Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՎԱՏ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ

Օգոստոս 16,2006 00:00

Մշակութային օջախների ներկայացուցիչները բողոքում են տուրիստական գործակալությունների վատ աշխատանքից

«Ինչքա՞ն կարելի է եկեղեցի ու քար տեսնել»։ Ազգային պատկերասրահի աշխատակիցները հաճախ այսպիսի դժգոհություններ են լսում արտասահմանցի զբոսաշրջիկներից։ «Հետո, երբ ծանոթանում են Պատկերասրահին, խոստովանում են, որ այն իրենց համար հայտնություն էր: Հիմնականում մեզ այցելում են ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից ժամանած հյուրեր, բայց, ցավոք, այս տարի նրանց թիվը նվազել է»,- տեղեկացրեց Ազգային պատկերասրահի էքսկուրսիաների բաժնի վարիչ Սուսաննա Գասպարյանը։ «Առավոտի» հետ զրուցած թանգարանների տնօրենները միաբերան պնդում են, որ տուրիստական կազմակերպությունները թանգարանները ինչպես հարկն է չեն ներկայացնում զբոսաշրջիկներին։ Ըստ տիկ. Գասպարյանի, իրենք քանիցս կլոր սեղաններ ու քննարկումներ են կազմակերպել, հրավիրել այնպիսի տուրիստական կազմակերպությունների, ինչպիսիք են, օրինակ, «Արմենտուրը», «Ակվարիուս թրավելը», «Տաթեւ տուրը», նրանց տեղեկացրել թանգարանների ծառայություններին, գներին, աշխատանքային ժամերին, սակայն առայժմ արդյունքներ չեն տեսնում։

Տուրիստական կազմակերպությունների պատասխանատուներն էլ պնդում են, թե թանգարանների աշխատանքային ժամերը հարմար չեն զբոսաշրջիկներին այնտեղ ուղեկցելու համար ու լավ կլիներ, որ նրանք ավելի երկար աշխատեին։ «Թանգարանները, որպես կանոն, աշխատում են ժամը 10-16-ը: Քաղաքից դուրս պտույտներից հետո մեր էքսկուրսավարները ստիպված վազեցնում են զբոսաշրջիկներին` երեւանյան որեւէ թանգարան այցելելու համար։ Օրինակ՝ Գառնիից քաղաք վերադարձող հոգնած զբոսաշրջիկն ինչպե՞ս կմտնի պատկերասրահ։ Գոնե թանգարաններում ժամը 9-ից մինչեւ 18-ը աշխատեին»,- առաջարկում է «Արմենտուրի» տուրիզմի գծով մենեջեր Լուսինե Ղահրամանյանը։ Նաեւ պատմեց, որ վերջերս խնդիրներ են ունեցել Ցեղասպանության թանգարանի հետ. խնդրել են մի փոքր ուշ փակել, որպեսզի տուրիստական խումբը կարողանա հասնել թանգարան, սակայն իրենց այդպես էլ չեն ընդառաջել։

Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում ասացին, որ իրենց այցելուներն ամառվա ամիսներին հատկապես պարսկահայերն ու բեյրութահայերն են։ Աշխատակազմը կարող է սպասարկել օրական 2000 այցելուի, սակայն այս շրջանում նրանց թիվն ընդամենը օրական 10-15 է։ «Զբոսաշրջիկները հաճախ սեփական նախաձեռնությամբ են գալիս մեր թանգարան, հետաքրքրվում՝ ուր են եկել, էլ ուր կարող են գնալ։ Սա տուրիստական բյուրոների վատ աշխատանքի արդյունքն է»,- նշեց Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Վերժինե Մովսիսյանը։ Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի տեղեկացմամբ՝ իրենց մոտ եւս նույն վիճակն է տիրում։ Այս թանգարանի այցելուների շարքում ակտիվ են հատկապես տեղացիները։

Տուրիստական կազմակերպություններից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են արտասահմանցիները սեփական նախաձեռնությամբ այցելում թանգարաններ եւ ոչ` կազմակերպության ուղղորդմամբ։ «7-օրյա այցելությունների էքսկուրսիոն ծրագրում ընդգրկված են հիմնականում Պատմության, Ցեղասպանության, Էրեբունի թանգարանները եւ Մատենադարանը։ Բայց եթե զբոսաշրջիկը չի ցանկանում մեր էքսկուրսավարների հետ պտտվել, հաճախ ինքն է որոշում՝ ուր գնալ։ Երկարատեւ այցելությունների դեպքում հիմնական ծրագրում ընդգրկվում են նաեւ Ազգային պատկերասրահը, Սարյանի տուն-թանգարանը»,- պարզաբանեց Լուսինե Ղահրամանյանը։

«Սակավ այցելությունների պատճառներից մեկը երեւի մուտքի վճարն է (600դրամ), որը հաճախ մատչելի չէ տեղացիներին։ Իսկ դրսի այցելուներին Երվանդ Քոչարը հետաքրքրում է: Նա Փարիզում էլ է ապրել, ստեղծագործել, դա էլ մեծ դեր ունի արտասահմանցիների հետաքրքրության հարցում»,- կարծում է Երվանդ Քոչարի թանգարանի ցուցադրությունների եւ հանրահռչակման բաժնի վարիչ Փիրուզ Սահակյանը։ Այցելուների թվի առավելությամբ՝ օրական շուրջ 300 հոգի, առանձնանում է Մատենադարանը։ Մատենադարանի էքսկուրսավար Արմինե Ավագյանը գտնում է, որ դա պայմանավորված է տուրիստական կազմակերպությունների հետ իրենց համագործակցությամբ ու Մատենադարանի առանձնահատկություններով։

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել