Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 17,2006 00:00

Բողոքում է դատավոր Սամվել Ուզունյանը

Երեկ Նոր Նորք եւ Ավան համայնքների առաջին ատյանի դատարանի դատական նիստերի դատարկ դահլիճում շարունակվեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության գործակալ, փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի (Սերգեյ Իվանով) եւ մանկավարժ Սիլվա Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը։ Նրանք մեղադրվում են ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի հանդեպ 2001 թվականի դեկտեմբերի 29-ին կազմակերպված, իրականացրած մահափորձի համար։ Տուժողը դատարան չէր ներկայացել։ Դատարանն այս ընթացքում հասցրել է լսել երեք վկայի. Սիլվա Ասատրյանի ամուսնուն՝ Արթուր Գյուրջինյանին, որը հանդիսացել է «ԱՎընդԱՐ թռեյդրզ» հայ-սիրիական համատեղ ձեռնարկության պատասխանատու, մարզադպրոցի տնօրեն։ Երկու օր տեւել է Ասատրյանի որդու՝ Վարուժանի ցուցմունքների ունկնդրումը։ Ի դեպ, վերջինիս մահափորձից հետո՝ 9 ամիս ազատազրկել էին. հետագայում նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով։

Երեկ դատարան էր ներկայացել Յուրի Վոլֆսոնի կինը՝ Սվետլանա Աբովյանը։ Նրա ցուցմունքից տեղեկացանք, որ Վոլֆսոնի քավորը եղել է ՊՆ փոխնախարար Արթուր Ալեքսանյանը («Ամարասի Արթուր») եւ որ Վոլֆսոնը «ընդունակ տղամարդ էր»՝ աշխատանքի հետ կապված հարցերում։ Սակայն ցուցմունք տալու ընթացքում այս վկան դրսեւորեց վիրավորված կնոջ վարքագիծ եւ անգամ Վոլֆսոնին մեղադրեց, որ նա կապված է եղել այլ կանանց հետ, գիշերները հաճախակի բացակայել է, որ օգտագործվել է նաեւ Ասատրյանի կողմից։ Տիկին Աբովյանն ավելի հեռուն գնաց եւ հայտարարեց, որ Վոլֆսոնը տան համար աթոռ անգամ չի գնել։ Վոլֆսոնին իր հերթին հետաքրքրեց, թե խուզարկության ժամանակ Արեշի վարձակալած բնակարանում եղե՞լ են արդյոք անտիկ նկարներ, ոսկյա եւ արծաթե դրամների մեծ հավաքածու, թվային ֆոտոխցիկ, երաժշտական կենտրոն եւ դանակների այն հավաքածուն, որն իրեն ուղարկել էր հայրը՝ Գերմանիայից։ Կինը հայտարարեց, որ ոչինչ տանը չի մնացել, եւ որ իրեն «համապատասխան մարմինները խոստացել են» խուզարկության ժամանակ վերցրված իրերը դատից հետո իբրեւ փոխհատուցում՝ վերադարձնել։

Երեկ դատաքննության ժամանակ նաեւ պարզվեց, որ Վոլֆսոնը անհայտ բացակայող է ճանաչվել 2000 թվականից եւ որ նրա նախկին կինը, որը բնակվում է Ռուսաստանում, դրա համար գումար է ստանում, եւ դատավոր Ուզունյանը հարցրեց. «Ինչո՞ւ եք առեղծվածի վերածում Վոլֆսոնի անձը»,- եւ ասաց, որ անհրաժեշտ է դիմել ՌԴ արդարադատության մարմիններին՝ հայտնելով, որ դատարանի վճռով, փաստաթղթերով անհայտ բացակայող անձը գտնվում է Հայաստանում։ Այստեղ չդիմացավ նաեւ Վոլֆսոնի փաստաբան Անժելա Կարապետյանը, որը ռեպլիկ արեց. «Հայաստանի Հանրապետությունն է վերբովկա արել Վոլֆսոնին»։ Ամբաստանյալ Յուրի Վոլֆսոնն էլ դատարանից խնդրեց՝ որպես վկա դատարան կանչել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանին, «որոնք կարող են ապացուցել, թե ինքը որքան ծառայություն է մատուցել Հայաստանին»։ Սակայն թե դա ինչ կապ ուներ խնդրո առարկա գործի հետ, այդպես էլ պարզ չդարձավ:

Սիլվա Ասատրյանին էլ հետաքրքրում էր, թե ինչու դատարան ներկայացած Վոլֆսոնի կինը ամիսներ շարունակ զանգել է իր ամուսնուն եւ տղային։ Վկան ասաց, որ գումարի կարիք է ունեցել, իսկ ամբաստանյալը նկատեց, որ վկայի վրդովմունքը գալիս է նրանից, որ չի կարողացել «իր ցուցմունքը վաճառել»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել