Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյանը ցուցմունք տվեց

Օգոստոս 19,2006 00:00

«Ժամանակ Երեւանի» խմբագիրը իրեն մեղավոր է ճանաչում մասամբ

Երեկ Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Մնաց Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսվեց հունիսի 26-ին ձերբակալված «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի դեմ հարուցված քրգործի քննությունը: Դատական նիստերի դահլիճում հիմնականում լրագրողներ էին: Մեղադրանքը պաշտպանում էր Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ Ժաննա Կոտիկյանը: Վերջինս մինչ երեկ հայտնի էր որպես «զինդատախազության դատախազ»: Դատական նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ նիստին ներկա չէ տուժողը՝ Արմինե Առաքելյանը, որը ԱՄՆ մեկնելու ինքնաթիռի տոմսն ու դիմումն էր ուղարկել դատարան: Դատարան չէին եկել նաեւ երկու վկաները՝ Կարեն Խաչատրյանն ու Տիգրան Հարությունյանը: Ներկա էր վկա ճանաչված Արմանի հայրը, որը ցուցմունք տալուց հրաժարվեց: Օրենքը մերձավորի դեմ ցուցմունք չտալու իրավունք է տալիս:

Մեղադրողը հրապարակեց Ա. Բաբաջանյանի դեմ առաջադրված մեղադրականի եզրափակիչ մասը: Խմբագիրը մեղավոր ճանաչեց իրեն մասնակիորեն. «Մեղավոր եմ ճանաչում, որ իմ թողտվությամբ կեղծ փաստաթղթեր են օգտագործվել զինծառայությունից խուսափելու համար, սակայն կեղծ փաստաթղթերի պատրաստման եւ հափշտակության մասով համաձայն չեմ»։ Արման Բաբաջանյանը երեկ ոչ միայն ցուցմունք տվեց, այլեւ ավարտեց այն` պատասխանելով մեղադրողի եւ նախագահողի հարցերին: Նա ասաց, որ 1998-ին հանգամանքների բերումով մեկնել է ԱՄՆ, իսկ 2001-ին ընդունվել Հարավային Կալիֆոռնիայի համալսարան: Մինչ այդ հոգեւոր կրթություն է ստացել Վենետիկում, ապա` Գեւորգյան ճեմարանում: Մինչեւ 2001-ը ունեցել է տարկետման իրավունք. բանակից ազատված էր: Նա հատուկ եկել է Հայաստան, ներկայացել Շենգավիթի զինկոմիսարիատ, ուր տեղեկացել է, որ համալսարանական կրթության մասին իրազեկելով` չի կարող ազատվել. «Դրսում կանգնած զրուցում էի, մի մարդ մոտեցավ, իմանալով պատմությունը՝ խոստացավ հարցերը լուծել»,- շարունակեց Բաբաջանյանը, որին դատավորը այդ կապակցությամբ հարցրեց. «Անծանոթ մեկը փորձել է օժանդակել: Վճարե՞լ եք»: Բաբաջանյանն ասաց, որ վճարում չի եղել:

Գլխավոր խմբագիրը դատարանին նաեւ ասաց, որ երբ ծանոթացել է գործում առկա փաստաթղթերին, կարող է պնդել, որ այդ բովանդակությամբ թղթեր չէր կարող պատրաստել: Մասնավորապես, իմանալով, որ Կալիֆոռնիայում պետական համալսարան չկա, չէր կարող նման փաստաթուղթ պատրաստել: Ըստ ցուցմունքի, որպեսզի չհայտնվի հետախուզման մեջ, իր ճեմարանական ընկերոջ՝ Վահե Աբովյանից ուզել է նրա ամուսնության եւ երեխայի ծննդյան վկայականները, քանի որ ԱՄՆ-ում իրեն ծանոթացրել են Հովիկ անունով մեկի հետ, որը խոստացել էր կարգավորել հարցը: «Իմ ու Վահեի մտերմությունը թույլ էր տալիս չհարցնել, թե ինչու են պետք այդ փաստաթղթերը»: Նա չընդունեց Վահեի երկրորդ երեխայի ծննդյան վկայականի հափշտակելու փաստը. «Չէի կարող գողանալ մի փաստաթուղթ, որը գոյություն չունի».- նշեց պարոն Բաբաջանյանը: Նա կտրականապես հերքեց, թե փաստաթղթերն ուղարկել է իր մորը, որն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի արձանագրային բաժնում: Մեղադրողին հետաքրքրում էր, թե «Համարո՞ւմ եք, որ ձեր նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում», Ա. Բաբաջանյանն ասաց. «Նախաքննական մարմնում կար այդ միտումը` խափանման միջոցի հետ կապված: Չէի խոչընդոտի նախաքննությանը եւ հասկանում եմ իմ կոլեգաներին: Նրանք իրավացի են»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել