Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իրացումը շարունակվում է»

Օգոստոս 22,2006 00:00

Հիմա հերթը հանրակացարաններինն է

Դեռեւս 1990-ից Կոմկուսի բարձրագույն դպրոցի շենքում ապաստան գտած բաքվեցի փախստականները՝ 17 ընտանիք, մտահոգված են, որ մի գեղեցիկ օր իրենք էլ կարող են Հյուսիսային պողոտայի բնակիչների օրինակով փողոցում հայտնվել: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց փախստականներից մեկը՝ Մարինա Սարկիսովան, իրենք մտահոգվելու ավելի քան լուրջ պատճառներ ունեն: Բանն այն է, որ, նրա պատմելով, 16 տարի առաջ՝ նոյեմբերից ի վեր, 17 ընտանիքներ Բաքվից Կրասնովոդսկի նավահանգստով տեղափոխվել էին Հայաստան, որտեղ նրանց տեղավորել էին հիշյալ դպրոցի շենքի 2-3-րդ հարկերում: ԽՍՀՄ փլուզումից հետո դպրոցը դադարել էր գոյություն ունենալ: Հենց այդ ժամանակահատվածում էլ փախստականները գրանցման վկայականներ էին ստացել: «Հայաստանում սեփականաշնորհման մասին օրենքի ընդունումից հետո, որը թույլ էր տալիս մեզ սեփականաշնորհել մեր կացարանները, մենք դիմեցինք փախստականների վարչություն, որը սկսեց համապատասխան ատյաններին հարցումներ անել շենքի պատկանելության վերաբերյալ: Ստացվեց պաշտոնական պատասխան, ըստ որի, շենքը որեւէ գերատեսչության հաշվեկշռում եւ անգամ կադաստրում որպես պետական գույք գրանցված չէ»,- պատմեց տիկին Սարկիսովան: Հավաքելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ փախստականների 12 ընտանիքները դիմում էին ներկայացրել առաջին ատյանի դատարանին եւ սեփականության վկայականներ ստացել:

2004-ին այդ 12 ընտանիքները անսպասելիորեն պարզել էին, որ իրենց արդեն բնակելի շենքը կալանքի տակ է առել ՀՀ գլխավոր դատախազությունը: «Երբ դիմեցինք Գլխավոր դատախազություն՝ իմանալու, թե ինչ հիմքով է դա տեղի ունեցել, մեզ պատասխանեցին, որ արդեն սեփականաշնորհված երկու բնակարանների դեմ բողոք է ստացվել»,- պարզաբանեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք միայն հետո էին հասկացել, որ Գլխավոր դատախազությունը որոշել էր հենց այդ երկու բնակարանների օրինակով նախկին փախստականներին ներքաշել դատական պրոցեսի մեջ: Արդեն դատարանում որպես պատասխանող հանդես էին եկել Երեւանի քաղաքապետարանի ու Կադաստրի պետական վարչության ներկայացուցիչները: Այսպես գործը հասել էր Վճռաբեկ, որի որոշմամբ երկու բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքն անվավեր համարելու մասին որոշում էր կայացվել: Բայց 2005թ. հոկտեմբերին ՀՀ կառավարությունն առանձին որոշում ընդունեց առ այն, որ այդ շենքը պետք է գրանցել Պետական գույքի կառավարման վարչության միջոցով, որպեսզի հետագայում շենքն իր հողատարածքով անվարձահատույց տրվի այնտեղ ապրող փախստականներին: ՀՀ կառավարությունը մեկ ամիս ժամկետ էր տվել Պետական գույքի կառավարման վարչությանը՝ այդ փաստաթղթերը ձեւակերպելու համար: 10 ամիս անց փախստականներին Պետական գույքի կառավարման վարչությունից հայտնել էին, որ փաստաթղթերի ձեւակերպումը ձգձգում է քաղաքապետարանը: «Այսինքն՝ մինչ մեզ քարշ էին տալիս դատարաններով, քաղաքապետարանում երեւի հույս ունեին, որ իրենց կհաջողվի մեզ դուրս շպրտել մեր բնակարաններից»: Այդ ընթացքում քաղաքապետարանը «կեղծել էր գլխավոր հատակագիծը, որն այսօր այլեւս իրականությանը չի համապատասխանում»: Այսպես, գլխավոր հատակագծում փախստականների զբաղեցրած շենքը ներկայացված է որպես հանրակացարան, որպիսին երբեք չի եղել: «Իսկ իմաստն այն է, որ հանրակացարանները, որտեղ ապրում են փախստականները, առաջիկայում պետք է ազատվեն՝ քաղաքաշինական նպատակներով»,- ասաց Մ. Սարկիսովան:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել