Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԻՐԱԿՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ՏԱՊԱԼՎԵԼ Է

Օգոստոս 18,2006 00:00

Քննությունների նոր համակարգը տնօրենների սրտով չէ՞

Երեկ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում Երեւանի միջնակարգ դպրոցների տնօրեններին ներկայացվեցին միջնակարգ կրթության ավարտական եւ բուհական ընդունելության քննությունների նոր համակարգը, նրա կառուցվածքային մոդելը, կապը գործող համակարգի հետ եւ այլն: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Վանյա Բարսեղյանը հայտնեց, որ նոր համակարգը մեկ քննության միասնական մոդել է. «Կմեկտեղվեն դպրոցների, ավարտական եւ բուհական ընդունելության քննությունները: Շրջանավարտը, դպրոցն ավարտելիս ընդամենը մեկ անգամ կհանձնի իր նախընտրած պարտադիր եւ ընտրովի առարկաներից՝ ավարտական կամ միասնական քննություն, որով էլ կորոշվի ատեստատի գնահատականը եւ այն մրցութային միավորը, որ կներկայացվի բուհական ընդունելությանը»: Նոր համակարգի ներմուծումը կվերացնի «քննական ընդունող հանձնաժողովներ» հասկացությունը: «Աշակերտները քննությունների հայտագրումը կանցկացնեն իրենց դպրոցներում: Այստեղ կստեղծվեն տեղեկատու կենտրոններ՝ գործընթացը վերահսկելու համար: Այնուհետեւ հայտերը կտեղափոխվեն գնահատման եւ թեստավորման կենտրոն, կենթարկվեն ծրագրային մշակումների եւ դրանց հիման վրա տարածքային քննական կենտրոններում կկազմակերպվեն քննությունները»,- ասաց Վ. Բարսեղյանը: Նախատեսվում է մեկ առարկայի միասնական քննությունը ամբողջ հանրապետությունում անցկացնել նույն օրը, նույն ժամին: Կենտրոնի տնօրենը ավելացրեց, որ կոռուպցիոն ռիսկերի բացառման նպատակով քննական ողջ պրոցեսի ընթացքում կօգտագործվեն մի շարք տեխնիկական միջոցներ, համակարգչային ծրագրեր, որոնք կնվազեցնեն սուբյեկտիվ գործոնի դերը:

2007-ին նախատեսվում է նոր համակարգի չափորոշիչները կիրառել «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի մասով: Համակարգն արդեն փորձարկվել է Շիրակի մարզի բոլոր միջնակարգ դպրոցներում եւ Երեւանի ու Արագածոտնի որոշ դպրոցներում: Շիրակում փորձարկումը, ըստ տնօրենների, տապալվել է, սակայն Վ. Բարսեղյանը նշեց, որ արդյունքներն այնքան էլ վատ չեն եղել, միայն տարբերակը մեկն է եղել, եւ աշակերտները սկսել են իրար հուշել: Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանն էլ ասաց, որ քննությունն այստեղ սկսվել է շուրջ մեկ ու կես ժամ ուշացումով, ինչը լուրջ թերացում է: Նոր համակարգը բոլորովին դուր չեկավ տնօրեններին, եւ վերջիններս, թույլ չտալով, որ Վ. Բարսեղյանը ավարտի իր խոսքը, սկսեցին աղմկել՝ ասելով, որ արդեն քաջ ծանոթ են այդ համակարգին: Տնօրեններից շատերն այնպիսի աղմուկ էին բարձրացրել, որ իրենց աշակերտներից գրեթե ոչնչով չէին տարբերվում: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը ստիպված եղավ դիտողություն անել, իսկ տնօրեններից մեկը, մոռանալով, որ դպրոցում չէ, բղավեց՝ «Երեխե՛ք, մի րոպե»: Ա. Բախշյանը նշեց, որ նոր ծրագիրը վատը չէ եւ նույնիսկ անհրաժեշտ է. «Մեր մտահոգությունն այն է, թե ինչ մեխանիզմներ պետք է կիրառվեն դրա իրականացման համար եւ ինչպես պիտի կազմակերպվի կենտրոնացված քննությունը»:

Կին տնօրեններից մեկն առաջարկեց, որ ընդհանրապես շրջանառությունից հանվի բուհական ընդունելություններ հասկացությունը եւ բուհ ընդունել բոլոր ցանկացողներին, իսկ հետո լավ չսովորողներին հեռացնել: Նրանից հեռու նստած տղամարդ տնօրենները սկսեցին փսփսալ. «Ա՛յ մարդ, ով ա տեսել կնիկը մի խելոք բան ասի»:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել