Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Օգոստոս 19,2006 00:00

Գերմանիայի Մայնց քաղաքում մեկնարկած
շախմատային փառատոնի շրջանակներում «Chess 960»-ի կամ, ինչպես ասում են՝ «Ֆիշերի
շախմատի» աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարն սկսեցին գործող չեմպիոն ռուսաստանցի
Պյոտր Սվիդլերը եւ տիտղոսի հավակնորդ հայաստանցի Լեւոն Արոնյանը: Ըստ
կանոնակարգի, մրցամարտը տեւելու է չորս օր: Մրցակիցները խաղում են ութ տուր, օրական
երկու պարտիա: Մեկնարկային օրը Լեւոնը սկսեց մեծ վերելքով եւ երկու անգամ
Սվիդլերին հարկադրեց կանգնեցնել ժամացույցը: Երեկ նրանք պետք է խաղային երկրորդ տուրում:
Չնայած մարզասերները լավ են ճանաչում երկու գրոսմայստերներին, այնուամենայնիվ, արժե
հիշեցնել շախմատիստների միջազգային մարզական նվաճումները: Լեւոն Արոնյան.
Էլոյի վարկանիշը հուլիսի 1-ի դրությամբ՝ 2761: ՖԻԴԵ-ի աշխարհի 2005թ. գավաթակիր:
2002թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն: 2006թ. օլիմպիական չեմպիոն: Ստեփանակերտի
(2005թ.) եւ Լինարեսի (2006) միջազգային մրցաշարերի հաղթող: Պյոտր Սվիդլեր.
Էլոյի վարկանիշը հուլիսի 1-ի դրությամբ՝ 2742: ՖԻԴԵ-ի 2001թ. աշխարհի առաջնության
կիսաեզրափակիչի մասնակից: 1994, 1996, 1998, 2000, 2002 թթ. օլիմպիական չեմպիոն:
Աշխարհի 2005 թ. թիմային չեմպիոն: Թիլբուրգի (1997), Դորտմունդի (1998, 2006), Վարշավայի
(1999, արագ շախմատ), Բիլի (2000), «Աերոֆլոտ Օթեն» (2003) միջազգային մրցաշարերի
հաղթող: Ինչպես տեսնում ենք, Սվիդլերն անհամեմատ ավելի մեծ մրցափորձ ունի
եւ նվաճումներն էլ շատ են: Այնպես որ, Լեւոնի վստահ հաղթանակներն ավելի մեծ արժեք
են ստանում: Արոնյան-Սվիդլեր մրցամարտին զուգահեռ, արագ շախմատի ամենամյա
մրցամարտի հաղթողին են որոշում գրոսմայստերներ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ
Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան): Առաջին օրը հաջողությունն ուղեկցեց Ռաջաբովին: Մեկնարկային
պարտիայում ոչ-ոքի անելուց հետո նա այնուհետեւ առավելության հասավ, օգտվելով Անանդի՝
նյութական առավելություն ստանալու չափից ավելի մեծ ձգտումներից: «Chess Classic
Mainz» փառատոնը լուսաբանող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ի տարբերություն
անցկացվող մյուս հեղինակավոր մրցաշարերի, որոնցում հանդես են գալիս միայն ընտրյալները,
Մայնցում իրենց կարողությունները ստուգել կարող են որոշակի մակարդակի հասած շախմատիստները:
Այստեղ լիակատար ժողովրդավարություն է: Այս տարի կազմակերպիչներն ընդլայնել են ծրագիրը:
Արդեն հայտնի են դրանց հաղթողները: «Chess 960»-ի կանանց չեմպիոնի կոչման համար պայքարում
ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը հաղթել է Գերմանիան ներկայացնող Էլիզաբեթ Պետցին,
վետերանների մրցապայքարում Լայոշ Պորտիշը զիջել է Վլաստիմիլ Հորտին, երիտասարդների
մեջ Արկադի Նայդիչը տանուլ է տվել «Պենտալա Հարիկրիշնա եւ համակարգչային ծրագրեր»
թիմին: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել