Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտակերտի զարգացման ծրագիրը գործում է

Օգոստոս 17,2006 00:00

Այդ մասին են վկայում «Հայաստան» հիմնադրամի ներկայացրած տվյալները

«Կարծում ենք, որ այնպիսի «հայտնի ու հմուտ» քաղաքագետ, որը ոչ մի տեղեկություն չունի ո՛չ շինարարությունից, ո՛չ էլ ֆինանսական կառավարումից՝ չի կարող գնահատել մեր աշխատանքը»,- այսպես պատասխանեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից մեր հարցին, թե ինչով են բացատրում ԼՂՀ նախագահին առընթեր պետական ծառայողի էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանի դժգոհությունը հիմնադրամի աշխատանքներից: Մասնավորապես արձագանքելով պրն Պետրոսյանի այն նկատառմանը, թե Մարտակերտի տարածաշրջանային զարգացման ծրագրին նպատակաուղղված 5 մլն դոլարն 8 ամիս է՝ մնում է բանկում, հիմնադրամից պարզաբանեցին. «Այո, մենք գումարները պահում ենք բանկերում, այլ ոչ թե արկղերում կամ այլուր, եւ բնականաբար՝ տոկոսներ ենք ստանում դրանից»: Նաեւ պարզաբանեցին, որ բարձրացվել է ոչ միայն հիմնադրամի գործադիր տնօրենի աշխատավարձը, այլ նաեւ այլ ղեկավար անձանց, քանի որ հոգաբարձուների խորհուրդը որոշել է, թե հիմնադրամում պիտի ընդգրկվեն լավագույն աշխատակիցները ու դրա համեմատ էլ վարձատրվեն: Շատ հանգամանալից պարզաբանեցին, թե ինչ նպատակով են ծախսվում այդ տոկոսները, եւ հատկապես ում աշխատավարձերն են բարձրացրել:

Սակայն առավել կարեւոր ենք համարում մեջբերել այն պարզաբանումները, որ հետեւեցին խնդրո առարկայի կապակցությամբ, թե Մարտակերտի տարածաշրջանային զարգացման ծրագիրը, չնայած իրականացված դրամահավաքին՝ սառեցված է: Ներկայացնենք որոշ դրույթներ կազմված հաշվետվությունից:

Մարտակերտ քաղաքի, Մեծ Շեն եւ Մաղավուզ գյուղերի ջրագծերի նախաորակավորման մրցույթը կայացել է մայիսի 23-ին։ Այդ փուլից հետո մասնակիցներին տրվում է եւս 40 օր՝ գնային առաջարկ ներկայացնելու համար. «Սակայն հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ հիմնադրամը դիմել է ՀՀ նախագահին, որ մրցույթը անցկացվի ավելի կարճ ժամկետում։ Մրցույթը տեղի է ունեցել ս.թ. հուլիսի 4-ին։ Սակայն մասնակիցների ներկայացված բարձր գնային առաջարկների պատճառով հայտարարվել է չեղյալ: Հայտարարված նոր մրցույթին, որը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, դիմել էին 2 կազմակերպություն։ Մրցույթում հաղթող է ճանաչվել «Ճանշին» ՓԲԸ՟ն։ Աշխատանքները շուտով կսկսվեն»։

Իսկ Վաղահաս գյուղի խմելու ջրի ծրագրի առաջին մրցույթը չկայացած է համարվել, քանի որ որեւէ կազմակերպության կողմից ձեռք չեն բերվել մրցութային փաստաթղթերը։ Երկրորդ մրցույթը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 29-ին։

Մարտակերտի շրջանային հիվանդանոցի համար հիմնադրամը 4 շտապօգնության մեքենաների ձեռքբերման հայտ է ներկայացրել։ Մեքենաները Մարտակերտ կտեղափոխվեն մոտ 2 ամսից։ Գյուղատնտեսության զարգացման ծրագրի մասով՝ հիմնադրամը Բելառուսից եւ Չինաստանից կոմբայնների, տրակտորների եւ այլ մեքենաների գնման հայտ է ներկայացրել։ Տրակտորների առաջին խումբը արդեն Երեւանում է եւ Մարտակերտ կհասնի մի քանի օրվա ընթացքում։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել