Երեկ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսում ներկայացրեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ, շոտլանդացի 60-ամյա Յան Պորտերֆիլդին:
ՀՖՖ նախագահը լրագրողներին տեղեկացրեց, որ բազմաթիվ թեկնածուների աշխատանքային կենսագրությունների ուսումնասիրությունների արդյունքում է ընտրությունը կանգ առել Յան Պորտերֆիլդի վրա եւ որ բանակցությունների ընթացքում ճշգրտվել են Հայաստանում նրա աշխատելու բոլոր մանրամասները: Յան Պորտերֆիլդը գլխավորելու է միայն ազգային հավաքականը, բայց միաժամանակ աշխատելու է բոլոր տարիքային խմբերի հավաքականների հետ: Շոտլանդացի մասնագետի հետ պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2007 թվականի վերջը: Այդ ընթացքում նա ընտանիքով ապրելու է Հայաստանում: Իսկ օգնականները լինելու են միայն Հայաստանից:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը եւ ՀՖՖ նախագահը պատասխանեցին լրագրողների բազմաթիվ հարցերի:
«Ես նոր մարդ եմ հայկական ֆուտբոլում,- ասաց մարզիչը:- Ցանկանում եմ այստեղ ֆուտբոլիստների մեջ լավ ոգի դնել, բոլորի համար, անկախ տարիքից, ազգային հավաքականում խաղալու հնարավորություն ստեղծել: Սպասում եմ այն օրվան, երբ կսկսեմ աշխատանքս Հայաստանում»:
Պատասխանելով արդեն մոտ ժամանակներս կայանալիք պաշտոնական հանդիպմանը նախապատրաստվելուն մնացած քիչ ժամանակի մասին հարցին՝ Պորտերֆիլդն ասաց, որ ֆուտբոլում լավ նախապատրաստվելու համար ժամանակը միշտ էլ չի բավականացնում: Այո, հիմա շատ քիչ ժամանակ է մնացել, բայց պետք է մոռանալ այդ մասին եւ անել առավելագույնը:
Մարզիչը հավատում է հայկական ֆուտբոլի լավ ապագային եւ հույս ունի, որ իր օրոք հավաքականի մակարդակը խաղից խաղ կաճի:
Յան Պորտերֆիլդը 1977-1993 թվականներին մարզչական կարիերան անցկացրել է եվրոպական ակումբներում ու ըստ ներկայացված տեղեկանքի՝ բոլոր թիմերն էլ, որտեղ աշխատել է, առաջընթաց են ունեցել: Դրանից հետո գլխավորել է Զամբիայի, Զիմբաբվեի, Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականները, աֆրիկյան ու ասիական ակումբներ: Ու կրկին վերելքներ: Իրեն ավելի հոգեհարազատ է հավաքականների հետ աշխատելը, քանի որ մարզչական կարիերայի ամենանշանակալի հաջողություններին հասել է հավաքականների, հատկապես, Զամբիայի ու Տրինիդադ եւ Տոբագոյի ընտրանիների հետ աշխատելու տարիներին: Եվ այս փորձը հաշվի առնելով է կարծում, որ այստեղ էլ իրեն կհաջողվի առաջ տանել հայկական ֆուտբոլը:
Մամուլի ասուլիսի ավարտին ՀՖՖ նախագահը եւ Յան Պորտերֆիլդը հանդիսավորությամբ ստորագրեցին պայմանագիրը, իսկ ՀՖՖ նախագահը նորանշանակ գլխավոր մարզչին նվիրեց Հայաստանի ազգային հավաքականի խորհրդանշական մարզաշապիկը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ