Լրահոս
Օրվա լրահոսը

Կրիմինալը համախմբվում է ՀՀԿ-ի՞ շուրջ

Օգոստոս 15,2006 00:00

Ակնհայտորեն՝ նաեւ իր նախկին գործընկեր կուսակցությանն է նկատի ունեցել ՕԵԿ նախագահը

Հայաստանում տեղի է ունենում փողի եւ զոռբայության, ուժի եւ կեղծիքի համախմբում, որի արդյունքում «կրիմինալը մտնում է քաղաքական դաշտ եւ համախմբվում հայտնի կուսակցությունների շուրջ»՝ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության երիտասարդական միության անդամների հետ հանդիպմանը, որ կայացավ շաբաթ օրը Աղավնաձորում:

Ըստ նրա՝ քրեական աշխարհի ներկայացուցիչները մուտք են գործում կուսակցություններ, «բռնությամբ, ծեծելով, ահաբեկելով փորձում են իրենց գործն առաջ տանել, օլիգարխները հարկեր չեն մուծում, փողերը հավաքում են, տալիս ժողովրդին, որ քվեներն առնեն»։ Ստվերային տնտեսության ծավալները աճում են, խոշոր հարկատուների կողմից վճարվող հարկերի ծավալները՝ նվազում։

ՀՀԿ-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի անդամակցությանը խորհրդարանի նախկին խոսնակը սովորական է վերաբերվում, քանի որ, ըստ նրա, գաղտնիք չէ, որ Սարգսյանը ստվերում միշտ էլ սատարել է Հանրապետական կուսակցությանը, ուստի բաց, թափանցիկ քաղաքական դաշտ տեղափոխվելը ճիշտ է, քանի որ ՕԵԿ-ը միշտ էլ կողմ է եղել ոչ թե ստվերային, այլ հրապարակային գործունեությանը. «Շատ լավ է, որ տեղի է ունենում բաց գործընթաց, որ մարդիկ տեսնում են, որ ոչ թե ստվերային միջոցներով են կուսակցություններին աջակցում, այլ՝ բաց: Հիմա Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի նախագահն է, կուսակցությունն ունի երկու նախագահ, եւ առաջիկայում հրապարակային քաղաքական դաշտում կոնկրետ երեւույթների եւ իրադարձությունների վաղվա զարգացումների շուրջ մենք մեր հստակ դիրքորոշումը կարտահայտենք»:

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ «Օրինաց երկիր»-ը վերսկսում է ակտիվ քաղաքական գործունեությունը եւ այն կծավալի ընդդիմադիր դաշտում: ՕԵԿ նախագահը տեսնում է մասնավորապես համագործակցության երկու ուղի՝ կուսակցությունը պատրաստ է համագործակցել քաղաքական այն կառույցների հետ, ովքեր ընդունում են ՕԵԿ գաղափարախոսությունն ու մոտեցումները եւ պատրաստ են միավորվել ու ծավալել համատեղ աշխատանքներ։ Հաջորդը կարող է լինել տարբեր կուսակցությունների հետ կոնկրետ խնդիրների շուրջ համագործակցությունը։ Նշվեց, որ կուսակցությունն արդեն սկսել է քաղաքական երկխոսությունը եւ պարբերաբար քաղաքական շփումների մեջ է տարբեր կուսակցությունների հետ, որոնցից մի քանիսի հետ հնարավոր է առաջիկայում համագործակցել. «Մեր երկիրը, հասարակությունը փոփոխություններ են ակնկալում, եւ բոլոր այն ուժերը, որոնք պատրաստ են իրենց նեղ անձնական շահերը դնել մի կողմ եւ համագործակցել հանուն այդ փոփոխությունների՝ մենք պատրաստ ենք»:

Միաժամանակ, Արթուր Բաղդասարյանի խոսքերով, ՕԵԿ-ը կուսակցությունների հետ այսօրվա դրությամբ քննարկում չի ունեցել դաշինք կազմելու շուրջ: Կոալիցիայից դուրս գալուց հետո կուսակցության շարքերը համալրվել են 15 հազար նոր անդամներով, որոնք, «Օրինաց երկիր»-ի նախագահի բնորոշմամբ՝ «ուղղակի ցուցակներ չեն», ինչպես «մյուս հայտնի» կուսակցությունների պարագայում է: Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում Արթուր Բաղդասարյանը նաեւ հայտարարեց, թե ստեղծված իրավիճակում որոշ գործիչներ եւ ուժեր իրենց ապագան տեսնում են «գռփելու եւ թալանելու մեջ», իսկ «Օրինաց երկիրը» Հայաստանի ապագան կապում է երիտասարդների հետ, որոնք «պետք է պայքարեն լավ երկիր ունենալու համար»։

ՕԵԿ Երիտասարդական միության անդամներով եւ համախոհներով լեփ-լեցուն հանդիպման ժամանակ երիտասարդները շարունակ վանկարկում էին «Օրինաց» եւ ջերմ ծափահարություններով ողջունում Արթուր Բաղդասարյանի, կուսակցության խորհրդի անդամներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի ելույթները։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել