Բողոքում են սպառողները
«Օգտագործում եմ մաքսիմում երկու խորանարդ մետր ջուր, բայց համակարգչում գրում են 5-6 խորանարդ: Ջրաչափի ծախսած գումարն արձանագրող աշխատողին իմ առաջին բողոքից հետո չեմ տեսել (մեկուկես տարի)։ Ես իմ օգտագործած ջրի գումարը վճարում եմ, ինչը ցույց է տալիս ջրաչափը, սակայն համակարգչում մնում են նրանց կողմից հորինած թվերը, որը ես չեմ պատրաստվում վճարել: Այս պահի դրությամբ՝ 14 խորանարդ ավելի է: Նման պայմաններում՝ մինչեւ հունվար ամիսը 7-8 հազար դրամ պարտք կունենամ: Պատկան մարմինները չեն բարեհաճում գալ, իրական ցուցանիշներն արձանագրել, ուղղակի «կրակում» են իրականությանը չհամապատասխանող թվեր»,- երեկ «Առավոտին» դժգոհեց Էրեբունի համայնքի Բուռնազյան 48 հասցեի բնակիչ Մարջիկ Մելքոնյանը: Ընդհանրապես ջրաչափի ցուցմունքը տեղերում չարձանագրելու եւ այն մոտավորապես գրելու վերաբերյալ ջրի տեսուչներից բողոքները շատ են: Եթե որոշ տեսուչներ չայցելելով բնակարաններ` գոնե զանգելու միջոցով են ջրաչափի ցուցմունքը գրանցում, ապա շատերը դա էլ չեն անում: Իրենց հիմնարկում նստած` ջրաչափի թվերը «նկարում» են: Վերջիններս պլանը կատարելու համար այս կամ այն թաղամասի սպառած ջուրը «հալալ» բաժանում են բնակիչների վրա: Ի դեպ, նման դեպքում շատ բնակիչներ նույնիսկ շահում են՝ մնացածի հաշվին: Ասենք` եթե մեկ-երկու անձից բաղկացած ընտանիքը ջուրը խնայելով է օգտագործում կամ առանց այդ էլ քիչ է ծախսում, ամսվա վերջում պարզում է, որ համակարգչի ֆիքսած ջրի վարձը նույնիսկ ամենակոպիտ հաշվարկներով չի համապատասխանում բնակչի սպառած ջրի չափին: «Ամեն անգամ ջրի մարդ փոխվելիս՝ նույն պրոբլեմի առաջ եմ կանգնում, մինչդեռ՝ ես ջուր օգտագործում եմ այնքան, որքան կարող եմ վճարել»: Այս առնչությամբ՝ «Առավոտի» հետ զրույցում «Երեւան-ջուր» ընկերության Էրեբունի համայնքի տարածքային մասնաճյուղի իրացման բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Առաքելյանը պարզաբանեց. «Հնարավոր է, որ տանը մարդ չի եղել: Այդ պատճառով էլ մեր աշխատողը չի կարողացել ջրաչափի տվյալները վերցնել: Քաղաքացին կարող է ամեն ամսվա վերջին օրերին զանգել եւ իր ջրաչափի ցուցմունքները տալ ու այդ կարգի թյուրիմացություններ չեն լինի: Մեր պարտականությունների մեջ չի մտնում ամեն օր գնալ ու նույն խնդրով մարդկանց անհանգստացնել: Ողջ թաղամասում այդ պրոբլեմը չկա, բնակիչն էլ պետք է բարեխիղճ լինի, եթե աշխատողը չի գրանցում, ինքը զանգի ու իր տվյալներն ասի: Եթե բնակարանում մարդ չկա, աշխատողը կարող է 3 ամսվա ծախսը միանգամից գրի, թեեւ նման օրենք չկա: Կխնդրեի տիկնոջը, որ ամեն ամիս զանգեր եւ իր ջրաչափի տվյալներն ինքն ասեր: Խոստանում ենք համակարգչից հանել ավելի գրանցված խորանարդները»:
Գ. ՄԿՐՏՉՅԱՆ