5-րդ միջազգային Բիենալեի արտասահմանցի հյուրերը պատրաստվում են աշխարհին պատմել հայերի արտասովոր հյուրընկալության մասին:
Արդեն տասը տարի է՝ Գյումրին հայտնի է որպես Բիենալեի միջազգային կենտրոն. երկու տարին մեկ այստեղ հավաքվում են ավանգարդ, ազատ մտածելակերպ ունեցող արվեստագետներ՝ յուրատեսակ աշխուժություն հաղորդելով մեռած քաղաքին: Շաբաթ օրը հերթական Բիենալեն՝ «Ծով, երազանքներ, պատրանքներ» խորագրով սկսվեց Գյումրիի ժամանակակից արվեստի «Ստիլ» պատկերասրահում, Ասլամազյանների տուն- թանգարանում եւ նորակառույց «Զիգզագ» խանութում: Իսկ թե ինչու Հայաստանի քաղաքներից որպես ժամանակակից արվեստի ցուցադրման կենտրոն ընտրվել է ավերակ Գյումրին, ըստ կազմակերպիչներից մեկի՝ Ժնեւի բնակիչ Մարի Սահակյանի. «գյումրեցիների հետ անհրաժեշտ է խոսել այնպիսի թեմաներից, որոնք մոռացության կմատնեն երկրաշարժը»: Նրա մեկնաբանելով, ամենեւին էլ պատահական չէ, որ, օրինակ, Հունաստանի Սալոնիկ քաղաքում ժամանակակից արվեստի կենտրոնը հիմնադրվել է 70-ական թվականների երկրաշարժից անմիջապես հետո:
Այս տարի Գյումրիի Բիենալեին հայտնվել են նաեւ նոր երկրներ՝ Բրազիլիան, Էկվադորը, Պորտուգալիան, Իրանը, Շվեյցարիան, Թուրքիան: Իսկ ի՞նչ սկզբունքով են ընտրվում արվեստագետները: Բիենալեի համադրող Արփի Թոքմաջյանի ասելով` արտերկրի արվեստագետներից շատերին ընտրել է անձամբ՝ այցելելով նրանց երկրներ ու ծանոթանալով նրանց գործերին։
«Առավոտը» առաջին անգամ Հայաստանում գտնվող մասնակիցներից հետաքրքրվեց, թե ի՞նչ տպավորություն են ստացել մեր երկրից: Թուրք արվեստագետ Էլմաստը անկեղծորեն խոստովանեց, որ Հայաստանը իրեն շատ է դուր եկել: «Ես ընդամենը եղել եմ Երեւանում, Գյումրիում ու Սեւանա լճի ափին, բայց կարծում եմ, որ հաճելի երկիր է. հայերն էլ որոշակի նմանություններ ունեն թուրքերի հետ: Ես հայերեն չգիտեմ, բայց երբ սկսում են խոսել միմյանց հետ, հասկանում եմ: Բիենալեին ներկայացրել եմ 20 թուրք արվեստագետների, այդ թվում նաեւ իմ գործերը՝ video-art-ի շրջանակներում»,- ասաց Էլմաստը: Իսկ Բիենալեն կնպաստի՞ հայ- թուրքական սահմանի բացմանը դիտարկմանը, թրքուհին պատասխանեց. «Կարծում եմ, արվեստը չի տեղավորվում քաղաքականության մեջ, բայց կարող է օգնել: Եվ միայն արվեստը չէ, որ պիտի նպաստի սահմանների բացմանը, օրինակ, եթե ամիսներ առաջ Հայաստան գալու համար պետք է իջնեիր Վրաստանում կամ մոտակա այլ տարածքում, այժմ հեշտությամբ կարելի է ուղղակի Ստամբուլից թռչել Երեւան, սա մեծ առաջընթաց է: Մշակույթը հարեւան երկրների ժողովուրդներին մոտեցնում է»:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ