Լրահոս
Օրվա լրահոսը

Այրվող տարածաշրջան

Օգոստոս 19,2006 00:00

«Գրավյալ տարածքներում հրդեհների տարածումը կանխելու նպատակով Ադրբեջանը կոնկրետ առաջարկով դիմել է Հայաստանին»,- ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նա նշել է, թե այդ առաջարկը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցելու ներկայումս Երեւանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Արտգործնախարարի խոսքերով, հիշյալ նախաձեռնության ընդունման դեպքում հրդեհված տարածքներում շիջման գործողություններ կիրականացվեն միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: «Առայժմ վաղ է ասել՝ ինչպես են կատարվելու այդ աշխատանքները, սակայն դրանց կմասնակցեն բոլոր պատասխանատու կազմակերպությունները»,- հավելել է Մամեդյարովը: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ( ըստ Day.Az-ի) կարծիք է հայտնել, թե «ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչը բավականաչափ իրազեկ չէ՝ Ադրբեջանի գրավյալ տարածքներում հրդեհների պատճառների շուրջ անաչառ զեկույց պատրաստելու համար»: «Կասպրշիկը ինքն է ասել, որ էկոլոգ չէ: Ուստի, նրա պնդումը, թե հրդեհների պատճառները բնական են, բացարձակապես անհիմն է»։ Հուլիսի վերջին նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին էր հանդես եկել հրդեհների դեմ պայքարի համատեղ կազմակերպություն ստեղծելու առաջարկով: «Դա կարող է կողմերի միջեւ որոշակի շփումների առիթ դառնալ եւ վստահություն ստեղծելու միջոց հանդիսանալ մի տարածքում, որտեղ նրանք ապագայում պետք է միասին ապրեն ու աշխատեն»,- ասել էր Սեմնեբին:

Երեկ Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը վերոհիշյալի կապակցությամբ «Առավոտին» փոխանցեց, որ ՀՀ-ն պաշտոնապես դեռ չի ստացել Ադրբեջանի կողմից Կասպրշիկի միջոցով Երեւանին ներկայացված «հակահրդեհային» առաջարկությունները, ինչը ստանալուց հետո միայն Հայաստանը կարող է պաշտոնապես վերաբերմունք արտահայտել դրա կապակցությամբ:

Վերջին օրերին շոգ եղանակի պատճառով բռնկվող հրդեհների թեման պակաս արդիական չէ ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, այլեւ Ջավախքում: Այնտեղ, ի դեպ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաեւ թուրքական ինքնաթիռները: Այս կապակցությամբ Վրաստանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարությունը, «Կովկասպրեսի» կողմից երեկ փոխանցված մի հաղորդագրության համաձայն, հայտարարել է, թե «Աբասթումանի շրջանում հրդեհների մարման աշխատանքներին մասնակցող թուրքական ինքնաթիռներն այնտեղ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ կրակը լիովին չի մարել»: Հաղորդում է նաեւ, որ թուրքական վեց ինքնաթիռներից յուրաքանչյուրը երեկ հինգ տոննա ջուր է թափել հրդեհված տարածքների վրա: Երեկ դրանք շարունակում էին կրակի մարման նպատակով իրականացվող թռիչքները:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել