Գյուղացիները բողոքեցին իրենց գյուղապետից՝ ՀՀ նախագահին
Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանն առանց հիմնավոր պատճառաբանության գյուղի բուժամբուլատորիայի տնօրենի պաշտոնից ազատել է Կարինե Կիրակոսյանին: Սա վրդովեցրել է Ոսկեվազ եւ Ոսկեհատ գյուղերի բնակիչներին, քանի որ ամբուլատորիան սպասարկում է այդ երկու համայնքներին: Օրերս երկու գյուղերի բնակիչները բողոքով դիմել են հանրապետության նախագահին՝ խնդրելով Կ. Կիրակոսյանին վերականգնել բուժհիմնարկի տնօրենի պաշտոնում: Նրանց խոսքերով, իր այդ քայլով Ոսկեվազի գյուղապետն իրենց զրկել է արդյունավետ բուժօգնություն ստանալու իրավունքից: Գյուղապետը նման որոշում է ընդունել, ըստ ոսկեհատցիների, որովհետեւ աչք է դրել ոչ միայն պոլիկլինիկայի տնօրենին հատկացված «Նիվա» մակնիշի ծառայողական ավտոմեքենային, այլեւ նրա պաշտոնին. «Գյուղապետը երկար ժամանակ է մտածում, թե ինչպես «Հայբուսակն» ավարտած իր կնոջը տնօրեն նշանակի»:
Բժշկի եւ գյուղապետի վիճաբանության գործն այժմ դատարանում է եւ մինչ դատարանը որեւէ վճիռ կկայացնի, բուժամբուլատորիայի տնօրենի պաշտոնը կզբաղեցնի ատամնաբույժ Արմինե Հովսեփյանը: Ըստ ոսկեհատցիների, «գյուղապետն իրավունք չունի իր պաշտոնավարման ժամանակ երկրորդ վարչական պաշտոնը վստահել իր ընտանիքի անդամին, այլապես կհասներ իր նպատակին եւ պաշտոնն իր կնոջը կտար»: Բուժամբուլատորիայի ծառայություններից օգտվող երկու համայնքների բնակիչները, ինչպես իրենք են ասում, չեն վստահում ոչ գյուղապետի կնոջը՝ Լուսինե Մանուկյանին, ոչ էլ ատամնաբույժ Արմինե Հովսեփյանին:
«Արմինե Հովսեփյանից գնացել եմ դեղ ստանալու, սխալ դեղատոմս է գրել։ Լավ էր՝ մասնագետ բժշկի աչքովն ընկավ եւ թույլ չտվեց, որ նշված դեղը երեխային տայի: Բա որ երեխային մի բան լիներ: Այդ ատամնաբույժը նույնիսկ իր գործն անելիս է մարդու ծնոտը վնասում, նա ինչպես պետք է ամբուլատորիա ղեկավարի: Թող մեքենայի պատճառով մարդկանց կյանքի հետ չխաղան»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին երկու գյուղերի բազմազավակ մայրերն ու վետերան- հաշմանդամները: Գյուղի պատվիրակներին ընդունել է ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության, քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների, բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը: Նախագահականում տեղեկանալով, որ գործը դատարանում է՝ ձեռնպահ են մնացել որեւէ միջամտությունից, մինչեւ դատական գործի ավարտը: Գյուղացիների փոխանցմամբ, բողոքների բաժնում իրենց միայն ասել են, որ հարցի առնչությամբ Արագածոտնի մարզպետարանից պարզաբանումներ կխնդրեն, քանի որ «խնդրի բարդացման համար մեղավորը հենց մարզպետարանն է»:
Նախագահականից պատասխան ստանալուց հետո գյուղացիներն ուղեւորվեցին Աշտարակի ոստիկանություն, ուր հրավիրել էին ամբուլատորիայի արդեն նախկին տնօրեն Կ. Կիրակոսյանին՝ ծառայողական մեքենան ձեռքից վերցնելու համար: Արագածոտնի մարզպետարանի պարզաբանմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի համաձայն, մարզերում բուժհիմնարկի տնօրենին ընդունում կամ ազատում է տվյալ համայնքի ղեկավարը:
«Ինչո՞ւ են ամբուլատորիան դրել գյուղապետի իրավասության տակ, որ նա էլ նման օյի՞ն հանի ժողովրդի գլխին»,- ասում էին բողոքավորները:
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ