Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դալլաքյանն առայժմ «Բարգավաճ Հայաստան»-ում չէ

Օգոստոս 18,2006 00:00

Վրաստանի Ուրեկի հանգստավայրից օրերս Հայաստան է վերադարձել ԱԺ այլեւս անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

«Արդարություն» խմբակցության քարտուղարի պաշտոնից նրա հրաժարականի շուրջ մեկնաբանությունները եղան Վիկտոր Դալլաքյանի բացակայության պայմաններում: Կարելի է կանխատեսել, թե ինչ է այժմ դրանց հակադարձելու պրն Դալլաքյանը, մանավանդ որ՝ մի շարք այլ առիթներով նա հիշեցրել է, թե «Արդարությանը» չէ, որ պարտական է խորհրդարանում հայտնվելու համար. «Երեք անգամ մեծամասնական կարգով պատգամավոր եմ ընտրվել Վանաձոր քաղաքից, կուսակցական որեւէ ցուցակի պարտական չեմ խորհրդարան մտնելու համար եւ որոշումներ ընդունելու եմ ինքնուրույն»,- դեռ տարեսկզբին մի հարցազրույցում ասել էր նա:

«Արդարություն» խմբակցությունից Վիկտոր Դալլաքյանի դուրս գալուն՝ իբրեւ սպասելի զարգացման, դաշինքի անդամ կուսակցությունների մեծամասնությունը՝ ՀԺԿ-ն, ԱԺՄ-ն, ՍԻՄ-ը եւ այլք՝ բավական հանգիստ ու զուսպ արձագանքեցին, բացառությամբ «Հանրապետություն» կուսակցության: Մեր ունեցած տեղեկություններով՝ պատճառն այն է, որ դեռ 2006-ի հունվարին էր պրն Դալլաքյանն «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանին տեղեկացրել իր հնարավոր հեռանալու մասին: Հիշեցնենք, որ հունվարի 11-ին պրն Դալլաքյանը հարցազրույց էր տվել «Ազատություն» ռ/կ-ին եւ դաշինքից դուրս գալու, «Բարգավաճ Հայաստանին» անդամակցելու մասին տված հարցին ընդհանուր պատասխանել՝ «քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել»: Իսկ հետո մեկ այլ հարցազրույցում խոստացավ. «Եթե ես քաղաքականության մեջ դաշինքից դուրս ինքնուրույն քայլ կատարելու որոշում ընդունեմ, ապա նախ եւ առաջ տեղյակ կպահեմ դաշինքի իմ գործընկերներին»: Միայն օգոստոսին իրականացված իր քայլի մասին նախապես զրույցներ եղել էին նաեւ «Արդարության» այլ անդամների հետ: Սակայն «Հանրապետության» ներկայացուցիչները վաղուց չեն մասնակցում դաշինքի եւ խմբակցության նիստերին, ուստի չի կարելի բացառել, որ նրանք լավատեղյակ չէին այս բոլոր մանրամասներին:

Որքան տեղյակ ենք, հունվարյան այդ հարցազրույցից հետո 7-10 օրը մեկը Ստեփան Դեմիրճյանն ու Վիկտոր Դալլաքյանը զրուցել են այս թեմաներով՝ առանց որեւէ թշնամանքի կամ հակադրության: Նաեւ պայմանավորվել են, թե անկախ ամեն ինչից՝ համագործակցելու են: Այսինքն՝ այս դեպքում չկան մարդկային, անձնական ու թերեւս նաեւ՝ քաղաքական խնդիրներ ու հակադրություններ, եւ իրարից բաժանվել են բարեկամաբար:

Եվս մի դիտարկում. սուր գնահատականների տեղիք տվեց ոչ այնքան Վիկտոր Դալլաքյանի դուրս գալը «Արդարություն» խմբակցությունից, որքան նրա հավանական անդամակցությունը «Բարգավաճ Հայաստանին»: Սակայն այս կուսակցությունից մեզ տեղեկացրին, որ Վիկտոր Դալլաքյանը «Բարգավաճ Հայաստանի» անդամ չէ: Ըստ ամենայնի՝ առայժմ:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել