Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգենի «խաթրին» չեն կպչում

Օգոստոս 15,2006 00:00

5-6 տարի է՝ քաղաքապետարանը քննարկում է Արշակունյաց 44/1 շենքի բակում տեղադրված երկու թիթեղյա ավտոտնակների հարցը եւ ձեռքը չի գնում այն ապամոնտաժել:

«Երեւանի բազմաբնակարան շենքի հարեւանությամբ գտնվող 42/2 շենքի բնակիչ Գուրգեն Ավետիսյանը, արհամարհելով հանրային համակեցության տարրական սկզբունքները, Շենգավիթի  թաղապետարանի լռելյայն համաձայնությամբ, 44/1 շենքի կանաչապատ նեղլիկ բակում ապօրինաբար տեղադրեց 2 մետաղյա ավտոտնակ, դրանով ընդլայնելով իր կողմից մինչ այդ զավթած հսկայական տարածքը, որ յուրացրել էր նույն բակի հաշվին՝ սեփական բնակարանը ընդլայնելու եւ տնամերձ պարսպապատ բակ ունենալու համար: Բնակիչը այդպիսով խաթարեց բակի ընդհանուր ճարտարապետական տեսքը, բակ մտնող, արտակարգ իրավիճակների առումով կարեւոր նշանակություն ունեցող փողոցի երթեւեկությունը, ինչպես նաեւ ոտնահարեց երկու շենքերի, շուրջ 500 բնակիչների, այդ թվում երեխաների՝ ազատ տեղաշարժվելու եւ հանգստի պայմաններ ունենալու իրավունքները»,- բակի հաշվին տեղադրված հերթական ավտոտնակի թեմայով «Առավոտին» են բողոքել Արշակունյաց 44/1 շենքի բնակիչները: Նրանցից մեկի՝ Հարություն Մինասյանի ներկայացմամբ՝ տեղադրված ավտոտնակների անմիջապես հարեւանությամբ անցնում են մոտակայքի տասնյակ բազմաբնակարան շենքերը սնող բարձրավոլտ էլեկտրական մալուխը եւ կոյուղագիծը: Բնակիչները խնդրի հետ կապված բազմիցս դիմել են Շենգավիթի թաղապետարան, քաղաքապետարան, բայց մինչ օրս ավտոտնակն իր տեղում է: Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը, ի պատասխան բնակիչների բողոքների, գրել է. «Արշակունյաց 44/1 հասցեի բակային տարածքում տեղադրված երկու թիթեղյա ավտոտնակներն ունեն տարիների վաղեմություն եւ ներկայումս տվյալ տարածքում որեւէ շինարարական աշխատանքներ կամ ծառահատում չի հայտնաբերվել»: Այսինքն՝ եթե քաղաքաշինական նորմերը խախտվել են մի քանի տարի առաջ, նշանակում է՝ դրա դեմն այլեւս առնել չի՞ լինի: Բնակիչները դիմել են նաեւ նախագահի վերահսկողության ծառայությանը, որը նամակը նորից հասցեագրել է քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետին, որն էլ այս անգամ պատասխանել է. «Երկու ավտոտնակներից մեկի հարցը քննարկվել է ԵՔ վարչական իրավախախտումների գործերով հանձնաժողովի կողմից եւ ավտոտնակն օգտագործողին տրվել է մեկամսյա ժամկետ՝ ավտոտնակը վերը նշված վայրից տեղափոխելու համար, իսկ մյուս ավտոտնակի հետ կապված հարցը հանձնաժողովը կքննարկի առաջիկա նիստում»: Սա քաղաքապետարանից պատասխանել են՝ անցյալ տարվա հունիսին, բայց մինչ օրս ավտոտնակի տիրոջը տրված մեկամսյա ժամկետը «չի ավարտվել»:

Երբ բնակիչները եւս մի քանի անգամ դիմել են քաղաքապետարան ու հետաքրքրվել, թե ինչո՞ւ ավտոտնակներից գոնե մեկը չեն տեղափոխում, արդեն պատասխանը եղել է հետեւյալը. «Գործը գտնվում է դատաքննության ընթացքում»:

Շենգավիթի թաղապետին կից մշտական գործող չեզոք հանձնաժողովի (նախկինում՝ ապօրինի շենք-շինությունների կանխարգելման հանձնաժողով) նախագահ Մարտիկ Բարսեղյանի՝ «Առավոտին» տված պարզաբանմամբ. «Այդ ավտոտնակների հարցը 5-6 տարի է՝ կա, եթե քաղաքապետարանն այդ խնդիրը չի կարողանում լուծել, մենք ի՞նչ պիտի անենք: Ես, որպես իմ պարտականություն, կփորձեմ տարածքն ուսումնասիրել, տեսնել՝ կարո՞ղ եմ ինչ-որ բանով օգնել, բայց, իմ կարծիքով, դա շատ բարդ հարց է»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել