Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՐԴԻ ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ»

Օգոստոս 17,2006 00:00

Հայտարարում է «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը

Եթե հավատանք Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարություններին, ապա չի բացառվում, որ այս տարվա սեպտեմբերին ԼՂ հակամարտության հարցի կարգավորմամբ արդեն 12 տարի զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միանգամայն նոր առաջարկներ ներկայացնեն հակամարտող կողմերին: Հիշեցնենք, որ առաջիկա սեպտեմբերին նախատեսվում է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, որը տեղի է ունենալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ: Իհարկե, այս տեղեկատվությունը Արազ Ազիմովի վկայակոչմամբ մատուցած ադրբեջանական «Զերկալոն» թերահավատ է, թե այդ նոր առաջարկները կարող են առաջխաղացում արձանագրել բանակցային պրոցեսում:

«Ադրբեջանական կողմն այդ հանդիպմանը մոտենում է օրակարգի արդյունավետության եւ որոշակիացման տեսանկյունից: Մենք հույս ունենք, որ այս անգամ մենք կլսենք ոչ թե նախկին դիրքորոշումների կրկնություն, այլ նոր՝ կառուցողական առաջարկներ: Միայն հայկական կողմից կառուցողական մոտեցման դրսեւորման դեպքում մենք կարող ենք որեւէ արդյունքի հասնել»,- հայտարարել է Արազ Ազիմովը: «Զերկալոն» վկայակոչելով Ա. Ազիմովին՝ փոխանցել է նաեւ, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սկզբունքային հարցերի շուրջ կոնկրետ առաջարկներ է ներկայացրել, իսկ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակ քննարկվում են միայն դրանց մանրամասները»:

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը միաժամանակ խոստովանել է, որ բուխարեստյան հանդիպումից հետո բանակցային պրոցեսում որոշակի ճահճացում է առաջացել՝ միաժամանակ հայտարարելով, որ սեպտեմբերին կայանալիք հանդիպման ընթացքում սպասվում է ԼՂ հակամարտության կարգավորման նոր առաջարկների հրապարակում: «Սեպտեմբերին ինչ-որ բան կարող է տեղի ունենալ: Եթե Հայաստանը շահագրգիռ է հիմնախնդրի լուծմամբ՝ խնդրեմ, թող նստի բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է Ա. Ազիմովը:

Ա. Ազիմովի՝ սեպտեմբերին նոր առաջարկներ ստանալու մասին հայտարարությունն առավել քան հետաքրքրական է դառնում հայաստանյան ներքաղաքական զարգացումների համատեքստում: Հիշեցնենք, որ ընդդիմադիր որոշ կուսակցությունների կանխատեսմամբ, առաջիկա մեկ-մեկուկես ամիսների ընթացքում հնարավոր է, որ հենց իշխանությունների նախաձեռնությամբ պալատական իշխանափոխություն լինի, որն անպայմանորեն կապված է լինելու նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ: Այս հեռանկարը երեկ մեր զրույցի ժամանակ չբացառեց նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Ըստ նրա, այդ գործընթացը գործնական փուլի է անցել արդեն հուլիսի 22-ին, երբ ՀՀԿ-ն համագումար հրավիրեց, որտեղ, ի դեպ, չխոսվեց ո՛չ երկրի ներքաղաքական խնդիրների, ո՛չ ԼՂ հիմնահարցի մասին: Ա. Գեղամյանի համոզմամբ, այդ համագումարն, ըստ էության, հող է նախապատրաստում «իշխանափոխության» համար: Ինչ վերաբերում է առաջիկայում ԼՂ հարցի լուծման հնարավորությանը, ապա «ԱՄ» կուսակցության առաջնորդի ասելով, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանավարության պարագայում ԼՂ հարցը ենթակա չէ լուծման, «որովհետեւ դուումվիրատը քաջ գիտակցում է, որ հարցի լուծումը նշանակում է, որ վերջիններս անհապաղ պետք է լքեն Հայաստանի Հանրապետությունը»: Ավելին, Ա. Գեղամյանի կարծիքով, ԼՂ հարցի լուծումը նշանակում է նաեւ՝ Քոչարյան-Սարգսյան դուետը ԼՂ-ում բնակվելու իրավունք այլեւս չի ունենա: «Պաշտոնին կառչելու եւ ընդդիմությանը կաշկանդելու եզակի հանգամանքն այս տարիների ընթացքում եղել է միայն այն, որ օրըստօրե սպասել ենք ԼՂ հիմնահարցի լուծմանն ու ստեղծված իրավիճակում չենք գնացել վճռական գործողությունների: Սակայն ակնհայտ դարձավ, որ ԼՂ հարցի լուծումը այս իշխանությունների համար ընդամենը միջոց է՝ կառչել իրենց պաշտոններից, ինչը, կարծում եմ, քաջ գիտակցում են նաեւ միջազգային կառույցները»,- ասաց «ԱՄ» նախագահը:

Վերջինիս փոխանցմամբ, Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը հիմա պրպտումների մեջ են՝ ինչպե՞ս մոլորության մեջ գցել հայ ժողովրդին՝ նախօրոք պայմանավորված իշխանափոխությունը կազմակերպելու համար. «Դրա արգասիքն ու առհավատչյան, փաստորեն, «Բարգավաճ Հայաստանի» ու ՀՀԿ-ի՝ վերջերս ամառվա այս տապին զգացվող գերակտիվությունն է ու միմյանց դեմ ուղղված առայժմ «թավշյա» քննադատությունը»: Ա. Գեղամյանի համոզմամբ, ԼՂ հարցը իրավասու են լուծել միայն այն իշխանությունները, որոնք կձեւավորվեն ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների արդյունքում: Կլինե՞ն այդ իշխանությունները, որոնք կներկայացնեն մեր ժողովրդին՝ կկարողանան ներկայացնել նաեւ ԼՂ հարցի լուծումն իր փոխզիջումներով: Իսկ քանի դեռ մեր երկրում, ըստ պարոն Գեղամյանի, հասարակությանը ներկայացնող ու նրա վստահությունը վայելող իշխանություններ չկան, բոլոր հույսերը՝ թե ԼՂ հիմնահարցը կարող է լուծվել, սին են: «Ուստիեւ՝ «Ազգային միաբանությանն» այլեւս ոչ մի հանգամանք չի կաշկանդելու հնարավորինս արագացնելու այս ապօրինի իշխանությունների հեռացումը: Ղարաբաղի քարտով ժողովրդի բերանը փակելու ժամանակները, կարծում եմ, անվերադարձ անցան»,- երեկ մեր զրույցի ժամանակ հայտարարեց Ա. Գեղամյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել