Հայաստանում մոդայիկ է դարձել զանազան առիթներով հրավառություն պատվիրելը՝ լինի դա մեծահարուստի զավակի ծնունդ ու հարսանիք, սիրուհու կամ կնոջ հոբելյան, հաճախ ուղղակի «ախպերության» բարձր տրամադրության վերջին ակորդ:
Հրավառությունն այլեւս մատչելի է շատերի համար: Օրինակ, եթե Մոսկվայում այն արժե $600-3500, իսկ, այսպես ասած, vip-ը՝ $7000, ապա Երեւանում գները սկսվում են ընդամենը $50-ից: Եվ դա առիթ է, որ, դիցուք, բազմաթիվ կարիքներ ունեցող ընտանիքը, ասենք` հարեւանին «տրաքացնելու» համար, երեխայի ծննդյան օրը նման «ակցիա» կազմակերպի:
Բազմաթիվ են մեր այն ընթերցողների դժգոհությունները, ովքեր ապրում են քաղաքի ռեստորանամերձ շրջաններում: Նրանք խոստովանում են, որ ուղղակի զզվել են սովորական դարձած ամենօրյա հրավառությունից:
Եթե նախկինում հրավառությունը ասոցացվում էր տոնի ու հանդիսավորության հետ, այսօր դրա չարաշահումը արժեզրկել է տոնի խորհուրդը: Ժամանակին հրավառություն լինում էր միայն համազգային տոների ու կարեւորագույն իրադարձությունների առիթով, ու բոլորը կարոտով էին սպասում գույների ու լույսերի խաղին: Այլ հարց է, որ այսօր որեւէ օլիգարխի համար, դիցուք՝ իր ընկերուհու ծննդյան օրը համարժեք է համազգային տոնին:
Ի դեպ, նույն Մոսկվայում «լոպազ» պատվիրատուներին նրբորեն խորհուրդ են տալիս խուսափել 20-30 րոպեանոց հրավառությունից, բացատրում, որ դա հոգնեցնող, ձանձրալի է, եւ ավելի տպավորիչ է, ասենք, 3 րոպեանոց աշխույժ, ուրախ ու անսպասելի ավարտով սալյուտը, քան երկարատեւը:
Այս հարցի վերաբերյալ իրենց կարծիքները հայտնեցին նաեւ մի քանի մտավորականներ:
Հրապարակագիր, նկարիչ Արթուր Անդրանիկյան.- Ընդհանուր առումով այդ օվացիաները խորհրդային ենթաշերտ ունեն: ԽՍՀՄ-ը համառորեն շարունակվում է թվացյալ անկախ Հայաստանում` այդ հրավառություն-տոնախմբությունների միջոցով: Հայաստանի տոնախմբությունները, ըստ էության, մի քանի օլիգարխի համար են, ովքեր ժամանակին աղքատ էին, իսկ հիմա ամենահարուստն են: Հրավառությունները նոստալգիկ բնույթ ունեն, այդկերպ ոմանք իրենց անցյալի վրեժն են լուծում բոլորից: Ցավոք, այսօր ամեն քուչա իրեն կարող է հրավառություն թույլ տալ, մինչդեռ դա, զենքի առեւտրի նման, պիտի օրենքով կանոնակարգվեր:
«Հայ-Արտ» կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյան.- Հրավառությունը ենթադրում է մասշտաբային տոնախմբության ազդարարում, սակայն այսօր ծննդյան տոնի կամ կնունքի առիթով` ճաշացանկում պարտադիր պայման է դարձել նաեւ հրավառությունը: Եթե նախկինում հրավառությունը մասշտաբայնության խորհուրդ ուներ, ապա այսօր այն դարձել է մրցակցության նման մի բան, ինչպես բջջային հեռախոսի մեջ եղած ձայները, ֆոտո եւ վիդեո հնարավորությունները, մեքենան կամ սիրուհին: Աշխարհի շատ երկրներում եմ եղել, ոչ մի տեղ նման բան չեմ տեսել: Օրինակ, հզոր տնտեսական հնարավորություններ ունեցող ԱՄՆ-ում տարվա մեջ հրավառություններ լինում են մի քանի անգամ՝ Սուրբ Վալենտինի տոնին, Նոր տարուն, Երախտապարտության օրը: Մի կողմ թողնելով հրավառության ֆինանսական ու բարոյական կողմը, ուզում եմ նշել, որ այն մեր երկրում վտանգավոր է առողջությանը: Սեյսմիկ գոտում ապրողներիս համար անառիթ հրավառության դղրդյունը ասոցացվում է երկրաշարժի, շենքի փլուզվելու եւ այլնի հետ: Թող կոպիտ չհնչի, բայց հրավառություն ասվածի խորհուրդն էժանացել է՝ առօրեական հրավառությունը դարձել է ցինիզմի չափանիշ:
Արվեստաբան Նազարեթ Կարոյան.- Այսօրվա հրավառությունները, բնականաբար, արտահայտում են մշակութային այն կացությունը, որի մեջ գոյատեւում ենք: Երբ ընդհանուր արժեքները տեղայնացված ու մանրացված են, ցանկացած մարդ, որ իր դիրքը արժեքավոր է համարում, կարող է ուզած պահին երկինք կրակել: Եվ դրա դեմ ոչ ոք չի կարող որեւէ բան անել: Նախ պետք է ընդհանուր արժեքներ ձեւավորենք եւ հրավառությունն էլ ընդհանրական կլինի: Այսօր հրավառությունը միայն տխուր մտքեր է առաջացնում: Երբ ուրախության առիթները միայն տխուր մտքեր են առաջացնում, դա գալիս է հանրային կյանքով չապրելու մեր ընդունակությունից: Պետք է լինի խոսքի ու գործի, գործի համար թափված ջանքի եւ արդյունքի համապատասխանություն, ու ամեն ինչ ուղղված լինի մասնավորից, անձնական շահերից դուրս՝ դեպի հանրայինը: Նկատի չունեմ համայնավարական կարգերը, խոսքս հանրային եւ ազգային շահերի միասնության մասին է: Այսօր, ցավոք, դրանք տարանջատված են, եւ ազգային ասելով` հաճախ արյունակցական են հասկանում: Այ, երբ այս ամենը փոխվի, հրավառությունն էլ հանրային կդառնա եւ ամեն մասնավոր անձ իրեն հրավառություն թույլ չի տա:
Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայան,- Շքեղ հրավառությունները ապացույցն են այն բանի, որ մեր նորահարուստները հոգով մնացել են ռամիկ, իսկ ռամիկը երբեք չի կշտանում: Հարստությանը կարող է դիմադրել միայն մշակույթը: Նիցշեն ասում էր, որ մշակույթը նման է խնձորի բարակ կեղեւին, որը եթե վնասես, դրա տակ քաոսի կհանդիպես: Հիմա այդ վիճակում ենք: Միայն հրավառությունները չէ, որ մտահոգում են, նույնը կարելի է ասել թաղումների, հարսանիքների, ճոխ գերեզմանատների մասին… այս ամենը հոգեւոր աղքատության արդյունք է:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ