»,- «Ազդակ» ակումբում
ասաց պրն Սահակյանը: Նաեւ հայտնեց, որ Արման Սահակյանին պաշտպանելու է ոչ միայն ՀՀԿ-ն.
«Բոլոր դիմադիր եւ ընդդիմադիր կուսակցությունները, որովհետեւ այստեղ խնդիրը վերաբերում
է ոչ թե քաղաքական տրամաբանությանը, այլ այն ծրագրերին, որոնք ներկայացվել են 2003-ին»:
Սակայն ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց.
«Ո՛չ, նման պայմանավորվածություն չկա: Եվ «Արդարություն» դաշինքը երբե՛ք խնդիր չունի
որեւէ իշխանական թեկնածուի պաշտպանելու»: Իսկ Սուրեն Սուրենյանցը նաեւ նշեց. «Բացառում
եմ, որ որեւէ իշխանամետ թեկնածուի կպաշտպանենք: Նույնիսկ եթե սեփական թեկնածու չառաջադրենք՝
տվյալ համայնքում առաջադրվելու է նաեւ երկրապահական ծագում ունեցող թեկնածու, որի
հանդեպ մեր դիրքորոշումը տակավին ճշգրտման փուլում է»: Ընդդիմադիր միակ ուժը,
որը կտրուկ չժխտեց նման հնարավորությունը՝ «Ազգային միաբանությունն» էր: Կուսակցության
փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը նախ մեզ ասաց, որ եթե պաշտպանելու լինեն՝ «անպայման
հայտարարություն կանեն»: Իսկ հարցին, թե այսինքն չե՞ն բացառում, որ կարող են եւ պաշտպանել
Արման Սահակյանին՝ պատասխանեց. «Ես քաղաքականության մեջ ոչի՛նչ չեմ բացառում: Բայց
այսօրվա դրությամբ այդպիսի բան չկա»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել