Հարցազրույց ֆրանսաբնակ արվեստագետ Աշոտ Աշոտի (Ղազարյանի) հետ, որի ինքնարտահայտման ձեւերն են՝ գեղանկարչությունը, լուսանկարչությունը, պերֆորմենսը եւ գրականությունը…
Վեց տարվա ընդմիջումից հետո Հայաստանում է Աշոտ Աշոտը: Օգոստոսի 31-ին Գեւորգյան ցուցասրահում կբացվի նրա գեղանկարչական գործերի ցուցահանդեսը՝ «Գունային մեդիտացիաներ» խորագրով, սեպտեմբերի 1-ին ՆՓԱԿ-ում կցուցադրվեն լուսանկարչական աշխատանքները, ինստալացիաներն ու պերֆորմենսը: Սեպտեմբերի 4-ին մեկ ինստալացիա էլ կներկայացվի «Նարեկացի» կենտրոնում, իսկ ամսի 6-ին՝ բեմական պերֆորմենս:
– Ինչո՞ւ որոշեցիք այդպես բուռն հանդես գալ ու գրոհել բոլոր ցուցասրահները:
– Երկար ժամանակ Հայաստանում անհատական ցուցահանդես չեմ ունեցել, կարոտել էի, ահագին ասելիք ունեի: Բացի այդ, ցուցասրահների տնօրենները տեղեկանալով, որ պիտի մասնակցեմ Գյումրիի բիենալեին, առաջարկեցին իրենց մոտ էլ ցուցահանդեսներ ունենալ:
– Երբ 1993-ին մեկնեցիք Հայաստանից՝ որեւէ կոնկրետ պատճառ կա՞ր:
– Երբեք չեմ ունեցել քաղաքական, տնտեսական կամ էլի ինչ-որ պատճառ… այն ավելի շատ բարոյական էր: Հայաստանում դժվար է պահպանել ինքնությունը: Այստեղ բոլորը միմյանց նման են եւ տարբերվելը վտանգավոր է: Այսօր ապրում եմ Փարիզում, որտեղ նման խնդիր չկա. ամեն մեկը իր տեսակի մեջ է եւ չի փնովվում մյուսի կողմից: Այսօր իմ Հայաստանը արտաքնապես քիչ թե շատ փոխվել է, բայց էլի նույն փակ երկիրն է մնացել: Նույնիսկ երեխաներս նկատեցին, որ Հայաստանում տուրիստներն էլ միայն հայեր են: Դա զարմանալի ֆենոմեն է, որ հատուկ է շատ քիչ երկրների…
– Շուտով նշվելու է Հայաստանի տարին՝ Ֆրանսիայում, ինչ-որ ձեւով մասնակցություն կունենա՞ք:
– Իհարկե: Ֆրանսիայում ապրող արվեստագետներս ամեն առիթով փորձում ենք տեսանելի դարձնել հայկական մշակույթը, իմ դեպքում՝ կերպարվեստը: Կարծում եմ, իսկական հարուստ հայկական մշակույթը երբեք էլ ըստ արժանվույն չի ներկայացվել: Միշտ Մասիս սարից, պեյզաժներից, նռից ու պատմական թեմաներից այն կողմ չեն անցել: Մյուս կողմից, այսօր մի մեծ վտանգ կա՝ ժամանակակից արվեստի ակադեմիզմը եւ դոգմատիզմը, որը սփռվել է ամբողջ աշխարհով ու հիմա տեռոր է անում: Վերլուծելով մեր հայկական ժամանակակից արվեստի իրավիճակը, գտնում եմ, որ այսօր դաշտն ազատ է, սակայն հանդիսատես չկա: Իսկ ժամանակակից արվեստի հանդիսատեսը պետք է ավելի շատ տեղյակ լինի համաշխարհային արվեստից եւ կրթությունից: Ցավոք, այսօր ավելի շատ տեղեկացված են սիգարետների, մեքենաների, բջջային հեռախոսների մարկաներից, քան արվեստի ստեղծագործություններից: Արժեքային համակարգը փոխվել է, Հայաստանում մարդիկ մտածում են՝ ավելի լավ է լինել հարուստ, քան կրթված: Իսկ, այ, օրինակ, Գերմանիայում պետության ֆինանսավորմամբ այլ երկրներից արվեստագետներ են հրավիրում իրենց երկրում ստեղծագործելու, նույնիսկ դրամ են տալիս: Հայերը երեւի կզարմանան, թե ինչու են գերմանացիներն իրենց փողերը ուրիշների վրա ծախսում: Բայց իրականում նրանք մյուս ժողովուրդների մշակույթը «գողանում» են, լավագույնը ներմուծում գերմանական մշակույթ:
– Կարծիք կա, որ 6-7 մասնավոր պատկերասրահը շատ է Հայաստանի համար, քանի որ համապատասխան պահանջարկ չկա: Համամի՞տ եք:
– Պետք է ստեղծել նման պահանջարկ, կրթել մարդկանց:
Օրինակ՝ ռուս կոլեկցիոներ Շչուկինը ամեն կիրակի բացում էր իր կոլեկցիայի դռները մարդկանց առաջ, բոլոր ցանկացողներին էքսկուրսավարի նման ծանոթացնում արվեստի գործերին: Այսօր, կրկնում եմ, կա կրթության պրոբլեմ:
– Որպես շատ շրջագայած եւ ողջ աշխարհում ցուցադրված նկարիչ, ի՞նչ կարծիքի եք՝ Հայաստանի ազգային պատկերասրահը որքանով է համապատասխանում միջազգային չափանիշներին:
– Հայաստանի ազգային պատկերասրահը ունի հրաշալի հավաքածու, որտեղ գլուխգործոցներ են հավաքված, սակայն դրանք չեն ներկայացվում: Երբեւիցե չի կազմակերպվել ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից՝ իր նմանի հետ: Օրինակ, վերջերս Բեռլինի թանգարաններից մեկում կազմակերպվել էր Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի ցուցահանդեսը: Նման մեծամասշտաբ փոխանակման ակցիաները կարեւոր են:
– Դուք ժամանակին Հայաստանի նկարիչների միության անդամ էիք, այժմ՝ ոչ: Ձեր կարծիքով՝ արվեստագետը պետք ունի՞ որեւէ միության անդամ լինելու:
– Ստեղծագործական միությունները պետք է ունենան որոշակի ռեալ անհրաժեշտություն: Օրինակ՝ Փարիզը ունի Նկարիչների տուն, որի անդամ եմ: Այդ տան անդամ լինելը անհրաժեշտ է: Նկարիչները, ովքեր ապրում են միայն իրենց նկարների վաճառքով, Նկարիչների տան շնորհիվ ստանում են բժշկական ապահովագրություն, նրանց նկատմամբ կիրառվում են որոշակի հարկային արտոնություններ եւ այլն: Կամ՝ Փարիզի նկարիչների տունը նկարիչներին ստեղծագործական տարածք է առաջարկում մատչելի գներով: Նկարիչների տունը որեւէ քաղաքականություն չի իրականացնում, չի ազդում նկարիչների ստեղծագործական ազատության, ճաշակի, տեսակի վրա:
– Հայաստանում վերջին տարիներին մոդայիկ է դարձել արվեստագետների կուսակցական դառնալը: Հետաքրքիր է, Փարիզում կուսակցական նկարիչներ կա՞ն:
– Կան, բայց շատ չեն: Աբսուրդ է, որ նկարիչը կուսակցական է: Պոլ Սեզանը շատ լավ միտք ուներ, ասում էր՝ արվեստը կրոն է: Մենք արդեն կուսակցական ենք, որովհետեւ արվեստագետ ենք, եւ երկրորդ, երրորդ կուսակցության կարիք չկա: Պետք չէ արվեստը բաժանել ենթակուսակցությունների, ուրիշ աստառ տալ: Եթե նկարիչը սկսում է զբաղվել քաղաքականությամբ, այդ դեպքում նկարչությա՞մբ ով պետք է զբաղվի:
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ