Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպորտ եւ Մեդիա 2006» փառատոնը՝ Սեւանա լճում

Օգոստոս 17,2006 00:00

Օգոստոսի 25-30-ը Սեւանա լճի ափին կանցկացվի «Սպորտ եւ Մեդիա» փառատոնը, որին կմասնակցեն հանրապետության գրեթե բոլոր ԶԼՄ-ների աշխատակիցները:

Սպասվում է, որ փառատոնը լուսաբանելու նպատակով Հայաստան կժամանեն նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Գերմանիայի, Հոլանդիայի, Անգլիայի, Թուրքիայի եւ այլ երկրների առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Գլխավոր կազմակերպիչը «Միր սպորտա» հանդեսն է, որին աջակցում են «Բրիտանական խորհրդի» հայաստանյան գրասենյակը, ՀՀ սպորտպետկոմը, ՀԱՕԿ-ը: Փառատոնի պատշաճ մակարդակով անցկացմանն օգնելու պատրաստակամություն են հայտնել նաեւ հանրապետության տարբեր մարզաձեւերի 40-ից ավելի ֆեդերացիաներ: Նախատեսված բազմապիսի մրցումների ու ժամանցի հարուստ ծրագրի մասին պատմում է «Միր սպորտա» հանդեսի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բոյկոն:

«Փառատոնի կազմակերպման գլխավոր խնդիրը լրագրողական աշխարհի ներկայացուցիչների միջեւ սերտ կապեր հաստատելու համար հող ստեղծելն է: Իսկ ամբողջ աշխարհում մարդկանց մտերմացնելու լավագույն միջոցներից մեկը սպորտն է: Նկատել եմ, որ տարբեր լրատվամիջոցների աշխատակիցներից շատերը միմյանց հետ քիչ են հարաբերվում կամ շփվում են զուտ աշխատանքի բերումով, հիմնականում՝ ասուլիսների ժամանակ: Այդ բացը լրացնելու կարիք կա: «Միր սպորտան» պարբերաբար մերձեցման նմանատիպ միջոցառումներ կազմակերպում է ինչպես մարզական-մրցակցական, այնպես էլ այլ ոլորտներում: Ու պատկերացրեք, որ դրանք որոշակի արդյունք տալիս են:

Լրագրողները կմրցեն շուրջ 20 մրցաձեւերից: Դրանց մի մասը կանցկացվի մինչեւ Սեւանում բուն փառատոնի սկսվելը: Ծրագրում ընդգրկված են նաեւ էքստրեմալ մարզաձեւեր: Չնայած անցած տարի այդ մրցումներն ավելի շատ ընկերական հանդիպումների բնույթ էին կրում՝ չկային հաղթողներ եւ պարտվողներ, այնուամենայնիվ, հիմնադրվեց «Էքստրիմ ակումբը», որին անդամագրվեցին թե տեղացի, թե արտերկրի լրագրողները: Այս տարի որոշել ենք դրանք մի քիչ ավելի մարզականացնել: Սահմանված են բազմաթիվ խրախուսական մրցանակներ: Անակնկալներ են պատրաստել նաեւ հովանավորները:

Քանի որ մասնակիցները Սեւանում անցկացնելու են երեք օր, նրանց համար կազմակերպել ենք նաեւ համերգներ, որտեղ հանդես կգան հանրապետության էստրադային ճանաչված երգիչները, խմբերը, դիսկոտեկներ, այլ զվարճալի ծրագրեր: Վերջում ավելացնեմ, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Հուսով եմ, որ ամեն բան լավ կլինի: Փառատոնի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար բոլոր ցանկացողները կարող են օգտվել www.sport.am ինտերնետային կայքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել