Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿՈՒՆՔՑԻՆԵՐԻ ՀՈԳՍԵՐԻ ԱԿՈՒՆՔԸ

Օգոստոս 15,2006 00:00

Այս գյուղում հույս ունեն, թե կառավարությունում իրենց խնդիրներով մտահոգ են

Վարդենիսի շրջան, Երեւանից 165 կմ հեռավորություն, Ակունք գյուղ։ Այս գյուղի մասին հիշատակություն է պահպանվել նախիջեւանցի Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատեանցի «Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի» գրքում, որը Ակունքի ներկայիս գյուղապետ Արծրուն Ղարիբյանը սուրբ գրքի նման պահպանում է։ Ըստ այս աղբյուրի՝ Ակունքը նախկինում Վարդանաբակ է կոչվել։ Իբր Վարդան զորավարն իր զինվորների հետ այդտեղ է հանգստացել։ 16-17-րդ դարերում Շահ Աբասի ասպատակությունների ժամանակ գյուղը միակն է եղել, որ չի բնակեցվել օտարազգիներով՝ եզդիներով, քրդերով։ Ակունքի բնակիչների նախապապերը 18-րդ դարի 30-ական թվականների ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների տարիներին, տեղահանվելով Հին Բայազետի Ղարաշեն գյուղից, հաստատվել են բնակլիմայական եւ աշխարհագրական առումով իրենց հայրենիքին նման Ակունքի ներկայիս տարածքում։ Գյուղը հիմնվել է բլրի լանջին, որտեղ հոսել են աղբյուրները։ Սկզբում այն կոչվել է Ղրբուլաղ՝ 40 աղբյուր, իսկ 1938-ից վերանվանվել Ակունք։

Այժմ էլ Ակունքում հեշտ չեն ապրում։ «Հսկայական ջրերի պայմաններում տարածքի մոտ 30 տոկոսը ջրարբիացված չէ։ Կա ջրային գոտուց բարձր գտնվող մի թաղամաս, որտեղ անջրդի վարելահողեր են։ Կոլտնտեսության ժամանակ այնտեղ պոմպերով անսպառ ջուր էր մղվում։ Այժմ լուրջ խնդիր է առաջացել, քանի որ պիտի վճարվի ե՛ւ պոմպերի էներգիայի, ե՛ւ ջրի համար, որի հնարավորությունը չկա։ Միայն ստորին գոտու տնամերձերն են ջրով սնուցվում, այն էլ 200 հա։ Չունենք բարձրորակ արոտավայրեր, խոտհարքներ։ Սա ոչ թե նվնվոց է, այլ փաստ»,- ասաց Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը։ Հեշտությամբ կարելի էր նկատել, որ կովը մեկ լիտր կաթ տալու համար ստիպված էր 20 կմ քայլել։ Միայն արոտավայրերն են մոտիկ, այն էլ այս տարի «պապերից էլ չլսած» երաշտն է գործը բարդացրել։ «Կառավարությունից փոխհատուցում կլինի, թե ինչ ձեւով՝ դեռ տեղյակ չեմ, բայց առանց դրա այս տարի գյուղացին չի կարող»,- վստահեցրեց Ա. Ղարիբյանը։ Ակունքցիները մերթ դժգոհում են ջրի սղությունից, մերթ ջրի վնասից։ Պատճառն այն է, որ 2000լ/վ արագությամբ հոսող աղբյուրի ջրերի 50 տոկոսը թափվում է Սեւան, այն դեպքում, երբ կարելի է այդ ջրերն օգտագործել. «Եղած ջրհավաք կայանը չի բավարարում։ Ջրերը հեռացվում են 40-50-ականներին կառուցված եւ չվերանորոգված կանալներով։ Այդ պատճառով էլ հարակից հողամասերը վերածվել են ճահիճների։ Եթե ժամանակին դրանց վերանորոգումը պետական հոգածությամբ էր կատարվում, այսօր այն փաթաթվել է համայնքների վզին։ Եթե անգամ նորոգելու հնարավորություն լինի, նույնիսկ ջրերը փակել չենք կարող, քանի որ պետական ընդերքի հարստությունը՝ ջուրը, համայնքը չի տնօրինում։ Բազմիցս դիմել եմ կառավարություն, շուտով հարցը պիտի որ լուծվի»,- հույս ունի Ա. Ղարիբյանը։ Այս բնագավառում ակունքցիների համար միակ ուրախալի փաստը «Չայրիներ» անվամբ նոր զարգացող թաղամասում մեկ կիլոմետր երկարությամբ ջրագծի բացումն է։ 4600 բնակիչ ունեցող Ակունք գյուղն այժմ ունի մեկ միջնակարգ դպրոց, մեկ մանկապարտեզ, մշակույթի պալատ, բուժկետ, մի եկեղեցի։ Վարդենիս շրջկենտրոնի 600 տեղանոց առաջավոր մշակույթի պալատից այժմ միայն խարխուլ պատերն են մնացել։ Դրա նորոգման ծրագիր դեռ չկա, միայն գյուղապետարանը կարողացել է շենքը հիմնովին կործանումից փրկել մասնակի նորոգմամբ։ Նույնքան անմխիթար վիճակում հայտնված մանկապարտեզը եւս գյուղապետարանի միջոցներով նորոգվել է։ Ժամանակին ակունքցիները շրջանի բոլոր մեխանիկական, արդյունաբերական ձեռնարկությունների, Սոտքի ոսկու հանքերի առաջավոր աշխատակիցներն են եղել։ Այժմ 4600 բնակիչներից միայն 130-150-ն է աշխատում։ «Վերեւներում այն թյուր կարծիքն է գերիշխում, որ եթե գյուղացին ունի սեփականաշնորհված հող, ուրեմն 100 տոկոսով ապահովված է նրա զբաղվածությունը։ Այնինչ` գյուղացին տարվա մեջ նույնիսկ 3 ամիս լիարժեք չի աշխատում հողի վրա»,- զարմացած է Ա. Ղարիբյանը։ Ինչպե՞ս հող մշակել ու հարկ տալ, եթե գյուղում համապատասխան տեխնիկա չկա։ «Կոլտնտեսության ժամանակ եղել է տեխնիկական պարկ, որը սեփականաշնորհման ժամանակ յուրացվել է, մեղմ ասած` սեփականաշնորհվել։ Ուղղակի՝ սեփականատերերն իրենց գներն են սահմանել, որոնք վերահսկելի չեն եւ գյուղացուն անհասանելի»,- ասաց Ա. Ղարիբյանը։ Ակունքում հատկապես մտահոգիչ է երիտասարդների վիճակը։ «Ոչ զբաղմունք ունենք, ոչ հետաքրքրություն։ Ամբողջ օրը, մանավանդ արձակուրդներին, տանը նստած ենք»,- դժգոհեց ուսանողուհի Ալլա Սիմոնյանը։ «Մշակույթն էլ է անհասանելի դարձել ակունքցիներին, մինչդեռ ժամանակին շրջկենտրոնի բոլոր խոշոր միջոցառումները մեր մշակույթի տանն էին կազմակերպվում»,- հիշում են ակունքցիները: Գյուղապետ Ա. Ղարիբյանը հույս ունի, որ կառավարությունում գիտեն իրենց գյուղի մասին եւ Ակունքը չի արժանանա Եղեգնաձորի գյուղերից մեկի ճակատագրին, որի գոյության մասին միայն վերջերս են իմացել կառավարությունում։

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել