Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն փոխհատուցում չեռնոբիլյան վնասները

Օգոստոս 17,2006 00:00

«Առավոտն» արդեն մեկ անգամ անդրադարձել է 2-րդ խմբի հաշմանդամ Վարազդատ Հովսեփյանի խնդիրներին:

Նա երկար տարիներ աշխատել է Երեւանի քաղաքապետարանի գործկոմի հասարակական սննդի տրեստում, որտեղից էլ 1988-ին գործուղվել է Չեռնոբիլ: Վերադարձից հետո Վ. Հովսեփյանի առողջությունը սկսվել է քայքայվել: «Երիկամներս դարձան անբուժելի` պատված կոշտ քարերով, լյարդս մեծացավ, լեղապարկս դեֆորմացվեց եւ առաջացան քարեր, թոքերիս մեջ առաջ եկան հեղուկային օջախներ: Սիրտս վիրահատված էր, երեխաներս սովորող, մեր տան միակ աշխատողն էի եւ ժամանակ չէր մնում զբաղվել իմ առողջության հարցերով ու այդ անբարենպաստ պայմաններում դարձա 2-րդ կարգի հաշմանդամ»,- ասաց Վ. Հովսեփյանը:

Այժմ ներկայացնում ենք նրա նամակը, որը հանձնել է նաեւ ՀՀ մի շարք գերատեսչություններ, որտեղ նա նշում է, որ տարիներ առաջ Չեռնոբիլ մեկնածներից թաքցնում էին կառավարության որոշումները՝ Չեռնոբիլի հիվանդներին փոխհատուցում տրամադրելու մասին, որտեղ խոսվում էր վերջիններիս բնակարան հատկացնելու եւ այլ նյութական օգնությունների մասին: «Թեկուզ 12 տարի ուշացումով, բայց փոխհատուցում ստանալու նպատակով, դիմեցի իմ նախկին աշխատավայրի ղեկավարությանը` Երեւանի քաղաքապետարանի «Երառ-սպասարկում» ՓԲԸ տնօրեն Ա. Շաքարյանին: Իր կոպիտ վերաբերմունքով դիմումս մերժեց եւ ասաց, որ եթե մեկ անգամ էլ դիմեմ նման հարցով, ապա աշխատանքից կհեռացվեմ: Ստիպված լռեցի՝ երկու անչափահաս երեխաներիս գոյությունը պահպանելու համար»,- նշում է Վ. Հովսեփյանը:

«Այնուհետեւ ես եւ մեր աշխատակից Ժ. Սարգսյանը Երեւանի 200 դպրոցների սննդի սպասարկման համար մշակեցինք օրվա ռացիոնին ու կալորիականությանը համապատասխան նորմատիվային փաստաթղթեր եւ կյանքի կոչեցինք: Սակայն մեր հիմնարկի ղեկավար Ա. Շաքարյանը, խախտելով մատաղ սերնդի սպասարկման հետ կապված այդ կարեւոր ռացիոնի նրբությունները, իր գրպանը հարստացնելու մոլուցքով սկսում է իր հրուշակեղենի արտադրամասից անորակ ապրանքներ մատակարարել դպրոցներին»,- պատմում է Վ. Հովսեփյանը՝ նշելով, որ դա կհաստատեն նաեւ դպրոցների տնօրենները: Ժ. Սարգսյանն ու Վ. Հովսեփյանը Ա. Շաքարյանի սեղանին են դնում իր իսկ արտադրամասի մթերքները՝ առանց պանրի խաչապուրի եւ այլ արտադրատեսակներ, որոնք, բացի որակային թերություններից, 10-13 գ. քաշից պակաս էին:

«2001-ի փետրվարի մեկին մեզ ազատեց աշխատանքից՝ սննդի բաժինները թողնելով առանց մասնագետի, պատճառաբանելով, որ մենք թոշակի պետք է անցնենք: Քաղաքապետարանում այս մասին լռում էին»,- նամակում նշում է Վ. Հովսեփյանը:

Վարազդատ Հովսեփյանը հարցին լուծում տալու նպատակով դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: «Վարձելով իրավաբանի, պատասխանող քաղաքապետարանը կեղծ հնարքներով ապացուցում է դատավորին, որ այժմյան ՓԲԸ-ն նախկին հասարակական սննդի տրեստի իրավահաջորդը չէ»,-ասում է Վ. Հովսեփյանը:

Լ. Օ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել