Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՃՈՅԱՆԱ՞Լ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻՆ

Օգոստոս 18,2006 00:00

Մահվան դատապարտված ու ներում չխնդրած կալանավորների գործերը վերանայվում են

Այն բանից հետո, երբ Հայաստանը կատարեց ԵԽ առջեւ իր ստանձնած պարտավորություններից եւս մեկը՝ վերացնելով մահապատիժը, ու Հայաստանում գործող օրենսդրությունը, մասնավորապես՝ «Քրեական օրենսգիրքը» համապատասխանեցրեց իր ստանձնած պարտավորությանը, մինչ այդ մահապատժի դատապարտված կալանավորները պահանջեցին վերանայել իրենց մասով նախկինում կայացված դատավճիռները: Մահվան դատապարտվածների կողմից այսպիսի դիմումները, որոնք ուղղված էին մասնավորապես երկրի նախագահին, զանգվածային բնույթ ստացան 2003 թվականին, որոնք ուղեկցվեցին հացադուլներով, ԵԱՀԿ եւ ԵԽ ներկայացուցիչներին ուղղված նամակներով: Բացի այդ, նոր «Քրեական օրենսգիրքն» ուժի մեջ մտնելուց հետո մեկնաբանություններ եղան, թե ցմահ ազատազրկումը բոլորովին չի նշանակում, որ հանցագործն իր կյանքն անցկացնելու է կալանավայրում, մանավանդ, որ օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «ցմահ ազատազրկման ձեւով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի եւ փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս, քան 20 տարին»: Ըստ այդմ՝ ցմահ ազատազրկման դեպքում, ասենք, Նաիրի Հունանյանը կարող է որոշ ժամանակ անց հայտնվել ազատության մեջ:

Սա այն դեպքում, երբ Հայաստանը ԵԽ առջեւ պարտավորություն չուներ ծանրագույն հանցագործություններ կատարած անձանց եւս ազատ արձակելու հնարավորության վերաբերյալ: «Այն անձինք, որոնք այսօր կրում են ցմահ ազատազրկում պատիժը, այո՛, հնարավոր է, որ 20 տարին լրանալուց հետո դիմեն դատարան, որը նկատի ունենալով նրանց վարքագիծը եւ ուղղման աստիճանը՝ կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել նրանց»,- 2003թ.-ին ասել էր ՀՀ արդարադատության նախարարության պատասխանատուներից մեկը՝ հավելելով, որ «պայմանական, վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման ընթացքում արդարադատություն իրականացնող մարմինները կարող են որոշակի պարտավորություններ սահմանել ազատվողների նկատմամբ»: Սակայն, ըստ մամուլում եղած մեկնաբանությունների՝ ցմահ ազատազրկման դատապարտվածները 20-ից էլ շուտ՝ 13 տարուց կարող են ազատ արձակվել, քանի որ նոր օրենսգրքով մեկուսարանային պայմաններում անցկացրած 1 օրը հաշվվում է 1,5 օր, իսկ մեր մահապարտներն իրենց կալանքը կրում են ոչ թե գաղութային, այլ հենց մեկուսարանային պայմաններում:

Բոլոր դեպքերում ՀՀ նախագահի՝ 42 մահապատժի ենթարկվածների համար մահապատիժը ցմահ բանտարկությամբ փոխարինելու մասին հրամանագրից դժգոհ մահապատժի ենթարկված Արմեն Մնջոյանը հայտարարել էր, թե՝ դա հրամանագիր էր մարդասիրություն անվան տակ, որը ոչ թե ներում է, այլ իրականում պատժի խստացում։ Դատապարտյալները նշում էին նաեւ, որ երբ իրենք դատապարտվել են, օրենսգրքում «ցմահ ազատազրկման» պատժաչափ չի եղել, ուստի՝ իշխանություններն իրավունք չունեին նման պատիժ սահմանելու։

Ընդ որում, 2003-ին արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանը հայտարարել էր, թե բողոքավոր կալանավորների պահանջը՝ հին ու նոր օրենքների համապատասխանեցման առնչությամբ, որոշակի տրամաբանություն ունի, սակայն միայն կառչելու համար: «Իրենք ասում են՝ մեզ դատապարտել են հին՝ ԽՍՀՄ օրենսգրքով, որտեղ պատժի առավելագույն չափ էր նախատեսված մահապատիժը, որ նախագահի ներմամբ փոխարինվեց ծանրությամբ 2-րդ պատժատեսակով՝ 15 տարի ազատազրկմամբ: Եթե մահապատիժը վերացնում են, մեզ հասնում է դրա նախորդը, ինչո՞ւ եք մեզ հին արարքների համար նոր օրենսգրքով պատժում: Իսկ նոր օրենքով 15-ը փոխարինված է 20-ով: Իրենք ասում են՝ եթե մեզ ներում եք, մի քայլ հետ եկեք: Ուրեմն դուք մեզ չեք ներել»,- մասնավորեցրել էր Վ. Մելքոնյանը:

Ի վերջո, մոտ երեք տարի ընթացող այս հեռակա բանավեճը ՀՀ իշխանությունների ու մահապատժի ենթարկվածների միջեւ կարծես թե անսպասելի հանգուցալուծում է գտել: Մեր տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազությունը ինքն է սկսել զբաղվել մահապատժի ենթարկվածների ու ներման դիմումներ չգրածների խնդրով: Ըստ այդմ, ՔՊԻՎՊ վերահսկողության վարչության պետ Վաղարշակ Վարդանյանն օրերս միջնորդություն է ներկայացրել դատարաններ՝ մահապատժի ենթարկված ու ներման դիմումներ չգրած կալանավորների գործերը նոր «Քրեական օրենսգրքին» համապատասխանեցնելու համար: Ընդ որում, խոսվում է նաեւ այդ կալանավորների գործերն ըստ էության քննելու, անգամ վերանայելու հնարավորության մասին: Հիշեցնենք, որ ներման դիմումներ չներկայացրածների թվում են մասնավորապես «Դրոյի» գործով դատապարտված Արմեն Մնջոյանը, Արմեն Տեր-Սահակյանը: Ի դեպ, այս տեղեկությունը ոմանց մտահոգվելու տեղիք է տվել: Նրանք կարծում են, որ դա առաջիկա խորհրդարանական ընտրությունների շեմին քրեածին տարրերի նոր «խմբաքանակի» ազատ արձակման նպատակ ունի եւ՝ ոչ միայն: Բանն այն է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանն էլ կարող է հայտնվել ազատ արձակվողների ցանկում: Ցավոք, երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց զրուցել պարոն Վարդանյանի հետ հիշյալ միջնորդության էության շուրջ պարզաբանումներ ստանալու համար:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել