Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՂԱՓԱՐԱԿԻՐՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՔՐԵԱԿԱՆՆԵՐԻ

Օգոստոս 17,2006 00:00

ԱԻՄ-ը երեկ կազմակերպել էր կլոր սեղան՝ «Գաղափարակիր կուսակցությունների դերակատարությունը 2007-ի խորհրդարանական ընտրություններում» թեմայով:

Բացման խոսքում Պարույր Հայրիկյանը նշեց. «Ցանկացած ընտրությունից առաջ կուսակցություններն ունեն զուտ կուսակցական պատկերացումներ։ Այս ընտրությունների նախաշեմին ակնհայտ է դառնում, որ կան նաեւ ընդհանրական, կարելի է ասել վերկուսակցական մտահոգություններ: Այսօր դրանցից կարեւորագույնն է ընկալվում մեր հասարակական եւ մանավանդ քաղաքական կյանքի քրեականացումը»։ Ըստ նրա՝ այսօր «գաղափարակիր կուսակցությունների» դաշտ են թափանցում «ոչ գաղափարակիր խմբավորումներ», որոնք քաղաքական դաշտում վերածվում են քրեական խմբավորումների: Ուստի, ըստ պրն Հայրիկյանի, գաղափարակիր կուսակցությունները պետք է կարողանան իրենց մասնավոր քաղաքական նկատառումները մի կողմ դնելով՝ պայքարել համատեղ: Ավելի որոշակի՝ սպասվող խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների խնդիրը պետք է լինի ոչ թե իրենց համար որոշակի տեղերի ապահովումը, այլ «մյուսների հետ շատ տեղերի ձեռք բերումը՝ ի հակակշիռ քրեական մտածողությամբ քրեական տարրերի»: ԱԻՄ նախագահն ասաց. «Հայաստանում չկա քաղաքական դաշտ, եւ դրա ստեղծումը պետք է լինի քաղաքական բոլոր ուժերի գերխնդիրը»:

Այս մոտեցմանը համամիտ էին նաեւ ներկա քաղաքական ուժերը, որոնք լրջագույն խնդիր անվանեցին «ընտրական համակարգ ապաքաղաքական, կրիմինալ ուժերի մուտքը»: Իսկ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Զաքարյանը մասնավորապես նշեց, որ եթե նախկինում քաղաքական ուժերն օգտագործում էին կրիմինալին, ապա այսօր այն «ոչ միայն սերտաճում է, այլեւ ընդգրկում է, միաձուլում տվյալ կուսակցության շարքերում», ինչը բերում է նոր իրավիճակ, երբ «փորձ է արվում գաղափարը դուրս մղել քաղաքական դաշտից»:

Երեկվա քննարկման արդյունքում չէր նախատեսվում ընդունել որեւէ փաստաթուղթ: Թերեւս հաջորդ հանդիպումը տեղի ունենա սեպտեմբերին։ Նշենք նաեւ, որ հավաքին ներկա չէր իշխանական կուսակցություններից եւ ոչ մեկը: Պարույր Հայրիկյանը հատկապես տարակուսանք հայտնեց Դաշնակցության ներկայացուցչի բացակայության առնչությամբ:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել