Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսում են քիչ, վճարում՝ շատ

Օգոստոս 17,2006 00:00

Հեռախոսակապի ծառայություն մատուցող ընկերություններում խոսելավարձի չափը որոշում է ոչ թե կոմպյուտերը, այլ՝ «կոմպյուտրշիցան»:

Ագաթանգեղոսի 29 հասցեում «Միջազգային հեռախոսակապ» կոչվող մի հիմնարկ է գործում, որտեղից մարդիկ կարող են զանգել ինչպես միջազգային, այնպես էլ քաղաքային հեռախոսահամարներով: Ծառայության արժեքը, ըստ հիմնարկի պատին փակցված գնացուցակի, բավականին մատչելի է, սակայն երբ օգտվում ես հեռախոսներից, աշխատակիցներն ավելի շատ են գանձում հաճախորդներից, քան նրանք իրականում խոսել են: Համենայնդեպս, այդպես էին հավաստիացնում «Առավոտին» դիմած քաղաքացիները: Մենք բողոքների իրավացիությունը պարզելու համար եղանք նշված «հեռախոսակապում» ու փորձեցինք զանգահարել քաղաքային որեւէ հեռախոսահամարով: Ըստ «օբյեկտի» տնօրինության կողմից հաստատված գնացուցակի, 1 րոպե խոսելու համար պետք է գանձեին 60 դրամ: Մենք խոսեցինք առավելագույնը 2-3 րոպե, սակայն աշխատակցուհին պահանջեց վճարել ոչ թե 120-180 դրամ, այլ 500 դրամ, այսինքն՝ կրկնակի-եռակի թանկ: Վճարման սկզբունքից գլուխ հանելու համար եւս մեկ անգամ փորձեցինք զանգահարել, այս անգամ՝ բջջային հեռախոսահամարով: Խոսեցինք 19 վայրկյան, սակայն աշխատակցուհին պահանջեց վճարել 180 դրամ, այսինքն՝ մեկ րոպեի դիմաց:

Երբ ուզեցինք ճշտել, թե ո՞նց իմանանք՝ իրո՞ք այդքան ենք խոսել, կարո՞ղ ենք համակարգչով միասին ստուգել, աշխատակցուհին պատասխանեց. «Ոչ, ձեզ չի թույլատրվում, համակարգչով ստուգելու իրավունք մենակ ես ունեմ՝ կամյուտրշիցան»:

Պարզվում է՝ իրականում խոսելաժամանակն ու ծառայության վարձը որոշում է ոչ թե համակարգիչը, այլ հենց նույն «կամպյուտրշիցան»: Հաճախորդը, եթե ժամացույցով ժամ չպահի, չի կարող իմանալ, թե ինքը քանի րոպե խոսեց, որովհետեւ հեռախոսների վրա խոսելաժամանակը չի գրանցվում: Բացի այդ, «Միջազգային հեռախոսակապի» աշխատակիցներն իրենց ծառայությունից օգտվողներից պահանջում են գումարներ, բայց դրա դիմաց ոչ մի կտրոն չեն տալիս, որ խնդիրներ առաջանալու դեպքում գոնե ինչ-որ ապացույց լինի:

Ագաթանգեղոսի 29 հասցեում տեղակայված այդ «հեռախոսակապից» հիմնականում օգտվում են Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում սովորող՝ շրջանից եկած ուսանողները, որոնցից, հարազատների հետ խոսելու համար, որքան գումար պահանջում են՝ այդքան էլ ստիպված վճարում են:

Երեկ այս խնդրի հետ կապված փորձեցինք պարզաբանումներ ստանալ, սակայն «հեռախոսակապի» աշխատակցուհիները՝ Հռիփսիմե Բեջանյանն ու Քրիստինե Հակոբյանը, տեղեկանալով, որ իրենց սպասարկումից բողոքներ կան եւ հրապարակում ենք պատրաստում, կտրականապես հրաժարվեցին որեւէ բան ասել:

Նրանք հրաժարվեցին նաեւ տնօրենի որեւէ կոորդինատ տալ՝ պատասխանելով. «Հիմա մենք զբաղված ենք, ժամանակ չունենք, ինչ ուզում ես՝ գրի»:

ԼՈՐԱ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել