Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻԲԻԶՆԵՍԻՆ ԱՉՔ ՈՒՆԵ՞Ն

Օգոստոս 14,2006 00:00

Ինտերնետային կապի մենատեր դառնալու համար, ըստ պրովայդերների, «ԱրմենՏելն» իրենց ուզում է արանքից հանել

Արդեն երկու շաբաթ է՝ Հայաստանում ինտերնետային կապի որակը վատացել է: «ԱրմենՏելը» խնդիրը բացատրում է Սեւ ծովի հատակում մալուխի վնասվածքով: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ժամանակ առ ժամանակ զրկվում է ինտերնետից, եւ «ԱրմենՏելը» միշտ նույն պատճառաբանությունն է տալիս: Թե ինչու են հունական ընկերության մալուխներն այդքան շուտ-շուտ վնասվում, կամ վնասվո՞ւմ են արդյոք՝ ոչ ոք չի կարող ասել: «ԱրմենՏելի» մալուխների «մաշվածությունը» եւ մեր երկրում ինտերնետային կապի որակի վատթարացումը ինչ-որ կերպ կապ ունի ընկերության եւ Հայաստանում ինտերնետ ծառայություն մատուցող պրովայդերների հարաբերությունների հետ: Պարզվում է՝ «ԱրմենՏելը» պրովայդերների հետ, մեղմ ասած՝ «թարսվել» է ու հեռահար նպատակներ ունի՝ նրանց շուկայից դուրս մղելու: Երբ ինտերնետ կապ չի լինում, սպառողն անմիջապես սկսում է նեղել պրովայդերին, քանի որ նրան է վճարում: Պրովայդերն էլ, որից տվյալ դեպքում ոչինչ կախված չէ, ամեն անգամ «ԱրմենՏելի» վնասված մալուխների պատճառով հաճախորդ է կորցնում կամ առնվազն ստիպված է լինում մանրամասն իր ու «ԱրմենՏելի» ամբողջ դարդուցավը հաճախորդին պատմել: Օգոստոսի 4-ից հետո, երբ Սեւ ծովում մալուխ էր վնասվել, ինտերնետից օգտվող շատ հաճախորդներ, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատունը, իրենց դժգոհությունն են հայտնել պրովայդերներից մեկին՝ «Արմինկոյին», որն այդ շուկայում գերիշխող է: «Այս երկրում ինտերնետի քավորն «ԱրմենՏելն» է, խաղի կանոններն էլ ինքն է մշակում: Նա չի կարողանում աշխատել պրովայդերների հետ: Էն, ինչ մենք ենք հիմա անում, նույնը իրենք կարող էին անել, գծեր քաշել, օֆիսներ դնել, բայց չեն արել ու չեն էլ թողնում մենք անենք: Մենք «ԱրմենՏելի» հետ մինչեւ հիմա չենք կարողացել շփման մի եզր գտնել»,- «Առավոտի» հետ զրույցում խնդիրն այսպես բացատրեց «Արմինկոյի» գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը: Ըստ նրա, հունական ընկերությունը պրովայդերներին շնչելու տեղ չի թողնում, իր «ռամկաների» մեջ է պահում. «Ռամկաները դեռ լավ է, ավելի բեթար: Մենք ընդունել ենք, որ մոնոպոլիան իրենց ձեռքում է, ճար չունենք, յոլա ենք գնում, բայց արդեն հասել է էն վերջին բաժանվելու պահը, երբ էլ նրանց տանել չի լինում»: Թե ինչու են պրովայդերներն այդքան լարվել «ԱրմենՏելի» հետ, այն էլ մի այնպիսի պահին, երբ ընկերությունն ուր-որ է հեռանալու է մեր երկրից՝ պարոն Ալեքսանյանի ներկայացմամբ՝ ամեն ինչ շատ վաղուց է սկսվել. «Երբ մենք մեր կապը ծախեցինք հույներին, բնականաբար` նախ մեր պայմանները թելադրեցինք, ասինք՝ ինչ պետք է իրենք անեն, հույներն ասեցին՝ չէ, քանի որ մենք մոնոպոլիայի տերն ենք, ոնց կուզենք՝ ըտենց էլ կանենք: Ես խղճիս առաջ չեմ ուզում ասել՝ իրենք ոչինչ չեն արել, բայց արել են այնքան, որը շատ քիչ է: Հիմա եկանք տուպիկի առաջ. երբ գնում ենք իրանց հիմնարկ, ասում ենք՝ մենք մի օֆիս ենք բացել, մեզ պետք է 20 հատ հեռախոս, ասում են՝ չենք կարող տալ: Ինչի՞ չեն կարող՝ ոչ մի պատճառաբանություն չկա: Տալիս են մեզ գործիքներ, որոնցից մեկի պոչը չկա, մեկը ներկած չի, մեկը ծուռ ա, ոնց ուզում ես՝ աշխատի, չէ՝ գնա քո համար կոշիկ կարի, ուրիշ գործով զբաղվի: «ԱրմենՏելը» մի հատ հիվանդ երեխա ունի՝ «ԱրմենՍելլը», իրեն տվել են լիքը հնարավորություն, մեզ չեն տալիս, ռայոնի զանգերը մենք 20 դրամով էինք անում, իրենց համար ձրի էր, անհավասար պայմաններ էին: Մենք փոքր ենք, թույլ ենք, մենք պիտի ավելի պահանջկոտ լինենք, որովհետեւ եթե մենք չպահանջենք՝ մեզ կուտի-կպրծնի «ԱրմենՏելը»: Պատասխանատվություն է վերցրել՝ պիտի բարի լիներ ամեն ինչի մասին լավ մտածեր, հո չտալով չի: Դե պատկերացրեք՝ մի կազմակերպություն, որ տարին մի հատ դիրեկտոր փոխի: Մի դիրեկտորը մյուսի համար չի ուզում պատասխան տա, մինչեւ մեկին հասկացնում ես, գնում-գալիս ես, փոխվում ա»:

Բոլոր պրովայդերներն էլ հավաստիացնում են, որ Հայաստանում չնայած ինտերնետային կապի որակը շատ վատ է, այն նաեւ շատ թանկ գնով է վաճառվում: Ըստ երեւույթին, «ԱրմենՏելին» պետք է ձեռնտու լիներ թանկ գներով կապ տրամադրել պրովայդերներին: Մեր այս դիտարկմանը պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Էն իզի քարտերը հիշո՞ւմ եք, իզի քարտ ունենալը մեր մոտ դառել էր պրիստիժի խնդիր, էդ ո՞վ կարողացավ մտածել, որ շուկայում լինի կոնկուրենցիա: Դա ձեռնտու էր, չէ՞ ինչ-որ մարդկանց, իրենք ուզում էին փող աշխատել: Նույնն էլ ինտերնետի դեպքում է: Պատճառը տնտեսական է, այսինքն՝ եթե մի բան կարելի է արհեստական պրոբլեմ դարձնել, դեֆիցիտ, որի արդյունքում գինը բարձրանում է արհեստականորեն, ինչի՞ չանել, իսկ մենք այլընտրանք չունենք, մենք ունենք ինտերնետի կարիք: «ԱրմենՏելը» մանրից ուզում է մեզ դաշտից քցի, ուզում է շուկան փչացնի, մեզ ստեղից ֆըշտ անի ու ինքը էդ գործով զբաղվի»:

Ստացվում է՝ որ ընկերության մալուխներն օրումեջ վնասվում են՝ դա ընդամենը միտումնավոր խաղ է՝ պրովայդերների հացին «վայիս» լինելու: Ըստ Անդրանիկ Ալեքսանյանի, «տեսականորեն պատկերացնենք՝ իրոք, էդ մալուխը կտրվել է, նավ է անցել, չգիտեմ՝ ակուլեն է կերել, հնարավոր է, բայց դա պատճառաբանություն չի, դա հարցի մի կողմն է, թող երկրորդ, երրորդ գիծն ունենար, թող մի բան մտածեր, դա ընդամենը առիթ էր, մենք վճարում ենք էնքան, ինչքան ինքը ուզում է, բայց չի մատուցում էն, ինչ մեզ պետք է, ուրեմն 15 օր Հայաստանը պետք է ինտերնետ չունենա՞, անտերուդուս մնանք էդ մի գծի հույսի՞ն, անհարմար է»:

Ինչպես «Արմինկոյի», այնպես էլ մյուս պրովայդերների խնդիրն անորոշությունն է. «Մենք չգիտենք՝ ինչ է լինելու մեր վերջը, օֆիս ենք բացել, ռեսուրսներ ենք ծախսել, էսքան թվային հեռախոս ունենք, ցանց, եթե մեզ կապ չեն տալու, գոնե իմանանք ինչ պիտի անենք՝ ծախենք գնանք կոշիկ կարենք»,- ասաց Ա. Ալեքսանյանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել