Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր էր հայցվորը «հեղափոխությունից» առաջ

Օգոստոս 14,2006 00:00

Հերթական սթարը քաղաքացու իրավունքն է փորձում խլել

Երկու օր առաջ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում քննության դրվեց «Հենզսթար» ՍՊԸ-ի հայցը։ Վերջինս պատասխանող է ճանաչել Դ. Անհաղթի 19/1 շենքի 26 բնակարանի բնակիչ Վանիկ Աթաբեկյանին եւ անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանմանը։ ՍՊԸ-ն վիճարկում է 1998-ին սեփականաշնորհված քաղաքացու ավտոտնակի վկայականը։ ՍՊԸ-ն պնդում է, որ երկու տարի առաջ իրեն սեփականաշնորհված ավտոտնակի տարածքն ավելի օրինական է։ «Նշված ավտոտնակը կառուցելիս Վ. Աթաբեկյանն օգտագործել է «Հենզսթարի» շինության պատը», շարադրել էր ՍՊԸ-ն իր հայցադիմումում եւ ապա շարունակել. «Չկա նշված պատն օգտագործելու համար Վ. Աթաբեկյանին հայցվորի կողմից տրված համաձայնություն»։ Նշենք, որ քաղաքացին վիճարկվող ավտոտնակը կառուցել է 1985-ին եւ վերակառուցել 1987-ին։ Այնպես որ, երկու տարի առաջ ի հայտ եկած հերթական սթարին չէր կարող դիմել, ստանալու չեղած ՍՊԸ-ի չեղած հայտարարությունը։ «Հասարակական նշանակությամբ շինության» տերերը հեռուն գնացող պահանջ էլ են դատարանին ներկայացրել, այն է. «պահանջում ենք, որ քաղաքացին իր միջոցներով անջատի ավտոտնակը հայցվորի շինությունից»։

«Օմեգա» գիշերային սթրիփ-բարի, «Սթար» սուպերմարկեթների ցանցի տերերի դեմ նամակով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանն են դիմել վերոնշյալ շենքի բնակիչները։ Բանն այն է, որ ընդհանուր օգտագործման տարածքում, շենքից 3-4 մ հեռավորության վրա աճել են օդակարգավորիչ սարքերի համակարգեր։ 24-ժամյա աղմուկը հնարավորություն չի տալիս լսել անգամ կողքինիդ, հանգիստ զգալ տանը։

Մենք երեկ եղանք տեղում։ Տեղեկացանք, որ քաղաքապետի 1998 թ. հոկտեմբերի 2-ի 756 որոշմամբ, հիմք ընդունելով «Ինքնակամ կառույցների կարգավիճակը որոշող հանձնաժողովի» դրական եզրակացությունը, ճանաչվել է թվով 136 քաղաքացիների սեփանակության իրավունքն ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ։ Սակայն պարզվում է, որ սեփականացրած կառույցի տերն ապահովագրված չի եղել, քանի որ 20 տարի հետո ի հայտ եկած կազմակերպությունը ոչ միայն փորձում է խլել քաղաքացու միջոցներով կառուցված, այդքան տարիներ տնօրինած կառույցը, այլ դատարան է դիմել, գտնելով, որ նշված ավտոտնակը կառուցելիս քաղաքացին օգտագործել է իր պատը։ Իսկ Սահմանադրությունը հաճախ վկայակոչող մեր պետական այրերը սիրում են ցիտել սեփականության անձեռնմխելիության իրավունքի եւ դրա պետական երաշխավորության մասին։ Դե արի ու դրան հավատա։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել