Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐՎՈՔ ՉԷ

Օգոստոս 19,2006 00:00

Մոտավորապես այս է ԵԱՀԿ ներկայացուցիչ Միքլոշ Հարաշտիի նախօրեին հրապարակած զեկույցի իմաստը

Հունիսի 19-21-ը ԵԱՀԿ ներկայացուցիչ Միքլոշ Հարաշտին Երեւանում էր Հայաստանի ԶԼՄ-ների ազատության վիճակն ուսումնասիրելու նպատակով: Երեկ ԵԱՀԿ-ում նա հրապարակել է իր դիտարկումների արդյունքը, ինչը հայաստանցիներիս համար անակնկալներ չի պարունակում: Հիշեցնենք, որ դիտարկման անհրաժեշտությունը ծագել էր 2005թ. նոյեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո ԶԼՄ-ների ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու հետ կապված: Այս իմաստով, մինչ այս տեղի ունեցած գործընթացները ԵԱՀԿ ներկայացուցիչն իր զեկույցում ընդհանուր առմամբ դրական է գնահատել. «Հայաստանը ԶԼՄ-ների օրենսդրական դաշտում էական առաջընթաց է գրանցել, սակայն լրատվամիջոցների բազմակարծությունը մնում է սահմանափակված, տպագիր մամուլը ֆինանսապես թույլ է եւ պակաս ազդեցիկ»:

Զեկույցի համաձայն, էլեկտրոնային ԶԼՄ-ների ոլորտում գլխավոր խնդիրը բազմակարծության սահմանափակ լինելն է: Ուշադրություն է հրավիրված նաեւ այն փաստի վրա, որ Հ1-ը կառավարող բոլոր հինգ անձանց ուղղակիորեն նշանակում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Բացառությամբ սահմանափակ թվով հեռարձակումների, որոնք այլընտրանքային տեսակետներ են ներկայացնում, մնացածը հասարակությանը օբյեկտիվ եւ բազմակարծություն ապահովող տեղեկատվություն չեն ներկայացնում: Էլեկտրոնային ԶԼՄ-ները բնութագրվում են, որպես գերակշիռ մեծամասնություն, կառավարամետ՝ չնայած այն բանին, որ նախկին պետական հեռուստաընկերությունը վերակազմավորվել է հանրային հեռուստատեսության, եւ որ կան բազմաթիվ մասնավոր էլեկտրոնային ԶԼՄ-ներ»,- ասված է զեկույցում:

Ինչ վերաբերում է տպագիր ԶԼՄ-ներին, ապա՝ զեկույցի համաձայն, դրանք բազմակարծություն ապահովում են, նրանց տրամադրած տեղեկությունների ծավալը բազմազան է, ժամանակ առ ժամանակ նրանք բացահայտորեն քննադատում են քաղաքական գործիչներին: Սակայն, քանի որ նրանց տպաքանակները քիչ են՝ օրական 3000-4000 օրինակ, հայաստանյան տպագիր մամուլը բացարձակ թույլ է ու սահմանափակ դեր ունի հասարակությանն ինֆորմացնելու իմաստով: «ԶԼՄ-սեփականատերերին վերաբերող հարցերը բավարար չափով թափանցիկ չեն»,- ընդգծել է Հարաշտին՝ դա պայմանավորելով սեփականությանը վերաբերող օրենսդրության բացով:

ԵԱՀԿ ներկայացուցիչը նաեւ արձանագրել է, որ թեեւ Հայաստանում կան պետական տպագիր լրատվամիջոցներ, բայց քանի որ նրանց շրջանառությունը եւս մեծ չէ, բազմակարծության ապահովման տեսանկյունից նրանք խոչընդոտներ չեն ստեղծում: Զեկույցում մի շարք առաջարկություններ կան՝ ուղղված ՀՀ իշխանություններին: Նկատի ունենալով, որ, մասնավորապես, տպագիր մամուլը Հայաստանում ֆինանսապես թույլ է, որ կան պրոբլեմներ՝ կապված թերթերի տարածման հետ, նաեւ այն, որ հայաստանյան լրագրողական շրջանակները դժգոհություն են հայտնել հատկապես «Փոստային ծառայության» մասին օրենքի առնչությամբ, որով թերթեր տարածող կազմակերպությունն այլեւս պետք է համապատասխան լիցենզիա ունենա՝ առաջարկվել է բարեփոխել նաեւ այդ ոլորտը կարգավորող օրենսդրությունը: Նոր օրենքը, ըստ զեկույցի, հայաստանյան լրագրողական կազմակերպությունները համարել են մամուլի նկատմամբ «գրաքննության» թաքնված ձեւ: Զեկույցում առաջարկվել է նաեւ տպագիր մամուլին ազատել ԱԱՀ-ից կամ հարկային արտոնություններ տրամադրել:

Անդրադառնալով մասնավոր էլեկտրոնային ԶԼՄ-ներին՝ զեկույցում մատնանշել է, որ հեռարձակման լիցենզիայի տրամադրման եւ գործող ոչ համարժեք հակամոնոպոլային կանոնների պատճառով մասնավոր հեռարձակողների ներկայացրած՝ առանց այն էլ սահմանափակ այլընտրանքային ձայնն «օդից կախված է մնում»: Զեկույցի համաձայն, Հայաստանում գործում են չորս մասնավոր հեռուստաընկերություններ, թեեւ ընդհանուր առմամբ երկրում կան 57 հեռուստաընկերություններ, բազմաթիվ ռադիոկայաններ, որոնց դերը, սակայն, սահմանափակված է զվարճանքի ծրագրերով: Միակ բացառությունը «Ռադիո-Ազատության» հաղորդումներն են, որոնք հեռարձակվում են հանրային ռադիոյով:

Զեկույցից նաեւ պարզ է դառնում, որ ԵԱՀԿ ներկայացուցիչը էլեկտրոնային ԶԼՄ-ների լայն սպեկտրի առկայության պայմաններում անգամ նրանց հաղորդումներում այդպես էլ հասարակական կարծիքի բազմազանություն չի նկատել:

Ի դեպ, Հարաշտիի զեկույցում անդրադարձ կա նաեւ իր այցելության ժամանակ ՀՀ նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Քոչարյանի կողմից իրեն ներկայացված մի ցանկի, որտեղ, ինչպես հավաստիացրել էր ՀՀ նախագահը, նշված է եղել, թե հատկապես ընդդիմադիր գործիչներից ով՝ քանի անգամ է հեռուստաեթեր ստացել: «Նախագահի աշխատակազմը հաղորդել էր, որ 11 հեռուստաալիքներից 7-ով, ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 23-ը, եթեր է տրամադրվել ոչ կառավարական կազմակերպությունների 73 ներկայացուցիչների՝ ընդ որում, այս ցանկում ներառված չեն եղել այն թոք-շոուները, ուր հրավիրված են եղել նաեւ այլընտրանքային կարծիք արտահայտողներ: Չնայած այս օրինակներին, Երեւանի մամուլի ակումբը պնդում է, որ եթերում այլընտրանքային տեսակետների սուր պակաս է զգացվում: Թվով հինգ ամենախոշոր հեռուստաալիքները՝ ներառյալ Հ1-ը, մեծ մասամբ կենտրոնացած են երկրի առաջնորդների, պետական համակարգում եղած քաղաքական գործիչների ու ազդեցիկ գործարարների վրա»:

Հարաշտիի ներկայացրած զեկույցում ասված է նաեւ, որ ԶԼՄ-ների ազատությունն ապահովող օրենսդրական դաշտում գլխավոր խնդիրներից են էլեկտրոնային ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենքն ու ՀՌԱՀ-ի կողմից լիցենզավորման կարգը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել