Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐ ՊԱՇՏՊԱՆԻՑ

Օգոստոս 22,2006 00:00

Նաեւ՝ պաշտպանի մասնակցությամբ իր տված ցուցմունքներից
Երեկ «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից
Գագիկ Շամշյանը, որը հարուցված երկու տարբեր քրգործերով հանդես է գալիս մեկ՝ որպես
տուժող, մյուս դեպքում՝ որպես մեղադրյալ, երկու նույնաբովանդակ դիմում է ներկայացրել
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Հայկ
Մանգոյանին եւ նույն քննչական բաժանմունքի պետի տեղակալ Վիգեն Մեսրոպյանին: Մասնավորապես,
քննիչ Հ. Մանգոյանին՝ թիվ 12204206 քրգործի շրջանակներում, ուղղված դիմումում Գ.
Շամշյանը հայտնել է այն մասին, որ ս.թ. օգոստոսի 12-ին որպես տուժող ինքը դիմել էր
պրն Մանգոյանին՝ լրացուցիչ ցուցմունք տալու հնարավորություն ընձեռել իրեն ս.թ. հուլիսի
12-ին իր դեմ կատարված հարձակման համար, որի առթիվ քրգործ է հարուցվել խուլիգանության,
լրագրողի մասնագիտական օրինական գործողությունները խոչընդոտելու, ինչպես նաեւ իրեն
պատկանող գույքը բացահայտ հափշտակելու մեղադրանքներով: «Նույն օրը դիմումը հանձնելով
Ձեզ՝ Դուք հեռախոսային զրույց ունեցաք իմ պաշտպանի՝ փաստաբան Հովիկ Արսենյանի հետ,
ինչից հետո օգոստոսի 14-ին իմ պաշտպանի հետ ժամը 18:00-ին ներկայացա քննչական բաժին
ցուցմունքներ տալու: Տեղեկացնում եմ Ձեզ, որ ես հրաժարվում եմ օգոստոսի 14-ին Ձեր
աշխատասենյակում տված իմ ցուցմունքներից, քանի որ այդ ամենը գրվել է ոչ թե իմ բառերից,
այլ՝ իմ պաշտպան Հ. Արսենյանի թելադրանքով, եւ Դուք ականատեսն եք եղել, թե Ձեր ամեն
մի հարցին պատասխանելիս ինչպես էի ընդդիմանում իմ պաշտպանին՝ ասելով, որ հուլիսի
12-ին տեղի ունեցած դեպքը պետք չէ խեղաթյուրել, որ այդպես չի կարելի գրել, որովհետեւ
նման բաներ չեն եղել: Դեպքի հետ կապված ճիշտ եւ իրական փաստերը ես շարադրել եմ իմ
առաջին ցուցմունքում, որն ինձանից վերցրել է Ձեր աշխատակից, քննիչ Սիմոն Հարությունյանը:
Իմ այդ հորդորները, սակայն, իմ պաշտպանը բանի տեղ չէր դնում, այլ Ձեր ներկայությամբ
պատասխանում էր, որ որպես պաշտպան այդ մարտավարությունն է ճիշտ, որ եթե հրաժարվեմ
իր թելադրանքը գրելուց, ապա քննչական մարմինն ինձ կուղարկի հոգեբուժական հիվանդանոց՝
ստացիոնար փորձաքննության»,- գրել է Գ. Շամշյանն իր դիմումում՝ հստակեցնելով, որ
իր պաշտպանի ընտրած «մարտավարության» մեջ մտնում է ոչ թե ստացիոնար, այլ ամբուլատոր
փորձաքննություն նշանակելը: «Ուզում եմ Ձեզ հիշեցնել նաեւ, որ եղավ մի պահ,
որ ես դարձյալ ընդդիմանում էի եւ հրաժարվում էի գրել Արսենյանի հերթական «ճիշտ» թելադրանքը,
Դուք էլ ինձ խորհուրդ տվեցիք, որ իմ պաշտպանը փորձառու իրավաբան է, ճանաչված փաստաբան,
ու ինձ բախտ է վիճակվել, որ Արսենյանը ժամանակ է գտել զբաղվել իմ պաշտպանությամբ,
ուստի՝ արա այնպես, ինչպես Արսենյանն է խորհուրդ տալիս: Հայտնում եմ Ձեզ,
որ որպես տուժող հրաժարվում եմ իմ պաշտպան Հ. Արսենյանի պաշտպանությունից, քանի որ
իմ կամքին հակառակ է նա ինձ ստիպել ոչ իրական ցուցմունքներ տալ՝ իմ նկատմամբ կիրառելով
հոգեբանական ճնշումներ: Խնդրում եմ Ձեզ, որպեսզի Ձեր կողմից որեւէ քննչական գործողություն
չկատարվի եւ ինձ հնարավորություն տրվի նոր պաշտպան գտնելու, որի համար ինձ անհրաժեշտ
է 2-3 օր: Տեղեկացնեմ նաեւ, որ որպես քրգործի հիմք եւ իրականություն՝ ընդունեք մինչեւ
օգոստոսի 14-ը իմ կողմից գրված ցուցմունքներն ու կատարված առերեսումները»,- գրել
է Գ. Շամշյանը: Նույնաբովանդակ մի դիմում էլ՝ իր պաշտպանից հրաժարվելու մասին, նա
ներկայացրել է նույն բաժանմունքի պետի տեղակալ Վիգեն Մեսրոպյանին, ով քննում է ֆոտոթղթակցի
դեմ հարուցված քրգործը: Հիմա փորձենք հասկանալ, թե փաստաբան Հ. Արսենյանի
մասնակցությամբ Գ. Շամշյանն այդ ո՞ր ցուցմունքներն է փոխել: Նախ՝ իր ասելով, երբ
օգոստոսի 12-ին դիմել էր քննչական բաժնի քննիչ Հ. Մանգոյանին՝ լրացուցիչ ցուցմունք
տալու համար, ցանկություն էր ունեցել նախ պահանջել, որ Նուբարաշենի թաղապետի հոր՝
Անդրանիկ Հովհաննիսյանի հետ առերեսում անեն, որովհետեւ վերջինիս ցուցմունքները հակասել
էին Գ. Շամշյանի ցուցմունքներին, ապա՝ նաեւ արձանագրել, որ իր վարձակալած բնակարանում
կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են իրեն պատկանող ու իր դեմ հարուցված
քրգործի հետ կապ չունեցող իրեր: Հ. Արսենյանի ներկայությամբ տեղի ունեցած քննչական
գործողության ժամանակ վերջինս խորհուրդ է տվել դա չանել: Փոխարենն ի տարբերություն
հուլիսի 12-ին տված իր առաջին ցուցմունքի, Գ. Շամշյանը իրեն թելադրված ցուցմունքում
նշել էր, թե հուլիսի 12-ի ցերեկը իրեն տաքսի ավտոմեքենայից Նուբարաշենի թաղապետի
հայրը՝ Ա. Հովհաննիսյանը ոչ թե բռնի ուժով էր դուրս բերել ու հայհոյել, սպառնացել,
այլ՝ երբ Ա. Հովհաննիսյանը հայհոյելով մոտեցել էր տաքսի ավտոմեքենային՝ ինքը մեքենայի
դուռը բացել ու փախել էր, հետո էր տաքսու վարորդից իմացել, որ թաղապետի հայրը ցանկացել
էր իր հետ «խաթրով» խոսել: Երկրորդ, Գ. Շամշյանի սրբագրված ցուցմունքի համաձայն,
ոչ թե թաղապետի եղբայր Ռուբեն Հովհաննիսյանն էր իրենից խլել բջջային հեռախոսն ու
ձայնագրիչը, ոչ թե թաղապետի տեղակալ Վարդան Հարությունյանն ու թաղապետի օգնական Գուրգեն
Գասպարյանն են իր վրա հարձակվել, ինչպես նշել էր իր առաջին ցուցմունքում, այլ «ժողովուրդը»,
իսկ այդ ժամանակ հիշյալ անձինք, այդ թվում Ռ. Հովհաննիսյանը, իր ձեռքից ձայնագրիչն
ու բջջայինը վերցրել էր ոչ թե կողոպտելու նպատակով, այլ՝ որպեսզի չվնասվի, որ հետագայում
ինքը դրա համար պատասխանատու չլինի: Երրորդ, Գ. Շամշյանը, ի տարբերություն
իր առաջին ցուցմունքի, որտեղ նշել էր, թե ձայնագրիչի ու բջջայինի հետ միաժամանակ
իրենից խլել են նաեւ դրամապանակը, իր պաշտպանի թելադրանքով ցուցմունք է տվել, թե
դրամապանակն իրենից ոչ թե խլել են, այլ՝ ինքը գնացել տուն, փոխվել է ու տեսել, որ
դրամապանակը շալվարի արանքում է եղել: Ինքը պաշտպանի հետ խորհրդակցել է ու վերջինս
իրեն խորհուրդ է տվել ազնվորեն ասել «իրականությունը»: Գ. Շամշյանի ասելով,
պաշտպանն իրեն խորհուրդ էր տվել նաեւ ասել, թե ինքը չի կարող պնդել՝ արդյոք «ժողովրդի»
հարձակումն իր վրա նշված պաշտոնյանե՞րն են կազմակերպել, թե՞ ոչ: Ի դեպ, Գ.
Շամշյանի սրբագրված ցուցմունքները, փաստորեն, իր պաշտպանի ներկայությամբ համապատասխանեցվել
էին մինչ այդ իր վրա հարձակում գործած պաշտոնատար անձանց ցուցմունքներին: Կարծում
ենք, ակնհայտ է, որ այս ամենի միակ նպատակը Նուբարաշենի թաղապետի եղբորն ու նրա հարազատ-ընկերներին
քրգործից «չոր» դուրս բերելն է եղել, որը մատուցվել է, իբր, լրագրողի մասնագիտական
գործունեության դեմ կատարված գործողությունները անձնական հարաբերությունների հարթություն
չտեղափոխելու նպատակով՝ միաժամանակ հոգեբանական ճնշում գործադրելով ու «սպառնալով»,
թե հակառակ դեպքում նա կամ «կնստի», կամ կհայտնվի հոգեբուժարանում: Ն.
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Մենք պատրաստ ենք հրապարակել նաեւ փաստաբան Հովիկ
Արսենյանի պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել