Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի նկարիչները տնանկ են

Օգոստոս 14,2006 00:00

Ստեղծագործական միությունների ունեցվածքի թալանի ու չարդարացված օտարումների թեման կարծես սպառվելու ցանկություն չունի:

Չունի, որովհետեւ տեւական ժամանակ այս միությունները յուրատեսակ պատնեշներ են դրել իրենց եւ հրապարակայնություն հասկացության միջեւ, պարտակելով բազմաթիվ անօրինականություններ, տասնամյակներով ձեւավորված ունեցվածքի կորուստներ: Եթե չեն լռում խոսակցությունները Թատերական գործիչների միության ունեցվածքի կորուստների շուրջ, ապա նկարիչները լռում էին՝ չցանկանալով հանրությանը «վերադարձնել» միության էքսնախագահ Պողոս Հայթայանի անվան շուրջ ստեղծված սկանդալային պատմությունները: Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դրել: Ինչպես ասում են իմաստունները, քանի որ դատական նիստեր են եղել, որոշումներ ու վճիռներ են կայացվել… Գյումրիում, սակայն ոչ վճիռներն են եղել, ոչ էլ կատարվածին գնահատական է տրվել: Ինչպես «Առավոտին» տեղեկացրին գյումրեցի արվեստագետները, չնայած Նկարիչների միության մարզային կազմակերպության նախագահ, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը քիչ չի վրդովվել ու անհանգստացել, վիրավորվել է, որ արվեստի քաղաք հռչակված Գյումրիում նկարիչները տնանկ են դարձել, կորցրել են միության բաժանմունքի շենքն ու քաղաքային պատկերասրահը:

Ժամանակին հրապարակումներ են եղել այն մասին, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իսկական մշակութաջարդ է իրականացնում քաղաքում, որ քմահաճորեն վաճառում է մշակութային օջախներն ու դրանց տարածքները: Դարձյալ մեզ հետ զրուցած արվեստագետները տեղեկացրին, «ո՞ւմ մտքով կանցներ, որ այս գործում քաղաքապետին սատարել էր Հայաստանի նկարիչների միության էքսնախագահը, Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիրը, ընդ որում, Գյումրիում մի քանի քանդակներ տեղադրած արվեստագետը՝ Պողոս Հայթայանը»: Մեզ հետ զրուցած արվեստագետների փոխանցմամբ, այժմ Գյումրին լցվել է անճաշակ, ճշմարիտ արվեստի հետ կապ չունեցող քանդակներով, որոնց բոլորի պատվիրատուն ու «մասնագետ-գնահատողը» քաղաքապետն է: Հենց այս քաղաքապետն էլ մի քանի տարի առաջ ցանկացավ, որ Գյումրիի Անկախության հրապարակում Լենինի արձանի թափուր մնացած պատվանդանին այլ արձան տեղադրվի: Գաղափարը, իհարկե, գովելի էր, իսկ արձանի համար անցկացված մրցույթը՝ խայտառակ: «Հիմա գյումրեցիներից շատերս, հատկապես արվեստագետներս, վախեցած ենք անցնում 2002թ. պապիկի պատվանդանին տեղադրված «Հայուհի» կոչվող դեգեներատ պղնձաձույլի կողքով: Հենց այս արձանն էլ դարձավ պատուհաս նկարիչներիս համար»,- ասացին գյումրեցի արվեստագետները: Մեր խնդրանքին՝ մանրամասնել ասածը, նրանք փոխանցեցին հետեւյալը. «Ժամանակին քաղաքապետարանը արձանի համար նախնական գին էր սահմանել՝ 35 հազար ԱՄՆ դոլար: Ինչ խոսք, սա չնչին գին է մոնումենտալ գործի համար»: Գյումրեցիները տեղեկացրին նաեւ հետեւյալը. «Հրաժարվելով հոնորարից, քանդակագործ, Գյումրիի բաժանմունքի նախագահ Արտուշ Պապոյանը խնդրել է քաղաքապետին փոխարենը իրեն տալ պատկերասրահի շենքը, բաժանմունքի տարածքն ու ցուցասրահը: Շռայլ քաղաքապետն էլ 200 հազար դոլար արժեք ունեցող կառույցն ու տարածքը քանդակագործին վաճառել է 35 հազար դոլարով՝ այս տարօրինակ գործարքը գաղտնի պահելով նկարիչներից ու հարկային մարմիններից: Կատարվածի մասին իմացանք միայն 2004թ., սակայն ոչ դատարան, ոչ էլ դատախազություն գնացինք՝ չվստահելով այդ մարմիններին: Պարզապես 2004-ին պատժեցինք մեր նախագահին՝ ազատելով իրեն մեզ ղեկավարելու պարտականություններից»,- նշեցին նկարիչները: Վերջում մեր զրուցակիցները կեսկատակ-կեսլուրջ ասացին՝ «ի՞նչ է էղել օր, հիմի քաղաքագլուխն ու Պապոյանը քեֆ կենեն, առաջինն իր եղբոր կողմից սեփականաշնորհված այգու «Օազիս» ռեստորանում, երկրորդն էլ իր համար բիզնես-կենտրոն շինած նախկին պատկերասրահում ու Նկարիչների միության էլի նախկին բաժանմունքում»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել