Վերաբնակեցման ծրագիրը տապալվում է պետական մակարդակով
Քաշաթաղի շրջանի ամենամեծ գյուղ Ծաղկաբերդն ունի մոտ 1000 հա վարելահող: Դրանից մոտ 600 հա-ն տրված է գյուղացիների մշակմանը, բայց նրանցից քչերն են կարողանում օգտագործել իրենց հողը:
«Մի հեկտար ցանելու համար, եթե ամեն ինչ տեղը տեղին անի՝ պարարտանյութ եւ այլն, 100 հազար դրամ է անհրաժեշտ: Գյուղացուն չորս-հինգ տարի ապրելուց հետո տալիս են 120 հազար դրամ անասնավարկ ու էլ ուրիշ հնարավորություն չունի գյուղացին: Այստեղ եկողները փողատերեր չեն, հիմնականում աղքատ մարդիկ են: Իրենց 8 հա հողատարածքները ցանելու համար 1500 դոլար փող է պետք, բնականաբար՝ ոչ ոք չունի այդքան փող»,- ասում է Ծաղկաբերդի գյուղապետ Ազատ Եղոյանը:
Գյուղացիներից ովքեր կարողանում են՝ տեխնիկա են վարձակալում Գորիսի Խնձորեսկ գյուղից, ովքեր ոչ՝ հողը վարձակալության են տալիս:
«Շատ ավելի լավ կլիներ, եթե տեխնիկան մենք ունենայինք: Մի ամիս է՝ դաշտերը հասունացած են եւ կոմբայն չեմ կարողանում վարձակալել հասկը հնձելու համար: Ամեն ուշացրած օրը կորուստ է: Մեծ կորուստ՝ տեխնիկա չունենալու պատճառով: Սա հիմնական պրոբլեմներից է»,- բացատրում է Ազատ Եղոյանը: Անցած 12 տարիների ընթացքում պետությունը Ծաղկաբերդում ոչ մի տուն չի կառուցել: Մարդիկ բազմաթիվ անգամ դիմել են վարչակազմ, սակայն միայն մի քանի տասնյակ հազար դրամի օգնություն են ստացել:
«Պետությունը, ասենք, պետք է ներդնի 20 մլն դոլար, որպեսզի այս տարածքը հոսանք անցկացնի, բայց դա անում է քսան տարում, քանի որ հնարավորություն չունի կամ էլ՝ կարեւոր չի համարում: Պետության համար կարող է կարեւոր է Երեւանում ասֆալտապատել մի քանի փողոց: Հիմա հարց է ծագում, ո՞րն է կարեւոր ազգի համար՝ էս տարածքների տները սարքելը, բնակեցնելը, թե՞ Երեւանում երեք փողոց ավելի ասֆալտապատելը: Պետությունը շրջանին հատկացրել է 300 մլն դրամ, սոցվճարները հանած՝ մոտ կես միլիոն դոլար: Կես միլիոն դոլարով ի՞նչ կարելի է անել: Դրա մեջ մտնում են դպրոցների, տների, հիվանդանոցների, ոռոգման եւ խմելու ջրագծերի շինարարությունները: Չնչին գումար է եւ դա էլ բերում է էս վիճակին: Ղարաբաղի մաս կազմող գյուղերն էլ նույն վիճակում են, Մեղրիում էլ է նույնը: էնտեղ կարող է լավ է այն առումով, որ տները պատրաստի են: Այստեղ դա էլ չկա: Նույն Մեղրիում մինչեւ հիմա ոռոգման ջրի հարցը լուծված չի, բայց Մեղրին ավելի ստրատեգիական նշանակություն ունեցող տարածք է, քան, ասենք, Աբովյան քաղաքը: Աբովյանում շատ անգամ ավելի լավ է, քան Մեղրիում»,- ավելացնում է գյուղապետը:
Առ այսօր Քաշաթաղի համայնքները բյուջե չունեն: Չնայած վերջին հինգ տարիներին հողի վարձ է հավաքվում վարձակալներից: Հողավարձերը մեծ գումարներ են կազմում՝ տասնյակ միլիոնավոր դրամներ, բայց ոչ ոք չի կարողանում պատասխանել, թե ուր են գնում այդ գումարները: Մինչդեռ, եթե դրանք մնային համայնքներին, նրանք վաղուց կունենային սեփական տեխնիկական բազաները: Իհարկե, կան մարդիկ, ովքեր վարձակալության համար ընդհանրապես չեն վճարում: Մշակում են հողերը, նույնիսկ ունեն վարձակալության պայմանագրեր, սակայն չեն վճարում: Նրանք հիմնականում բանակի գեներալներ եւ տարբեր պաշտոնյաներ են:
Այսօր վարձակալական պայմանագրերը կնքում է վարչակազմի ղեկավարը, եւ համայնքների ղեկավարները տեղյակ չեն լինում, թե իրենց համայնքների հողերը ովքեր են վարձակալել:
Քառասունչորս տարեկան Մարատ Հարությունյանը ընտանիքով՝ երեք երեխաների հետ, Հակարի գյուղ է տեղափոխվել Գորիսից: Նա տեղավորվել էր գյուղի ամենամեծ տանը, որը, սակայն, տանիք չուներ եւ վառված էր: Առայսօր նրա տունը կիսաքանդ է: «Չե՞ք ուզում վերադառնալ Գորիս»,- հարցնում եմ Մարատին: «Ո՞նց վերադառնամ, որտե՞ղ բնակվեմ: Ես ուզում եմ գնալ, բայց այնտեղ շան բուն էլ չունեմ, ո՞ւր պիտի գնամ: Երեխաներն են էստեղ մեղք. ոչ մի բանից տեղյակ չեն, աշխարհից կտրված ենք: Շատ վատ չենք ապրում, սոված չենք, ստեղծում ենք մի բան»,- պատմում է Մարատը:
Չորս երեխաների համար ստանում են տասնվեց հազար դրամ: Ապրուստի միջոցը բանջարանոցն է: Իսկ թե ինչո՞ւ տնտեսությունը չի զարգացնում, Մարատը բացատրում է այսպես. «Փող պետք է ունենաս մի քիչ մեծ գործ սկսելու համար: Չունենք, դրա համար էլ չենք կարողանում զարգանալ: Երեխաս կարճատես է, հինգ տարի չէինք կարողանում ակնոց գնել՝ փողի պատճառով, էս ձմեռը նոր-նոր միայն գնել ենք: Էստեղ լավ ենք, իրար օգնում ենք, լավ ենք իրար հետ: Մի բան եթե պատահում է, բոլորս հասնում ենք: Ոտքի կանգնելու համար մի քիչ օգնություն էր պետք պետությունից, չեղավ: Դրա համար էլ էս վիճակում ենք»:
Հակարի գյուղապետ Գառնիկ Չոբանյանը 1995-ից այստեղ է: Նրա երկու երեխաները ծնվել են գյուղում: «Չգիտեմ ինչու եկա, որոշեցի՝ եկա,- ասում է Գառնիկը,- աշխատում էի, բիզնես էի անում Երեւանում: Հոգնեցի՝ եկա: 22 խոշոր անասուն ունեմ, որից 6 կթու կով: Գյուղի աշխատանք չգիտեի, ամեն ինչ այստեղ սովորեցի»: Գյուղապետը այս տարածաշրջանի հիմնական խնդիրը համարում է մթերքի իրացման շուկայի բացակայությունը: Կաթը գարնանն ու աշնանը Գորիսից գալիս մեքենայով տանում են, ամռանը մեքենան չի գալիս, որովհետեւ կաթը թթվում է: Գյուղացիները կաթնամթերքն այս ամիսներին չեն կարողանում իրացնել: «Լավ կլիներ այդ կաթը այստեղ ինչ-որ բան սարքվեր, թե չէ ամեն մարդ ինքն է լուծում իրացման խնդիրը: Եթե գյուղացին ապրանք է արտադրում ու չի կարողանում իրացնել՝ ի՞նչ անի: Անասուն պահում է, բայց վաճառել չի կարողանում: Առաջ գալիս էին տանում, հիմա չեն էլ գալիս: Ինչքան ապրանքի գինը ավելանում է՝ էնքան պահանջարկը քչանում է»,- ասում է Գառնիկը:
Գառնիկը գտնում է, որ պետք է այս տարածքների զարգացման համար ծրագիր մշակել. «Ելքն էն է, որ գյուղացուն կարողանան օգնել: Չէ՝ սննդամթերք, շոր նկատի չունեմ: Մեզ այդպիսի օգնություն պետք չէ։ Մենք գնում ենք դրսից տեխնիկա ենք բերում մեր հողերը մշակելու: Գյուղացին հնարավորություն չունի պարարտանյութ տա, հողն այնպես մշակի, ոնց որ իրականում պետք է: Հայաստանում գյուղացին ստանում է պարարտանյութ, հետո բերքով է փակում կամ այլ ձեւեր կան: Այստեղ վարկ չկա: Ես մի քանի անգամ դիմել եմ տրակտորների համար: Ճապոնական տրակտորների համար գնացի Երեւան, ասացին՝ Քաշաթաղին չի հասնում: Իսկ ինչու չի հասնում, սա Հայաստան չի՞»,- զարմանում է գյուղապետը:
(շարունակելի)
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Քաշաթաղ-Երեւան
www.hetq.am