Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՍՊԵ՞Լ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 15,2006 00:00

Նախարարների մեջ էլ կան քյասիբներ եւ սուպերհարուստներ

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնից տեղեկություն ստանալու հարցմանն ի պատասխան, տրամադրել է ՀՀ բոլոր նախարարների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը։ Բացառություն է կազմել միայն ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը, որը նորանշանակ էր եւ նրա հայտարարագիրը չկար։ Տեղեկացնենք, որ տեղեկանքն ընդգրկում էր 2005 թ. հունվարի 1-ից մինչեւ 2006 թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածը։ Ի՞նչ ունեն մեր նախարարները, արդյոք առասպելները համապատասխանո՞ւմ են իրականությանը։

ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը համեստ միջոցներ ունի. ընդամենը 74 քմ բնակելի տարածք եւ աշխատավարձ, դրան հավասարեցված վճարումները տարեկան կազմել են 4.429863 դրամ։

Ուշագրավ է, որ նախարարը տնամերձ եւ փոխադրամիջոց չունի։ Փոխադրամիջոց չունի նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Նա ունի «4 հատ» բնակելի՝ 417,36 քմ մակերեսով եւ մեկ տնամերձ՝ 0,231 հա։ Տարեկան եկամուտը ԱՄՆ դոլարով կազմել է 55.000, ՀՀ դրամով՝ 3.005246։

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ունի 4 հատ բնակելի՝ 206,5 քմ, 2 տնամերձ՝ 0,166 հա տարածք եւ հասարակական նշանակության մեկ շինություն՝ 27 քմ մակերեսով։ Ի տարբերություն վերոնշյալ նախարարների, ունի մեկ փոխադրամիջոց՝ 2002 թ. արտադրության «ՎԱԶ-2106» ավտոմեքենա։ Անշարժ-շարժական գույք չունի։ Տարեկան եկամուտը նույնքան արդար է. 4.176897 դրամ։

Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը հայտարարագրել է մեկ հատ բնակելին՝ 250 քմ մակերեսով եւ մեկ հատ տնամերձ՝ 0,05 հա։ Անշարժ գույք չունի։ Փոխադրամիջոց չունի։ Տարեկան եկամուտը կազմել է 4.714669 դրամ։

Կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը բնակելի չունի։ Չունի շարժական-անշարժ որեւէ գույք։ Ունի միայն երկու փոխադրամիջոց՝ «Տոյոտա Պրադո» ավտոմեքենա (2003 թ. արտադրության) եւ «ՎԱԶ-21213» (1998 թ. արտադրության)։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 47.348478 դրամ։ Նույնպիսի համեստությամբ է փայլում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը. չունի փոխադրամիջոց, բնակելի, տնամերձ, անշարժ-շարժական գույք։ Ապրում է ինչպես շարքային քաղաքացիները, միայն տարեկան աշխատավարձը կազմել է 3.732025 դրամ։ Այլ եկամուտներ չունի։

Անշուշտ, ընթերցողներին հետաքրքրում են տրանսպորտի եւ կապի, պաշտպանության նախարարների, վարչապետի պաշտոնակատարի տարեկան «դվիժենիները», մանավանդ նրանց ինչքի շուրջ խոսակցությունները հավասարեցվում են ԱՄՆ եւ ՌԴ պրեզիդենտների ինչքի սանդղակին։

Անդրանիկ Մանուկյանը հայտարարագրել է մեկ հատ բնակելին՝ 58,5 քմ, ավտոմեքենան՝ «Մերսեդես Բենց» (2004 թ. արտադրության) եւ եկամուտները՝ ԱՄՆ դոլարով՝ 2.276836 եւ ՀՀ դրամով՝ 3.716448։ «Աղքատ» է եւ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը՝ արտարժույթով եկամուտ չունի, ՀՀ դրամով տարեկան եկամուտը կազմել է 10.731421։ Վերջինս ունի մեկ բնակելի 97,4 քմ մակերեսով։ Անգամ փոխադրամիջոց չունի։

ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ունի մեկ բնակելի՝ «ընդամենը» 96 քմ մակերեսով։ Տնամերձ չունի։ Անշարժ-շարժական գույք՝ նույնպես։ Նախարարն ունի «Միցուբիշի» ավտոմեքենա, էն էլ 1992 թ. արտադրության։ Հայտարարագրված է տարեկան եկամուտը՝ 35000 ԱՄՆ դոլարով եւ 17.600000 ՀՀ դրամով։ Նախարարի կինը՝ Ռիտա Սարգսյանն ունի ավելի շատ գումար իր անունով՝ $42000։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ունի 247,2 քմ մակերեսով մեկ բնակելի, հասարակական նշանակության 18 քմ մակերեսով շինություն, 2 հողամաս՝ 53,24 հա։ Փոխադրամիջոց չունի։ Տարեկան եկամուտն էլ կազմում է $321500 եւ ՀՀ դրամով՝ 3.534524։

Այս համատեքստում սառը ցնցուղ էր ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ Արամ Հարությունյանի հայտարարագիրը. նախարարը ոչինչ չուներ։ Աշխատավարձի դիմաց 0 է, չի բնակվում, չի ծախսում, բայց նախարար էր։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի պատասխանատու Շուշան Դոյդոյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ 2002 թ. օրենքի համաձայն, պարտադիր պետք է հրապարակվեին այս ցուցակները։ Ըստ նրա, 50 հազար տեղեկանքը, որը կազմում է 25 հազար էջ, չի հրապարակվել պետության միջոցների բացակայության պատճառով։ Իսկ հարկայինն էլ տրամադրում է տեղեկանքները նրանց, ովքեր ուզում են։ Ինչպես այս դեպքում՝ ԻԱ-ն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել