Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ,

Օգոստոս 19,2006 00:00

Սա «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի դեղատոմսն է առաջիկայի համար

Դատելով ընդդիմադիր առանձին ուժերի արած հայտարարություններից՝ մասնավորապես Հայաստանում կրիմինոգեն իրավիճակի դեմ պայքարի համատեքստում ընթացող բանակցությունների ու այդ նպատակով հնարավոր համագործակցությունների մասին, այս ամառն «աշխատանքային» է ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր կուսակցությունների համար:

Երեկ մեզ հետ զրույցում «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն էլ վստահեցրեց, որ իր գլխավորած կուսակցությունն ամառվա այս տապին, «երբ երկրի շատ «լիդերներ» հանգստանում են ծովափերում կամ եվրոպական կազինոներում օրեր են անցկացնում», շարունակում է աշխատել իր փոքրիկ գրասենյակում ու շփվել այլ կուսակցությունների ներկայացուցիչների ու առաջնորդների հետ: Դրանց արդյունքը, Գ. Մարգարյանի հավաստիացմամբ, առաջիկայում ավելի հրապարակային բնույթ կստանա: Նրա ասելով, սեպտեմբերի առաջին օրերին տեղի է ունենալու Հայաստանի մտավորականների հերթական՝ 10-րդ ֆորումը, որը նախաձեռնել է մտավորականների ավագանին, եւ որի հետ ի թիվս այլ կուսակցությունների՝ համագործակցում է նաեւ «Հայրենիքն ու պատիվը»: Այս կուսակցության նախագահի փոխանցմամբ, ֆորումում գնահատականներ են տրվելու ոչ միայն Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակին, իշխանության ճամբարում ընթացող խմորումներին, այլեւ մատնանշվելու են ընդդիմության անելիքները: «Նորից հին եղանակներով, հին մեթոդներով պայքարելն արդյունավետ չէ: Ամպագոռգոռ բառեր՝ «հեղափոխություն», «միավորում» ասելով ոչինչ չի ստացվի: Դա կեղծիք է, անհիմն է եւ արդարացված չէ»,- հայտարարեց Գ. Մարգարյանն ու իր ասածը հիմնավորելու համար որպես օրինակ բերեց 2005թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ ավելի քան 25 կազմակերպությունների միավորումը: Ըստ նրա, այդ միավորումը որեւէ արդյունք չարձանագրեց, որովհետեւ «առկա էր կուսակցությունների լիդերների ամբիցիան, նեղ կուսակցական «գաղափարախոսությունը»: «Դրա համար, կարծում եմ, պետք է ընտրել պայքարի նոր ճանապարհ, որը գործող ռեժիմն ինքը մատուցեց ընդդիմությանը: Հիմա մնում է կազմակերպված եւ խելացի օգտագործել այդ առիթը»,- ասաց Գ. Մարգարյանը: Իսկ առիթը ՀՀԿ-ի «թարմացումն» էր, ինչպես Գ. Մարգարյանը ձեւակերպեց՝ «առնետներով» ու կրիմինալ տարրերով: «ՀՀԿ մտածների մեծ մասը կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներ են, որոնք թափանցել են քաղաքական դաշտ, իշխանություն, նախարարի պաշտոն են ստացել, կուսակցություններ, բանկային համակարգ են ղեկավարում ու երկիրը պահում են իրենց ձեռքում: Հենց նրանք էլ մեզ հուշեցին, որ պետք է սկսել պայքար կրիմինալի դեմ, բայց ոչ այնպես, ինչպես վերջերս հնչում է՝ կործանենք: Ոչ, այդպես չեն անում: Պետք է խոսել անուն-ազգանուններով, նրանց անցյալի մասին, նրանց արածների մասին»,- ասաց պարոն Մարգարյանը՝ հավաստիացնելով, որ այդ դեպքում հասարակությունը կարձագանքի ընդդիմության պայքարին ու կկանգնի ընդդիմության կողքին:

Կուսակցության նախագահի համոզմամբ, չպետք է թույլ տալ, որ ռեժիմը գնա հերթական ընտրությունների, որովհետեւ դա նշանակելու է ռեժիմին հնարավորություն տալ վերարտադրվելու: «Այդ դեպքում կլինի այն, ինչ եղավ 1998-ին, 2003-ին: Ռուսական արտահայտություն կա՝ «պրոտիվ լոմա նետ պրյոմա»: Այսպես են մտածում իշխանությունները, բայց հիմա մենք այդ «պրյոմը» գտել ենք: Եթե «լոմի» դեմ ենք պայքարելու, ապա «լոմով» էլ պետք է գործել, բայց ոչ թե սվիններով, ինչպես նրանք արեցին 2004-ի ապրիլի 12-ին, այլ՝ ժողովրդով: Եթե ժողովրդին ճիշտ ուղի ցույց տանք, նա կանգնելու է, ես համոզված եմ»:

Հայտնի է, որ նաեւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության մասնակցությամբ են ընթանում հասարակության ու մամուլի համար առայժմ փակ այն հանդիպումները, որոնց ներկա են լինում առանձին կուսակցությունների ներկայացուցիչներ ու անհատներ, եւ որոնք քաղաքացիական շարժում ձեւավորելու նպատակ ունեն: Գ. Մարգարյանն այդ շարժման նպատակներն ամփոփեց մեկ արտահայտությամբ՝ «այս ռեժիմի դեմ պետք է պայքարել քաղաքացիական անհնազանդության ճանապարհով»: «Ուրիշ ճանապարհ դեռ չկա, իսկ եթե մեր գործընկերներն ավելի խելամիտ ու արդյունավետ ճանապարհ կառաջարկեն՝ մենք պատրաստ ենք լսել: Բայց գնալ ընտրությունների՝ գիտակցելով, որ դրա արդյունքում ռեժիմը վերարտադրվելու է՝ մենք չենք ուզում»,- հայտարարեց պարոն Մարգարյանը՝ հավելելով, որ ընդդիմության կողմից ռեժիմի նկատմամբ հաջողության հասնելու միակ գրավականը քաղաքացիական շարժում սկսելն ու անհնազանդության ալիք բարձրացնելն է, իսկ դրա համար անհրաժեշտ է շատ քիչ բան՝ «կուսակցական լիդերները պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները՝ հասկանալով, որ մեկ կուսակցությամբ ու մեկ լիդերով ոչինչ անել հնարավոր չէ»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել