Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐՈ 2008»-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑ

Օգոստոս 18,2006 00:00

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին Երեւանում հյուրընկալում է Բելգիայի հավաքականին:

Չորեքշաբթի օրը մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարը: ՈՒԵՖԱ-ի անդամ 52 ազգային ֆեդերացիայից եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար պայքարում է 50-ը:

Օգոստոսի 16-ին առաջին տուրի «A» խմբում Բելգիայի եւ Ղազախստանի հավաքականների հանդիպումում գրանցվեց 0:0 արդյունք: Վրաստանը, որ ընդգրկված է «B» խմբում, մրցակցի դաշտում ջախջախեց Ֆարերյան կղզիների ընտրանուն՝ նրա դարպասն անցկացնելով վեց անպատասխան գնդակ: Իսկ Էստոնիան («E» խումբ) հարազատ հարկի տակ 0:1 հաշվով տանուլ տվեց Մակեդոնիային:

Հայաստանի ազգային հավաքականը, նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ, պայքարի մեջ ներգրավվելու է սեպտեմբերի 6-ին: Այդ օրը մեր ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելու է Բելգիայի ընտրանուն: Ինչպե՞ս կընթանա այդ խաղը, հայաստանցի ֆուտբոլասերները վերջապես իրենց թիմի հաղթանակի բերկրանքը ճաշակելու առիթ կունենա՞ն, հիմա դժվար է ասել: Հուսանք, որ շոտլանդացի մասնագետին կհաջողվի մնացած կարճ ժամանակահատվածում հավաքականին այդ հանդիպմանը տրամադրել մարտականորեն:

Պորտերֆիլդի մարզչական կենսագրությունն իր նախորդներից անհամեմատ հարուստ է ու արդյունավետ: Որտեղ էլ նա աշխատել է, լինի ակումբ, թե ազգային հավաքական, որպես կանոն, նրա ղեկավարած կոլեկտիվները շոշափելի առաջխաղացում են ունեցել: Դրա ապացույցը Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականն է, որը գլխավորել է 2000-2002 թվականներին: Այդ ընթացքում 1 մլն 300 հազար բնակչություն ունեցող երկրի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման ցուցակում 54-րդից բարձրացել է 25-րդ տեղ: Եվ ինչպես անդրանիկ ասուլիսի ժամանակ ինքը հայտարարեց, հպարտ է, որ Գերմանիայում վերջերս կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում խաղադաշտ մտած ֆուտբոլիստներին ժամանակին ինքն է հրավիրել ու ընդգրկել հավաքական:

Ինչ վերաբերում է Զամբիային, երկու տարում՝ 1993-94 թվականներին, նա ազգային հավաքականը դարձրել է Աֆրիկայի փոխչեմպիոն եւ ՖԻՖԱ-ի ցուցակում 58-ից հասցրել 18-րդ հորիզոնական: Ընդ որում, հարկադրված է եղել միանգամայն նոր հավաքական կազմել, քանի որ մինչ իր գալը հավաքականը Գաբոնում ավիավթարից զոհվել էր:

Ֆուտբոլասերներին հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը վիճակահանությամբ հայտնվել է «A» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բելգիան, Ղազախստանը, Պորտուգալիան, Լեհաստանը, Սերբիան, Ֆինլանդիան եւ Ադրբեջանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել