Պետական ծառայողի էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահը դժգոհում է Մարդակերտի համար հավաքված գումարների ճակատագրից:
ԼՂՀ նախագահին առընթեր այս հանձնաժողովի նախագահ, «Ինչ անել» թերթի խմբագիր Մուրադ Պետրոսյանը պարբերականի վերջին համարում խոստովանել է, թե քիչ էր մնում խելքը թռցներ, երբ տեղեկացավ, որ մինչ այժմ որեւէ աշխատանք չի տարվել ողջ աշխարհում գովազդված՝ ԼՂՀ Մարդակերտի շրջանի վերականգնման ուղղությամբ. «Ինչպե՞ս է դա հնարավոր, հայտարարել գումարների հավաքում մի որոշակի տեղանքի բարեկարգման համար, եւ հավաքելով 5 մլն դոլար՝ ոչ մի գործ չանել ու չկառուցել գոնե մի պատ՝ ամբողջ 8 ամսվա ընթացքում: Ինչպիսի անտնտեսվարություն, անվերահսկելիություն, սեփական գործերով տարվածություն էլ չտիրի Հայաստանում, նաեւ Ղարաբաղում՝ անձնապես ինձ համար, որ տեսել է ամեն տեսակ գարշելի բաներ՝ ուժից վեր է նման բան պատկերացնելը»:
Հետո Պետական ծառայողի էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահը նշում է, թե մարդիկ, որոնց վստահվում է համազգային փողերի հավաքումը, պահպանումը եւ բաշխումը՝ «պետք է լինեն ազգի ամենավաստակավոր, հարգելի եւ բարոյապես հեղինակավոր մարդիկ»: Եվ հայկական ղեկավարությանը հիշեցնում է հրեաների բարեգործական կազմակերպությունների փորձը, որոնց «մեկ օրում հաջողվում է ավելի շատ փող հավաքել, քան հայերին՝ ամբողջ տարում: Ահա թե ինչ է նշանակում առանցքային պաշտոններին նշանակումներում անտեսելը մարդկանց, ովքեր ունեն բարոյական հեղինակություն, պատասխանատվության զգացում եւ կազմակերպչական տաղանդ»: Մուրադ Պետրոսյանը նաեւ անվանական է քննադատել. «Իսկ եթե տիկին Նաիրա Մելքումյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն ունենար վերոհիշյալ հատկությունները՝ մի՞թե նա կկարողանար երկար 8 ամիսների ընթացքում հանգիստ նստել 5 մլն դոլարի վրա, որն ունի որոշակի հասցեատեր: Խղճմտանք ունեցող եւ ազնիվ մարդուն դրանք կծակոտեին փշերից էլ վատ, եւ ոչ թե ուրիշ տեղ, այլ հենց սի՛րտը»:
Լրագրողի հարցին, թե ի՞նչն է հապաղման պատճառը, տիկին Նաիրան պատասխանել էր. «ԼՂՀ կառավարությունը միայն ապրիլին ներկայացրեց ջրամբարի կառուցման ծրագիր, իսկ մեզ հարկավոր է 40 օր՝ մրցույթ անցկացնելու համար»: ԼՂՀ նախագահին առընթեր հանձնաժողովի նախագահը նշում է. «Մինչ օրս էլ մրցույթն ավարտված չէ»:
Իսկ վերջում նշել է, թե անարդար կլիներ «Մարդակերտի շրջանի վերակառուցման նկատմամբ նման անճոռնի, վերին աստիճանի անպատասխանատու մոտեցման համար մեղավոր դարձնել Նաիրա Մելքումյանին: Նախ, առաջին հերթին մեղավոր է նա, ով նրան նշանակել է այդ պատասխանատու պաշտոնին: Հետո, այս վիճակի համար ոչ պակաս մեղավոր են ինչպես ԼՂՀ իշխանությունները՝ նախագահ Արկադի Ղուկասյանի ղեկավարությամբ, այնպես էլ՝ ՀՀ իշխանությունները եւ առավել եւս՝ Ռոբերտ Քոչարյանը, որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ… Մի՞թե նրանք մոռացել են, որ շուտով էլի տուրք են հավաքելու՝ Շուշիի եւ Հադրութի համար… Այս վերաբերմունքը ազգովի հավաքած փողերի հանդեպ, որը գործադրվում է մեզանում՝ այլ կերպ, քան սրբապղծություն, չես անվանի»:
Ա. Ի.