Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԴՈՅԱՆ, ՉԳՆԱ՞ՆՔ ԱԿՈՒՄԲ

Օգոստոս 19,2006 00:00

Վերջին 15 տարում ԱԺ ամենահայտնի պատգամավոր Արշակ Սադոյանն ակումբային գործունեության մեծ փորձ ունի

Ակումբ թիվ 1

Առաջին ակումբին Արշակ Սադոյանը մաս է կազմել 25 տարեկան հասակում՝ Մոսկվայում, երբ 1968-1970-ին սովորում էր պետական համալսարանի ասպիրանտուրայում: Այն 1965-ի ապրիլի 24-ին Հայաստանում անցկացված պահանջատիրական ցույցերից ծնված ոգեւորության ծնունդ էր:

Երիտասարդ Սադոյանն իր ծանոթներից մեկի՝ ակադեմիայի ասպիրանտի հետ տուն էր վարձել Դմիտրի Ուլյանով փողոցի վրա: Իսկ հանրակացարանում իրեն հատկացված մեծ սենյակը, որը նախատեսված էր 3 հոգու համար՝ հետագայում դարձավ հավաքատեղի: «Այն պաշտոնապես կոչեցինք «Հայկական ակումբ»,- պատմեց պրն Սադոյանը: Այս ակումբին մաս էին կազմում նաեւ Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանը, Հայկ Ղազարյանը (կրթության նախկին նախարար), Էդվարդ Ղազարյանը (ակադեմիայի փոխպրեզիդենտ) եւ այլ բազմաթիվ հայտնի մարդիկ: Խմբի յուրօրինակ ղեկավարը, ըստ Արշակ Սադոյանի, Վրեժ Համբարձումյանն էր, որը քաղցկեղից մահացավ՝ 30-ը դեռ չլրացած:

Այս օրերի հետ կապված Արշակ Սադոյանը մի ուշագրավ դեպք պատմեց. «Բանաստեղծ Սլավիկ Չիլոյանը մի տարի Մոսկվայում էր ապրիլի 24-ի օրերին: Երբ իմ սենյակից, որ նաեւ հյուրասենյակ էր հյուրանոցային բարդություններ ունեցող մարդկանց համար՝ դուրս եկանք փողոց, ուր հավաքված էին 100-200 մարդ, հարցրեց. «Արշակ, եթե ամեն մեկից մի ռուբլի վերցնենք՝ ինչքա՜ն փող կհավաքվի»:

Ակումբ թիվ 2

Մոսկվայի «Հայկական ակումբի» հիմնական կորիզն այնուհետեւ շարունակեց իր գործունեությունը Երեւանի համալսարանում՝ արդեն «Հայ մշակույթի ակումբ» անվանումով, որն առավել ձեւավորված եւ հայտնի կառույց էր: Միացել էին նոր մարդիկ՝ հետագայում Կրոնի գործերի պետական խորհուրդը ղեկավարած Լյուդվիգ Խաչատրյանը եւ այլք:

«Մեկ-մեկ անհրաժեշտություն էր ծագում հանդիպել նաեւ ոչ համալսարանում,- պատմեց պրն Սադոյանը:- Տարբեր մարդկանց տներում էինք հավաքվում: Ես էլ որոշեցի մի քիչ ավելի ազատ՝ ակումբային տրամադրություններ ստեղծել: Հաճախ ասում եմ, որ ձմռանն ունեմ 2 սենյակ, իսկ ամռանը՝ 4-5, քանի որ կարելի է նստել բակում, նաեւ բաց պատշգամբում: Ամեն դեպքում՝ նաեւ ցուրտ եղանակին, անձրեւներին պատրաստ լինելու համար մայրիկիս խնդրեցի, որ հնարավորություն տա մեր նկուղներից մեկի համար առանձին մուտք սարքել, որ այնտեղ հավաքվենք»: Այդ մառանում կար բուխարի, կոճղեր եւ այլն: «Հավաքույթները մառանում սկզբում նախատեսված էին միայն չորեքշաբթի օրերին: Իսկ հետագայում այնպես ստացվեց, որ համարյա ամեն երեկո էինք հավաքվում»,- պատմեց պրն Սադոյանը:

Մեր հարցին, թե միայն քաղաքականությունի՞ց էին խոսում՝ անկեղծորեն պատասխանեց. «Դե, ջահել էինք, նաեւ պարում էինք: Խմելու փորձեր էլ եղան, բայց ես մառանում մտցրի «գինու օրենք»: Չոր գինուց շատ դժվար է հասնել հարբածության աստիճանի: Եվ փառք Աստծո, հաջողվեց մարդկանց բավական հետ պահել ալկոհոլային տրամադրություններից»: Սթափ ուղեղ է պետք քաղաքական ծրագրեր կազմելու համար:

Արշակ Սադոյանը ընդհանրապես շատ է կարեւորում նման հավաքույթները. «Մինչեւ 1988-ի ակտիվ շարժման սկիզբը՝ չնայած արդեն ծանրաբեռնված էի ընտանիքով, երեխաներով եւ այլն՝ ավանդույթ էր երեկոները հավաքվելը «Սկվազնյակ»-ում, «Պապլավոկ»-ում կամ «4-րդ խանութում»: Նման հավաքներին ու քաղաքական քննարկումներին շատերն իմիջիայլոց են վերաբերվում, սակայն ինքս տրամադրված եմ առավել «կոլեկտիվ» մտածելուն: Եվ հաճախ կարեւորագույն մտքերը ծնվում էին հենց այդ վիճաբանությունների եւ զրույցների ընթացքում: Կարծում եմ, նման հավաքույթներն օգտակար են եւ պետք է հնարավորինս շարունակվեն»:

Ակումբ թիվ 3

Հենց այդ պատճառով էլ մի քանի տարի առաջ՝ ԱԺՄ-ից հեռանալուց եւ ԱԺԴ-ն ստեղծելուց հետո, Արշակ Սադոյանը նախաձեռնեց մի նոր քաղաքական ակումբի ստեղծում:

Սկզբնապես ուղղակի կուսակցական գրասենյակի համար էր տեղ փնտրում, եւ քաղաքային իշխանությունները՝ հանձինս քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, առաջարկեցին՝ տեղ գտնել ու կառուցել սեփական շենքը: Փնտրտուք սկսվեց, որն ավարտվեց «Նաիրի» կինոթատրոնի շենքի բակում, «Տիր»-ի կողքին գտնվող մի տարածքով: Նախատեսվում էր, թե շենքը պիտի կառուցվի սյուների վրա:

Հենց այդ ժամանակ էլ պրն Սադոյանն առաջադրեց քաղաքական ընտրանու համար առանձին հավաքատեղի ստեղծելու գաղափարը. «Շատ օգտակար կլինի, եթե ե՛ւ նախկին, ե՛ւ գործող իշխանավորները հաճախ հավաքվեն, խորհրդակցեն մի գավաթ սուրճի շուրջ: Բնական է, դրա համար պետք է ստեղծել պայմաններ: Ես առաջարկեցի, որ իմ կուսակցության գրասենյակի համար նախատեսվող տարածքի մեծ մասը զբաղեցնի այդ «Քաղաքական էլիտար ակումբը»:

Արշակ Սադոյանը խոստովանում է, թե իրեն աջակցողներ էին հարկավոր, քանի որ կուսակցական միջոցները բավարար չէին այս ծրագիրը կյանքի կոչելու համար. «Առաջարկությունս ոգեւորությամբ ընդունվեց: Եվ նույնիսկ իշխանության որոշ ներկայացուցիչներ ասացին, թե լավ, բայց խոստանո՞ւմ եք, թե սուրճի շուրջ կվիճենք, այլ ոչ հրացաններով («Բիլակներով»,- լրացրինք մենք.- Ա. Ի.): Իսկ ես ասացի, որ դա արդեն պայմանավորված կլինի ձեր՝ զիջումների գնալու պատրաստակամությունից»:

Ըստ նրա, գործարարները շատ արագ հասկացան, թե այս էլիտար ակումբից կարող են բավական մեծ եկամուտներ ունենալ. «Թե՛ նախկինները, թե՛ ներկաների մեծ մասը քիչ թե շատ ապահովված մարդիկ են: Եվ նման ակումբը՝ իր սրճարանով, արագ հաշվեցին, որ եկամտաբեր կլինի»: Սադոյանն առանց անուններ տալու՝ վստահեցնում է, թե գրեթե բոլոր խոշոր գործարարներն են հայտնել իրեն աջակցելու պատրաստակամություն: Եվ պայմանավորվել են բաժնետիրական ընկերություն հիմնելու մասին:

Այժմ կան տարածքը, ակումբը կառուցելու թույլտվությունը, ճարտարապետա-նախագծային առաջադրանքը, գծագրերը: Սակայն տեխնիկական բարդությունների, նաեւ 2003-2004-ի քաղաքական լարվածության պատճառներով ձգձգվեց աշխատանքների սկսվելը: «Իսկ հիմա կարծում եմ, թե հարկ է արագացնել «Քաղաքական ակումբ» հասարակական կազմակերպության ստեղծման գործը»,- ասում է Արշակ Սադոյանը: Ըստ նրա, այս կազմակերպության անդամ կարող են լինել նախկին ու ներկա բոլոր պատգամավորները, նախկին եւ ներկա բոլոր նախարարներն ու փոխնախարարները, Հայաստանի բոլոր քաղաքների ղեկավարները, գլխավոր դատախազները… Այսպիսով կվերացվի անջրպետը «մազութ լափածների» եւ նրանց դրա մեջ մեղադրողների միջեւ:

Ակումբ թիվ 4

Արշակ Սադոյանը նախագիծ ունի չորրորդ իշխանության ներկայացուցիչների համար էլ: «Քանի որ դեռ 60-70-ական թվականներից ինքս կապված եմ «Սկվազնյակի» եւ «Պապլավոկի» հետ՝ կարծում եմ, թե ասենք, Դրամատիկական թատրոնի առջեւ գտնվող «Դիմակ» սրճարանը կարելի է ընտրել որպես մամուլի ներկայացուցիչների հավաքատեղի»: Նա անգամ պատրաստ է ԱԺԴ գրասենյակը չորեքշաբթի օրերը տրամադրել լրագրողներին՝ քաղաքական քննարկումների համար:

Նկատենք, որ կառավարության երեկվա նիստում, հաշվի առնելով, որ Մամուլի շենքի 8-րդ հարկում «Պրավդա Արմենիի» թերթին տրամադրված 19.9 քմ մակերեսով տարածքը փաստացի չի զբաղեցված, որոշվել է այն տրամադրել «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպությանը: Այնպես որ, առնվազն տնտեսական լրագրողներն առայժմ կարող են հանդես գալ առանց «Դիմակի»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031