Մշակույթի նախարարության վեբ-կայքի հարցը չի լուծվում
Հայաստանի մասին տեղեկատվություն ձեռք բերելու խնդրում այսօր ամենագործածական աղբյուրները նախարարությունների վեբ-կայքերն են: Դրանք անփոխարինելի գործիք են մանավանդ լրագրողների համար, քանի որ հնարավորություն են տալիս պաշտոնական շատ թե քիչ ամբողջական տեղեկատվություն ստանալ համապատասխան ոլորտի անցուդարձի մասին: Մշակույթի նախարարությունն այն եզակի գերատեսչություններից է, որ նման պատեհություն չի ընձեռում: Այդ բացը փորձում են լրացնել առանձին ոչ կառավարական կազմակերպություններ՝ մատուցելով մշակույթի այս կամ այն ճյուղի տեղեկատվությունը, սակայն ամբողջական ու լիակատար պատկեր չի ստացվում, չասենք արդեն ահռելի ժամանակի ու ջանքերի մասին, որ վատնվում են տարբեր կայքերում որոնումներ կատարելու համար: Մշակույթի նախարարների առատությունն ու այդ գերատեսչության աշխատակիցների հոծ շարքերն այս առումով բնավ ցանկալի հանգրվանի չեն հասցրել: Սակայն այս նախարարությունը ինքնատիպ է ոչ միայն ուշացած լինելու առումով: Երբ վերջապես նախկին՝ 100-օրյա նախարար Գեւորգ Գեւորգյանի օրոք այնքան սպասված վեբ-կայքը ստեղծելու խնդիր դրվեց, բավական անակնկալ լուծում գտնվեց. այդ գործը գլուխ բերելու համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից 8000 դոլարին համարժեք դրամ հատկացրեց նախարարությանը: Ի դեպ, մնացած գրեթե բոլոր նախարարություններն այդ խնդիրը լուծել են իրենց ներքին ռեսուրսների հաշվին, հասարակայնության հետ կապերի աշխատակիցների ուժերով: Կան, որ այդ գործը գլուխ են բերել դրամաշնորի հաշվին, սակայն անհամեմատ համեստ գումարներով: Ակնհայտ է, որ այս դեպքում չենք կարող խոսել տվյալ ոլորտի հիմնական ցավի՝ դրամական սուղ միջոցների մասին: Բյուջեի, այսպես կոչված, մնացորդային միջոցներից ֆինանսավորվող այս նախարարությունը տվյալ դեպքում հայտնվել է ամենաշահեկան վիճակում:
Ինչեւէ, դրամական միջոցներն արդեն առկա են, մնում է դրանք պատշաճ եւ արդյունավետ իրացնել: Եվ ահա, արդեն ներկայիս նախարարի օրոք ՀՀ պետական գնումների գործակալությունը մշակույթի նախարարության վեբ-կայքի պատրաստման մրցույթ հայտարարեց: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրեց երկու կազմակերպություն՝ «ԱյԹիԻ» ՓԲԸ-ն եւ «Բրոնկովեյ» ՍՊԸ-ն: Սակայն մրցույթ, ըստ էության, տեղի չունեցավ: Երբ փաթեթները բացեցին, պարզվեց, որ «ԱյԹիԻ»-ի գործում պակասում է ֆինանսական միջոցների մասին տեղեկանքի երկու պատճեն: Եվ այդ կազմակերպությունը մեքենայորեն դուրս մնաց մրցույթից: Այն շարունակվեց մի թեկնածուի պայմաններում, եւ «Բրոնկովեյը», բնականաբար, հաղթող ճանաչվեց:
Փաթեթների բովանդային կողմի քննարկում, փաստորեն, չի կատարվել: Նշենք, որ մրցույթից դուրս մնացած «ԱյԹիԻ» ընկերությունն այս ասպարեզում բավական փորձառու, նույնիսկ միջազգային մրցանակների արժանացած կազմակերպություն է, հաղթողը՝ «Բրոնկովեյը», նոր-նոր առաջին քայլերն է անում. այս տարի իր իսկ առաջարկով անվճար պատրաստել է «Ոսկե ծիրան» միջազգային երրորդ կինոփառատոնի վեբ-կայքը:
Որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով զրուցեցինք մրցութային հանձնաժողովի նախագահ Երջանիկ Մուրադյանի հետ, որը, ի դեպ, մշակույթի նախարարության ներկայացուցիչն է եւ նույն կառույցի ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչը: «Ցավում եմ եւ շատ ափսոսում, որ «ԱյԹիԻ»-ն դուրս մնաց մրցույթից, բայց ինչ կարող եմ անել, կարգը մնում է կարգ»,- ասաց նա: Իսկ այն հարցին, թե ինչպես է պատկերացնում այդ աշխատանքների հետագա ընթացքը եւ որակը, պրն Մուրադյանը նետեց. «Խնդրում եմ, ես այնքան զայրացած եմ, դուք էլ մի կողմից եք հարցնում»:
ՌՈՒԶԱՆ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆ