Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՇՆԱՆԸ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԱՎԵԼԻ «ՀԱՌՆԵԼԻ» ԿԴԱՌՆԱՆ

Օգոստոս 22,2006 00:00

«Ազդակ»
ակումբում նման կանխատեսում արեց իր կանխատեսումներով հայտնի ՀՀԿ խմբակցության ղեկավար
Գալուստ Սահակյանը: Արմավիրի Նալբանդյան գյուղում ՀՀԿ-ի պաշտպանյալ թեկնածուն
արդեն իսկ պարտվեց «Բարգավաճ Հայաստանի» զորակցությունը վայելող թեկնածուին: «Առավոտը»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք սա իրենց համար
ապագա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մտահոգիչ նախանշա՞ն չէ, թե՞ կարծում
են, որ մինչ 2007-ը կհաջողեն «Բարգավաճ Հայաստանի» հետ պայմանավորվել, թե ում ինչքան
տոկոս է բաժին հասնելու: «ՀՀԿ-ն արդեն 500-ից ավելի համայնքապետ ունի եւ պարտադիր
չէ, որ ամեն տեղ հաղթենք»,- պատասխանեց պրն Սահակյանը:- Մենք՝ Հանրապետականը, իր
ամբողջ ներուժը չէր դրել Նալբանդյանում, կոնկրետ ես չեմ էլ այցելել այդտեղ, որովհետեւ
շատ սովորական ընտրություններ էին»: Մեր կեսկատակ տված հարցին ի պատասխան, որ մի՞թե
ՀՀԿ-ի ամբողջ ներուժը հենց ինքն է՝ բա ո՞ւր մնացին նոր անդամագրված նժդեհականները,
Գալուստ Սահակյանը լրջորեն պարզաբանեց. «Որ ասում եմ՝ ամբողջ ներուժը չենք ներդրել,
այսինքն՝ եթե ե՛ս էլ չեմ եղել այնտեղ, բնականաբար, եթե ամբո՛ղջ ներուժը ներդրված
լիներ, ե՛ս էլ պիտի այնտեղ լինեի: Ես չեմ կարծում, որ այստեղ կուսակցությունների
մրցակցություն կար: Այո, մեր տրամաբանությամբ բավականին տագնապած եւ ցնցումներով
ընտրություն էր, մեր վերլուծություններով: Ինչպես սովորական է դարձել մեր իրականության
մեջ՝ միշտ ուժայինները կա՛մ այս թեկնածուի կողքին են կանգնում, կա՛մ մյուս թեկնածուների:
Եվ եթե քաղաքականացված չեն լինում ընտրությունները (այսինքն՝ այդ ներուժի մասին է
խոսքը՝ չեն լինում տեղում), բնականաբար հաղթում է նա, ում կողքին կանգնած են լինում
ուժային տրամաբանությունը եւ տեղի խմբերը»: Ընդհանրապես «Բարգավաճ Հայաստան»-ՀՀԿ
հարաբերությունները ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպես բնորոշեց. «Մեկ զգալի է առասպելական
պոռթկումներ, մեկ՝ լիրիկական պոռթկումներ: Խնդիրը հետեւյալն է, որ «Բարգավաճ Հայաստանն»
այս ամիսների ընթացքում բավականին հզորացել է, իր ճանապարհն է հարթել եւ ընտրություններին
կմասնակցի պատշաճ: Իսկ ինչ վերաբերում է պայմանավորվածություններին՝ իհարկե, շատ
լավ կլիներ, որ այլ քաղաքական ուժերի հետ միասին՝ պայմանավորվածություններ լինեին
նաեւ «Բարգավաճ Հայաստանի» հետ: Սա կնպաստեր, որպեսզի ընտրության կեցվածքը ավելի
նորմալ եւ տրամաբանական լիներ»: Ըստ նրա՝ քաղաքական ուժերի հետ պայմանավորվածությունները
կարող են վերաբերել թափանցիկ, օրինական, «ավելի լուրջ, ավելի տրամաբանական ընտրություններ»
անցկացնելուն: Եվ հույս հայտնեց, որ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումներն այնպես
կիրականացվեն, որ գոնե «ընտրությունների օրն այն տեսարանները, որ մենք տարիներ շարունակ
ունեցել ենք, այլեւս չեն կրկնվի կամ կմեղմանան»: Արձագանքելով «Հանուն օրինական
ընտրությունների» քաղաքացիական շարժում ծավալելու ՕԵԿ նախաձեռնությանը՝ ՀՀԿ խմբակցության
ղեկավարը հիշեցրեց, թե օրինական ընտրության մասին հայտարարություններ արել է թե՛
Դաշնակցությունը, թե՛ «այդ մասին ամեն օր խոսում է նաեւ Հանրապետականը: Շատ ողջունելի
է, որ այսօր ՕԵԿ-ն էլ է նման հայտարարությամբ հանդես գալիս: Անհրաժեշտ է նստել, քննարկել՝
ինչ մեխանիզմներով»: Իր հերթին մի մեխանիզմ առաջարկեց՝ կուսակցությունները պետք է
փորձեն ժողովրդի մոտ «ներկայանալի դառնալ», եւ այդ պայմաններում ժողովուրդը կակտիվանա.
«Ինչքան շատ ընտրություններին մասնակից ընտրողներ լինեն, այդքան կեղծիքի դռները փակվելու
են: Ես չեմ կարծում, որ հայաստանյան որեւէ կուսակցություն կա, որ այսօրվանից հաշվարկում
է գնալ դեպի կեղծիքները»: Արձագանքելով այն գնահատականներին, թե ՀՀԿ-ի շարքերում
են համախմբվում քրեական տարրերը՝ Գալուստ Սահակյանը խորհուրդ տվեց «չխանդել, չվախենալ,
չչարախոսել»: Նույնչափ անվրդով արձագանքեց նաեւ մեկ այլ մեղադրանքի, թե Հայաստանի
տարածքով մեկ մարդկանց են հանրապետականացնում. «Շատ բնական եմ համարում եւ միեւնույն
ժամանակ՝ դրա մեջ շատ դրական բան եմ տեսնում: Իհարկե, ուժեղին միշտ էլ պիտի հարվածեն:
Եվ ինչքան ուժեղին հարվածեն՝ այնքան կուժեղանա»: Քիչ հետո առավել որոշակիացրեց. «Քաղաքական
կենտրոնական ուժն է հանրապետականը, եթե ցանկություն կա մեղադրելու, կարծում եմ, մեկ
այլ կուսակցություն էլ չկա, որին պիտի մեղադրեն»: Իր այս ասուլիսը ՀՀԿ խմբակցության
ղեկավարը սկսել էր 2006-ի ամառը բնութագրելով «իբրեւ անկախության թերեւս ամենաանհանգիստ
ամառներից» մեկը. «Որեւէ նախընտրական տարում այդքան մեծ նախապատրաստական աշխատանքներ
չեն կատարվում կուսակցություններում, որքան այս նախընտրական տարում է… Մարդիկ մտահոգություններ
ունեն, մարդիկ անորոշություններ ունեն եւ փորձելու են աշնանը որոշակիորեն հասարակության
առաջ ավելի տեսանելի դառնան, ավելի հառնելի եւ ավելի որոշակիացնել քաղաքական դաշտը:
Ինչու եմ ասում աշնանը, որովհետեւ դեռեւս դասական քաղաքական պայմանավորվածությունների
շրջանը, կարծում եմ, խոր աշնան ժամանակահատվածում տեղի կունենա»: Սա էլ՝ եւս մի կանխատեսում
մեր տեղական Նոստրադամուսից, որի կանխատեսումները իրականանում են՝ գերազանցապես:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել