Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԳՐԱՆԻ ՔԱՂԱՔԸ ԱՂԴԱՄԻ ՄՈՏ Է

Օգոստոս 19,2006 00:00

Հայտնաբերվել են համաքրիստոնեական նշանակության գտածոներ ԼՂՀ-ի Տիգրանակերտում

Կիրակի օրը պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը կվերադառնա Երեւան եւ առաջիկա օրերին պաշտոնապես հայտարարություն կարվի Արցախի արեւելյան սահմաններում իրենց հայտնաբերած Տիգրանակերտ քաղաքի ու համաքրիստոնեական նշանակություն ունեցող պեղումների արդյունքների մասին, որ իրականացվել է Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ: «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին համոզված է, որ քրիստոնեական սրբավայրերի գոյությունը Արցախի Տիգրանակերտում այսօր արդեն միանշանակ սնանկ է դարձնում ղարաբաղյան խնդրի համատեքստում շահարկվող ադրբեջանական այն պնդումները, թե իբր այդ հողերը հայկական չեն:

Դեռ անցյալ տարվա ապրիլից սկսված պեղումները, փաստորեն, ապարդյուն չանցան: Գիտնականները հայտնաբերել էին Արցախի Տիգրանակերտի միջնաբերդի պարիսպները, այնուհետեւ հայերեն ու հունարեն արձանագրություններով ու հունական խաչերով քարանձավներ, որոնք քրիստոնեական աղոթավայրեր են եղել մինչեւ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ճանաչվելը: «Դա փաստորեն Տիգրանակերտի քրիստոնյաների գաղտնի հավաքատեղին էր, երբ Հայաստանում քրիստոնեությունն արգելված էր: Այդ քարանձավի մեջ Արցախ նահանգի իշխանական ընտանիքները հայերեն արձանագրություններ են թողել, թե ինչպես են ուխտագնացության եկել ու աղոթել»,- տեղեկացրեց պրն Արծրունին:

Օգոստոսի 3-18-ը արշավախումբը պեղել է բուն քաղաքավայրը եւ այն տարածքը, որտեղ սկզբում պարիսպների փորվածքներն էին հայտնաբերվել: Հենց քաղաքամիջում էլ հայտնաբերվել է քարե խաչ ու 6-րդ դարի բազիլիկ եկեղեցի՝ սրբատաշ քարերով: Ս. Արծրունու փոխանցմամբ, նման եկեղեցիներ ժամանակին կառուցվել են նաեւ մյուս մայրաքաղաքներում՝ Դվինում, Արտաշատում: «Երկիրի» նախագահը փաստեց, որ Տիգրանակերտի միջնաբերդի հսկայական պարիսպը կառուցված է հելլենիզմի շինարարական ու ճարտարապետական ամենազարգացած նորմերով, ինչը մասնագետներն անվանում են ծիծեռնակապոչի շարվածքով պատ: «100%-ով հաստատված է, որ դա Տիգրանակերտն է, ապացույցը՝ քրիստոնեական մշակույթի 2 մեծ օջախները՝ 5-6-րդ դդ. բազիլիկան եւ քարանձավային վանքային համալիրը: Մինչ այսօր աշխարհի թուրքամետ բլոկն ասում է, որ այդ հողերը հայկական չեն, իսկ գիտությունն ապացուցում է, որ հենց Աղդամի մոտ հսկայական քաղաք է եղել: Անգամ քաղաքի ջրամատակարարման ամբողջ ենթակառուցվածքն ենք գտել: Քաղաքական խնդիրներից զատ, կարեւորում եմ բացահայտումների քաղաքակրթական նշանակությունը՝ այն իմաստով, որ Արցախի արեւելյան հատվածը քրիստոնեության ծագումնային շրջանի օջախներից մեկն է եղել: Համոզված եմ, որ մեր հայտնագործությունները ոչ միայն հայկական քաղաքական խնդիրներին կծառայեցվեն, այլեւ ամբողջ աշխարհի քաղաքակրթությունների ուսումնասիրման գործընթացներում մեծ դեր կունենան»,- նշեց մեր զրուցակիցը:

«Կարծում եմ, որ 70 տարիների ընթացքում այդ տարածքում Աղդամի իշխանությունները հայտնաբերել էին ինչ-որ բաներ ու քանդել, որովհետեւ հենց քրիստոնեական բազիլիկ եկեղեցու տեղում փորվածք էր, ոչ թե թումբ: Ըստ երեւույթին, քանդել էին, քարերն օգտագործել, որ հետքը չերեւա»,- ավելացրեց պրն Արծրունին: Ի դեպ, ուշագրավ այս հայտնագործությանը առաջինը արձագանքել է Ադրբեջանը, վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարարի հայտնի հայտարարությունը, թե Աղդամը հայկական չէ: «Մենք ոչինչ քաղաքականացնելու նպատակ չենք հետապնդում, ադրբեջանցիների հայտարարություններին լուրջ չենք վերաբերվում: Բանակցությունների ժամանակ հնարավոր է տարբեր կարծիքներ հնչեն, բայց այսօր արդեն գիտությունն իր փաստարկներն ունի այս տարածքների վերաբերյալ»,- ասում է Ս. Արծրունին:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել