Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽ՝ ՔԱՎԱՐԱՆՈ՛Վ ԱՆՑԵՔ

Օգոստոս 17,2006 00:00

Նաեւ այսպես են արձագանքում ընդդիմադիրներն ՕԵԿ նախաձեռնությանը՝ սկսել «Հանուն օրինական ընտրությունների» քաղաքացիական շարժում:

Շարժման նախաձեռնության էությունն, ըստ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի, հետեւյալն է. «Այսօր բոլորը խոսում են ընտրությունների ընթացքում օրինականության ապահովման անհրաժեշտության մասին, եւ ՕԵԿ նախաձեռնած քաղաքացիական գործընթացը հասարակության մեջ առկա պահանջի արտացոլումն է: Ի վերջո, հարկ է գիտակցել, որ հնարավոր չէ բարձրագոչ հայտարարություններով կազմակերպել լավ ընտրություններ: Հարկ է աշխատել առկա որոշակի խնդիրների շուրջ»: Ըստ նրա, «Հանուն օրինական ընտրությունների» շարժումը պետք է աշխատի ոչ պակաս, քան 4 հիմնական ուղղություններով: Դրանցից առաջինը քաղաքական ուժերի լայն փոխհամաձայնության պայմաններում ընդունվելիք «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններն են, որոնք այն կհամապատասխանեցնեն միջազգային չափանիշներին: 2-րդը՝ ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման հստակ գործող համակարգ, «որը կերաշխավորի հավասար մոտեցում բոլոր կուսակցությունների նկատմամբ»: 3-րդ ուղղությունն ընտրական գործընթացի թափանցիկության, հասարակական վերահսկողության գործուն մեխանիզմների ապահովումն է: Եվ 4-րդը՝ ընտրական գործընթացներում ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ազատ գործունեության ապահովումը:

Մհեր Շահգելդյանն արդեն իսկ ազդարարել է, որ իրենց նախաձեռնությունը բաց է, եւ դրան կարող են միանալ բոլոր այն ուժերը, որոնք կարեւորում են ընտրությունների խնդիրը եւ մտահոգ են երկրում առկա իրավիճակով:

«ՀԺԿ-ն իր ստեղծման օրվանից այնպ
իսի ճակատագիր է ունեցել, որ միշտ ստիպված պայքար է մղել հանուն օրինական ընտրությունների: Մենք միշտ ենք այդ պայքարը մղե՛լ, մղո՛ւմ եւ մղելո՛ւ ենք: Եվ ով էլ նման նախաձեռնությամբ հանդես գա՝ ողջունելու ենք: Ու ամեն ինչ կանենք, որ իսկապես այդպես լինի»,- այսպես պատասխանեց ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը մեր հարցին, թե ինչպես են վերաբերվում ՕԵԿ այս նախաձեռնությանը: Հավելյալ հարցին, թե արդյոք ՀԺԿ-ն կմիանա՞ այս շարժմանը՝ պատասխանեց. «Ճիշտն ասած, դեռ լավ չեմ պատկերացնում, թե ինչպիսին է լինելու այդ շարժումը: Բայց մենք մեր գործն անելու ենք՝ պայքարելու ենք հանուն օրինական ընտրությունների: Եթե ուրիշներն էլ են անում՝ շատ ուրախ կլինենք, եթե պայքարենք միասին»: Սա հատկապես հետաքրքիր էր լսել պրն Զաքարյանից, որն ԱԺ նախագահի պաշտոնից Արթուր Բաղդասարյանի հրաժարականի օրերին էլ էր շարունակում քննադատել նրան: «Կարծում եմ, առողջ քննադատությունը բոլորի համար էլ օգտակար է,- հիշեցմանն արձագանքեց ՀԺԿ քարտուղարը:- Բայց ես նաեւ միշտ էլ ասել եմ, որ պատրաստ ենք համագործակցել ՕԵԿ-ի հետ: Եվ արդեն իսկ համագործակցել ենք ԱԺ-ում՝ տարբեր խնդիրների շուրջ: Ժամանակը ցույց կտա, թե այդ համագործակցությունը որքան խորը կլինի»:

Ընդդիմադիր հիմնական մյուս ուժի՝ «Ազգային միաբանության» փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը մեր հարցին, թե հնարավո՞ր են համարում առաջադրված խնդրի շուրջ համագործակցությունը՝ պատասխանեց. «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն՝ նպատակաուղղված ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը: Բայց կարծում ենք, որ եթե ՕԵԿ-ը նախաձեռնում է նման շարժում, ապա անպայման կանցնի քավության ճանապարհով, ի ցույց կդնի իր եւ կոալիցիոն նախկին գործընկերների իրականացրած ընտրակեղծիքները: Վերջին հաշվով՝ ո՞վ է ազդարարում այդ շարժման մասին՝ սահմանադրական հանրաքվեի համակարգող շտաբի պետը, երբ 1 մլն-ից ավելի ընտրակեղծիքների խնդիր կա… Սակայն եթե մեր գործընկերներն անցնեն քավարանով, իսկապես դատապարտեն այդ երեւույթները…»: Գագիկ Թադեւոսյանը նկատի ունենալով ԱԺՄ-ի, ԱԺԴ-ի եւ «Ժառանգության» տեսակետները, որոնք որոշակի զգուշավորությամբ էին ողջունել այս նախաձեռնությունը՝ նշեց. «Ցավով արձագանքեցինք, որ մեր գործընկեր կուսակցությունները կիսում են նույն մտահոգությունները: Ստացվեց, որ «Ազգային միաբանությունը» շատ ավելի շուտ եւ շատ ավելի հեռուն էր նայում՝ խորհրդարանում արտահայտելով նույն մտավախություններն ու կասկածները, որոնք այսօր արտահայտում են մնացած կուսակցությունները: Այն է, որ եթե «Հանուն օրինական ընտրությունների» շարժում ես սկսում՝ օրինակը դո՛ւ պիտի տաս, եւ գոնե պատժես կամ հեռացնես ընտրական հանձնաժողովների մի քանի նախագահների, որոնք ՕԵԿ-ից են»: Սակայն «Ազգային միաբանության» փոխնախագահը չցանկացավ կտրականապես ժխտել, թե կհամագործակցեն այս նախաձեռնության շրջանակներում: Ըստ նրա՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը կգումարվի ԱՄ համակուսակցական կոնֆերանսը, որտեղ էլ կհայտնեն իրենց դիրքորոշումը նաեւ այս հարցի վերաբերյալ:

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, արձագանքելով այս կոչերին, թե մինչ նման նախաձեռնությամբ հանդես գալը՝ նախ պիտի գնահատական տան նախորդ ընտրությունների ընթացքում կատարված կեղծիքներին, ասաց. «Օրինաց երկիրը» մշտապես բաց եւ հրապարակային քննադատել է խախտումներն ու կեղծիքներն ընտրությունների, հանրաքվեի ժամանակ, դատապարտել դրանք եւ հանդես եկել քաղաքական ու հրապարակային գնահատականներով, որոնք բազմիցս արտացոլվել են մամուլում»:

Նաեւ անդրադարձավ այն հարցին, թե արդյոք այս շարժումը ենթադրո՞ւմ է որոշակի միավորման ստեղծում: «Տվյալ նախաձեռնությունը վերաբերում է ուղղակի քաղաքացիական գործընթացին, ու այստեղ խոսք չկա դաշինքների կամ միությունների ստեղծման մասին,- ասաց պրն Շահգելդյանը:- Յուրաքանչյուր կուսակցություն, հասարակական կազմակերպություն ինքը կարող է ընտրել սեփական մասնակցության ձեւն ու չափը այս խնդիրների լուծման գործում: Որպես խորհրդարանական կուսակցություն՝ մենք մեր մասով պատրաստ ենք այս հայտարարությանն արձագանքողների մոտեցումները ներկայացնել Ազգային ժողովում: Այս կամ այն կազմակերպությունը կմասնակցի, թե ոչ՝ կբնորոշի իր մոտեցումները: «Օրինաց երկիրը» շարունակելու է իր պայքարը ընտրական գործընթացներում օրինականության ապահովման համար, գնալու է Հայաստանում ժողովրդավարության կառուցմանը սատարելու ուղով եւ կատարելու է իրական քայլեր: Այսօր ոչ թե պարզապես խոսքի, այլ գործի ժամանակն է»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել