Այսօր ավարտվում ենբուհական ընդունելության քննությունները
Երեկ փորձեցինք պարզել դիմորդների տպավորությունները քննությունների ողջ ընթացքից: Նրանցից շատերը խուսափում էին ներկայանալ, ոմանց էլ ծնողները չէին թույլ տալիս. «Եթե ընդունվելուց հետո դասախոսները երեխայի ասածները հաշվի առնեն ու սկսեն նեղե՞լ»,- «Առավոտին» ասաց ծնողներից մեկը: Նրանք պատմում էին, որ թեեւ քննությունները բավականին խիստ մթնոլորտում են անցնում, սակայն «լավ պարապածները հաստատ վախենալու առիթ չունեն»: Վերոնշյալ կարծիքը չէին կիսում այն դիմորդները, որոնց գրավորները, ըստ իրենց, սխալ էին գնահատված. «Ես քննության պրոցեսից բոլորովին էլ չեմ վախենում, որովհետեւ վստահ եմ իմ գիտելիքների վրա, սակայն երբ վերցրի անգլերեն գրավորի իմ տետրն ու տեսա, որ մի ստորակետի համար գնահատականս իջեցվել է, բարկությունից չգիտեի ինչ անել, քանի որ գիտեի, որ անգլերեն գրավորում կետադրական սխալների համար ոչ մի միավոր չեն հանում»: «19» բալ էի ստացել, դրա համար էլ չբողոքարկեցի, բայց հաջորդ քննություններիս ժամանակ սկսեցի վախենալ: Մաթեմատիկայիս քննությունը նույնպես սխալ էր գնահատված ու եթե իմ խիստ դասախոսը ստուգելով գրավորս ասաց, որ ամենաքիչը «19» միավոր կարող եմ վաստակել, ինձ «16» էին նշանակել, այս անգամ բողոքարկեցի եւ ընդամենը 0,5 բալ բարձրացրին: Ասացին, որ ընդամենը մի խնդրի մեջ ստուգողը վրիպել է, բայց չէ որ այդ վրիպակը ինձ համար կարող էր ճակատագրական լինել»,- ասաց Երեւանի տնտեսագիտական համալսարան դիմած դիմորդներից մեկը:
Մաթեմատիկայի հանձնաժողովի նախագահ Աղավարդ Խաչատրյանը հայտնեց, որ աօյս առարկայից բողոքարկողների թիվը անցյալ տարվա համեմատ երկու անգամ նվազել է, իսկ գնահատականները բարձրացվել են հիմնականում «0,5», երբեմն էլ՝ «1» բալով: Նա նշեց, որ 2 անգամ գնահատականը բարձրացվել է «2,5» բալով, դրանք հիմնականում տեխնիկական վրիպումներ են եղել, քանի որ խնդիրը շատ մանր տառերով էր գրված եւ ստուգողը այն չի նկատել:
Ինչպես միշտ, դիմորդները փորձել են օգտվել ծածկագրերի ժամանակակից եւ ավանդական տարբերակներից, սակայն երբեմն դրանք նկատել են պատասխանատուները, դադարեցրել են քննությունը կամ խիստ նկատողություն են արել տվյալ դիմորդին: Եթե առաջ ծածկագրերը պատրաստվում էին փոքր թղթերի օգնությամբ, ապա այժմ քննական հարցերի պատասխանները դիմորդը ստանում է բջջային հեռախոսի կամ այլ ժամանակակից սարքերի օգնությամբ: (Ի դեպ, «Նոկիայից» օգտված մեկ դիմորդ հեռացվել է քննասենյակից.- խմբ.)։ Ոմանք էլ հարցերի պատասխանները փորձում են ստանալ կողքի դիմորդից: «Մեր քննության ժամանակ շատերս էինք իրար օգնում՝ հաշվի առնելով, որ բոլորս էլ նույն կարգավիճակում ենք՝ փորձում էինք դա առավելագույնս ծածուկ անել: Մեզ նկատած «հսկիչ պատասխանատուները» քննությունը չէին դադարեցնում եւ մեզ քննասենյակից դուրս չէին հանում, բայց փոխում էին մեր տեղերը»,- պատմեց մաթեմատիկայի քննություն հանձնած աղջիկը:
Որոշ դիմորդներ բողոքում էին նաեւ «Հայոց լեզվի» բանավոր քննությունից: «Երբեմն դեռ բերանը չբացած` դիմորդը գնահատական է ստանում եւ դուրս գալիս, երբեմն էլ հանձնաժողովի անդամներն իրենց հարցերով ուղղակի քրքրում են մեզ»,- նշեց բանավոր քննություն հանձնած դիմորդներից մեկը: Սակայն մեկ այլ դիմորդ ասաց հակառակը. «Ես իմ «14» բալը վստահաբար կարող եմ նշել, որ արդար եմ վաստակել: Ինձ շատ նորմալ են հարցաքննել»: Իսկ Հայոց պատմություն հանձնած դիմորդներից մեկն էլ, որն ըստ դասախոսի պետք է «12-13» ստանար, ընդամենը «8» միավոր էր ստացել. «Անպայման պետք է բողոքարկեմ, բայց պարզ գիտակցում եմ, որ դժվար թե մի քանի միավոր բարձրացնեն»:
ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
Հ. Գ.- Ճարտարագիտական համալսարանի դիմաց ծնողները երեկ լուծում էին հետեւյալ խնդիրը. «Գյուղացին ունի խոզ եւ հավ։ Նրանց ոտքերի թիվը 22 է։ Քանի՞ խոզ եւ հավ ունի գյուղացին»։ Ծնողներից շատերն այնքան էին հուզված, որ խոզերի 4 ոտքը 5 էին «գնահատել», հավերինը «անցողիկ» միավորով` «բավարար»։